Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում ավարտվեց լողի Հայաստանի առաջնությունը:
Բոլոր լողաոճերի տարբեր մրցատարածություններում հարաբերությունները պարզեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 120 լողորդներ: Այս առաջնությունը նախորդներից առանձնացավ ոչ միայն մասնակիցների ավելի մեծ թվաքանակով, այլեւ լողորդների ցույց տված արդյունքների ընդհանուր առաջընթացով: Գրանցվեց հանրապետության մեծահասակների՝ երեք եւ պատանիների՝ մեկ ռեկորդ, Մոնիկա Վասիլյանին շնորհվեց միջազգային կարգի սպորտի վարպետի, իսկ Արթուր Բարսեղյանին՝ սպորտի վարպետի կոչում:
Լողի հայկական դաշնության նորընտիր նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, որը նաեւ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի տնօրենն է, Գյումրիի եւ Վանաձորի լողորդների համար մրցումների ընթացքում Երեւանում անվճար բնակվելու եւ սնվելու միջոցներ էր հայթայթել: Նա առաջնության ընթացքում նաեւ դաշնության խորհրդանշանով միանման մարզազգեստներ նվիրեց հավաքականի բոլոր անդամներին եւ մարզիչներին:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մեսրոպյանն ասաց, որ ինքը շատ լավ է պատկերացնում տեղերում թե մարզիչների եւ թե հատկապես լողորդների սոցիալական դժվարությունները: «Գաղտնիք չէ, որ մարզիկն արդյունքները բարելավել կարող է միայն մրցումների մասնակցելով եւ մարզական բարձր կալորիական սնունդ ստանալով: Այս առաջնությունը մեր լողորդներից շատերի համար այս ճանապարհի առաջին քայլն է: Եվ առաջինի եւ երկրորդի բացակայության դեպքում լողորդը, որքան էլ օժտված լինի, կդոփի տեղում: Ես այս մարզաձեւի ղեկավարումը ստանձնելով իմ առջեւ նպատակ եմ դրել հնարավորություններիս ներածի չափով նպաստել լողի զարգացմանը Հայաստանում: Ծրագրեր եւ աշխատանք շատ կա, բայց պետք է փորձենք աստիճանաբար լուծել եղած խնդիրները», – ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովսեփ Մեսրոպյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: