Հյուսիսային Կալիֆորնիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 33 անձանց դեմ, որոնց մեծ մասը հայեր են: ԱՄՆ-ի հետաքննությունների ազգային բյուրոյի հրապարակած հաղորդագրությունում գործը բնորոշվում որպես «համազգային դավադրություն»: Որպես հիմնական դերակատարներ նշված են հայազգի 45-ամյա Արա Կարապետյանի, 29-ամյա Միհրան Ստեփանյանի և 38-ամյա Արթուր Ստեփանյանի անունները` առնվազն 18 այլ անձանց հետ:
Նրանք մեղադրվում են չլիցենզավորված դեղերի վաճառքի, անհատական տվյալների գողության, պատվիրված մահափորձի, բանկային խարդախության և այլ հանցագործությունների մեջ: Նշվում է, թե նախաձեռնությունն իրագործվել է Կալիֆորնիայում և տարածվել մինչև Օհիո, Մինեսոտա, Պուերտո Ռիկո նահանգներ:
Արա Կարապետյանն ու Ստեփանյանները մեղադրվում են նրանում, որ 2014թ օգոստոսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մեկին են փնտրել, որը կարող էր պատվերով սպանություն կատարել: Իսկ զոհը լինելու էր այն մարդը, ում հետ գործարքի ընթացքում խնդիրներ էին ունեցել: Մարդասպանը համաձայնել է կատարել գործը 1500 ԱՄՆ դոլարով, սակայն չի կարողացել պատվերն ավարտին հասցնել
Իսկ Միհրան եւ Արթուր Ստեփանյանները մեղադրվում են ամերիկացի գործարար, «Minnesota Independent Cooperative» ընկերության սեփականատեր Դեյվիդ Միլլերին 157 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ դեղորայք վաճառելու մեջ: ԱՄՆ-ի հետաքննությունների ազգային բյուրոն կարծում է, թե ամերիկացի գործարարն իմացել է, որ դեղերը լիցենզավորված չեն եւ շարունակել է գնել դրանք:
Կարդացեք նաև
Նշվում է նաեւ, որ ձերբակալվել են հանցախմբի բոլոր անդամները բացի մեկից՝ Դեյվիդ Միլլերից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ