https://armenian-community.ge/. Մայիսի 1-3-ը Թբիլիսիում կայացել է շոտոկան-կարատեի աշխարհի VI առաջնությունը: Առաջնության մասնակիցները 6-ից մինչև 35 տարեկան կարատեիստներ են 52 երկրներից: Ինչպես հայտնի է դարձել բոլորովին վերջերս` մայիսի 2-ին, երբ հանդես էին գալիս կարատեիստ-երեխաները` 6-14 տարիքային խմբում, ադրբեջանցի երկրպագուների և մարզիկների ամբոխը սկսել է նախ վիրավորել մրցույթի հայ մասնակիցներին, իսկ հետո հարձակվել պատանի մարզիկների վրա… Կռիվ է սկսվել, որը հնարավոր է դարձել դադարեցնել միայն վրաց ոստիկանության միջամտությունից հետո: Կռվի հրահրողները ձերբակալված են:
Հարկ է նշել, որ վրացական ազատ մամուլը լուռ է անցել այս դեպքի կողքով, իսկ Առաջնության կազմակերպիչները, այնպես, ինչպես Վրաստանի իրավապահպան մարմինների ներկայացուցիչները, հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալուց: Հասկանալի է, թե ինչո՞ւ…
https://www.youtube.com/watch?v=IKJminebO10
…
1905 թվականի մայիսի 11-ին, 110 տարի առաջ, Անդրկովկասի նավթային մայրաքաղաք Բաքվի կենտրոնական հրապարակներից Պարապետի վրա, 21 ամյա մի հայ հեղափոխական ռումբի մի հարվածով ահաբեկեց նահանգապետ իշխան Նակաշիձեին:
Կարդացեք նաև
Երիտասարդ այդ հեղափոխականը Դրաստամատ Կանայանն էր՝ անզուգական Դրոն, որ այդպես, օր-ցերեկով և բանուկ մի հրապարակի վրա, գործադրեց Բաքվի Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտեի տված մահապատժի որոշումը՝ հարյուրավոր անմեղ հայերի կոտորածը հրահրած Բաքվի նահանգապետի դեմ:
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման և, ընդհանրապես, համառուսական հեղափոխական խմորումների պատմության ամենից ուշագրավ և ուսանելի էջերից է Նակաշիձեի ահաբեկումը։ Նաև՝ այսօրվա համար նշանակալի դասեր փոխանցող մի դրվագ է, որ մեկից ավելի զուգահեռներով լույս է սփռում հայ և ադրբեջանական մերօրյա հակադրության արմատների վրա:
Ո՞վ էր Նակաշիձեն, ի՞նչ էր արել, որ արժանացավ նման դաժան դատաստանի: Ինչո՞ւ Բաքուն թատերաբեմ հանդիսացավ հայկական հեղափոխության այդօրինակ հարվածի համար:
Բաքուն 19-րդ դարավերջին դարձել էր ոչ միայն Անդրկովկասի, այլև՝ ամբողջ Ցարական Կայսրության նավթային կենտրոնն ու ամենից ճարտարարվեստական քաղաքը, ուր անխնա մրցակցության մեջ էին ռուսական և անգլիական, հայ և թաթարական դրամագլուխներն ու գործատերերը։ Իսկ 1900-ականների սկզբներին, Բաքուն դարձել էր գլխավոր խառնարանը համառուսական առաջին հեղափոխությամբ թափ առած արյունալի խմորումների համար:
Ցարական Ռուսաստանը, արտաքին ճակատի վրա, հեռավոր արևելքում պատերազմ էր մղում Ճապոնիայի դեմ, իսկ ներքին ճակատի վրա դիմագրավում էր Ս. Պետերբուրգից սկսած և կայսրության ողջ տարածքն ալեկոծած ընկերային հեղափոխության բուռն պայթումը:
Հատկապես Անդրկովկասը հեղափոխական ալեկոծումի մեջ էր և հեղափոխական տարրերը, առանց ազգային խտրության, միասնաբար ծառացած էին ցարական բռնատիրության դեմ:
Բազմազգյան մի մեծ խառնարան էր Անդրկովկասը, հատկապես նավթահորերով հարուստ Բաքուն, ուր հայն ու ռուսը, վրացին և թաթարը սուր մրցապայքարի մեջ էին իրար հետ՝ ազգամիջյան հարաբերությունների ճակատի վրա։ Իսկ մյուս կողմից՝ ընկերային չարաշահումների և կեղեքումների դեմ ընդվզումի ու պայքարի ճակատի վրա, տարբեր ազգերի հեղափոխական երիտասարդությունը միացյալ ուժերով ծառացած էր ցարիզմի կայսերապետական ճնշումի գործիքների՝ խավարամիտ ու հետադիմական տարրերի դեմ:
Համառուսական հեղափոխության ալիքը հասկանալիորեն լայն արձագանք էր գտել Բաքվի աշխատավորների մեջ և ի մի էր բերել դրանք՝ անկախ նավթահորերի կամ ճարտարարվեստական մարզի բանվորների ազգային պատկանելիությունից:
Ի տես հեղափոխական խմորումների այդօրինակ սաստկացումին ու ծավալումին՝ ցարական իշխանությունները ամեն կարգի դավ ու սադրանք էին որոճում, հակակշռելու համար հեղափոխության վարակիչ ալիքը:
Պատմաքաղաքական այս ենթահողի վրա, խռովահույզ Բաքվի նահանգապետի իր դիրքից, թաթարական ծագումով Նակաշիձեն ձեռնամուխ եղավ հեղափոխական խմորումների հենարանը հանդիսացող Բաքվի աշխատավորությունը ազգային հողի վրա պառակտելու և ջլատելու դավադրությանը:
Իսկ նման սադրանքի հաջողության համար պատրաստի հող էր թուրք-թաթար զանգվածը, իր մեծաթիվ բանվորությամբ հանդերձ, որ տակավին գալարվում էր խավարամտության ու կրոնամոլության ճիրաններում։ Մանավանդ որ ինչպես Օսմանյան Կայսրության մեջ, նույնպես և Ցարական Կայսրության հովանու տակ հրահրված էր թաթարների (ի դեպ՝ նաև վրացիների) ամբոխային այն տրամաբանությունը, թե իբր հայերը՝ սակավաթիվ լինելով հանդերձ, թե՛ մեծ կշիռ ունեին մեծահարուստների վերնախավի մեջ, թե՛ բարեկեցիկ կյանք էին ապահովել իրենց բանվորներին…
Նահանգապետ Նակաշիձեն առավելագույն նենգամտությամբ յուղ թափվեց հայ-թաթարական հակադրությունների ու թշնամանքի այդ կայծերի վրա՝ նաև գաղտնաբար զինելով թաթար ազգայնամոլ խմբավորումներին։ Ցարական իշխանությունների կողմից զինված այդ վարձկանների գլխավորությամբ էլ, 1905թ.ի փետրվարի 6-ին, Բաքվի տարբեր շրջաններում, թաթար խուժանը հարձակվեց հայերի և նրանց խանութների ու հաստատությունների վրա՝ քանդելով, կողոպտելով և սպանելով…
Թուրք-թաթար ամբոխի կատաղությունը շարունակվեց երեք օր՝ հակառակ որ առաջին օրը անակնկալի եկած հայությունը շատ արագ ինքնապաշտպանության և հակահարվածի դիմեց Դաշնակցությունը և նրա հաղթ բռունցքը մարմնավորող հայդուկապետ Նիկոլ Դումանի ղեկավարությամբ:
Թեև թուրք-թաթար ամբոխի խժդժություններին սանձ դրվեց, բայց երկուստեք հարյուրավոր զոհեր ու վիրավորներ ընկան, իսկ Բաքվի հայությունը ենթարկվեց նյութական հսկայական կորուստների:
Այս աստիճան ծանր հանցագործության գլխավոր պատասխանատուն էր նահանգապետ Նակաշիձեն։ Նրա սադրանքը անպատիժ չպետք է մնար՝ թե՛ նույնինքն հանցագործին արդար դատաստանի արժանացնելու համար, թե՛ նման սադրանքների և հանցագործությունների կրկնումը կանխարգելելու նպատակով:
Եվ նահանգապետի դեմ մահապատիժ որոշեց ոչ միայն Դաշնակցությունը՝ հանձինս Բաքվի Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտեի, այլև՝ ռուս ընկերվարական-հեղափոխական կուսակցությունները իրենց հերթին մահապատժի վճիռ արձակեցին Նակաշիձեի դեմ։ Մինչև անգամ Ռուս Սոցիալիստ-Հեղափոխականները դիմեցին Դաշնակցությանը, որպեսզի իրենց զիջի բոլոր հեղափոխականների օրհնությունը վայելող մահապատժի այդ որոշման գործադրությունը:
Դաշնակցությունը ընդառաջեց Ռուս Սոցիալիստ-Հեղափոխականների կուսակցության դիմումին, բայց այս վերջինի կողմից կատարված Նակաշիձեի ահաբեկման առաջին գործողությունն անհաջող անցավ: Ցարիզմի նենգ պաշտոնատարը անպայման պետք է պատժվեր և ի վերջո պատժվեց Դրոյի ձեռքով:
Դրոն այդ շրջանում ծառայում էր ռուսական բանակում, բայց հազիվ էր լսել փետրվարի 6-ի թուրք-թաթար ամբոխի խժդուժությունների լուրը՝ շտապել էր Բաքու ու իրեն տրամադրել Նիկոլ Դումանի և Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կ. Կոմիտեին։ Դրոն նաև կամավոր իր թեկնածությունը առաջարկեց Նակաշիձեի ահաբեկման գործադրության համար, երբ ռուս հեղափոխականների առաջին փորձը ձախողվեց:
Եվ Դումանը իր հավանությունը տվեց:
Գործողության կազմակերպման պատասխանատվությունը վստահվեց Կ. Կոմիտեի անդամներից Աբրահամ Գյուլխանդանյանին, իսկ անփորձ ահաբեկչին՝ Դրոյին պիտի աջակցեր Գանձակեցի Կռո անունով նույնպես երիտասարդ մի հեղափոխական։ Եվ 1905թ.ի մայիսի 11-ին Նակաշիձեն ստացավ իր արժանի պատիժը:
Նակաշիձեին նահանգապետարան փոխադրող ձիակառքը, շրջապատված ձիավոր թիկնապահներով, ամեն օր անցնում էր Պարապետի հրապարակից։ Գործողության համար ճշտված օրը՝ մայիսի 11-ին, Կռոն պետք է դիրք բռնած լիներ հրապարակ տանող փողոցի ծայրը, իսկ Դրոն՝ իբրև հրապարակի վրա զբոսնող անցորդ, մի տոպրակի մեջ դրած մահարկու ռումբը, պիտի սպասեր Կռոյի ազդանշանին՝ թե Նակաշիձեի կառքն է մոտենում:
Բայց այդ օրը Կռոն ընդհանրապես չերևաց, իսկ Ա. Գյուլխանդանյանը մի պահ երևաց ու անհետացավ։ Դրոն մնաց մենակ… հրապարակի վրա գտնվող թուրք-թաթար մի պտղավաճառ, մայթի վրա շարել էր իր վաճառած մրգերը. թարմ կեռաս ուներ. Դրոն պտղավաճառից խնդրեց մի տոպրակ կեռաս և մինչ վաճառորդը կլցներ տոպրակը, հանկարծ լսվեցին ձիակառքի և ձիավորների ձայներ։ Առանց այլայլելու, Դրոն իր ձեռքի տոպրակից հանեց պատրաստի ռումբը, արագորեն վազեց առաջացող կառքի ուղղությամբ և նետեց ռումբը։ Ահավոր պայթյունին հետևեց հրապարակի խուճապահար անցորդների մեծ իրարանցումը։ Դրոն խառնվեց ամբոխին և անհետացավ…
Նակաշիձեն, իր սպասավորը, թիկնապահները և կեռասի պտղավաճառը տեղն ու տեղը սպանվեցին: Ահ ու սարսափը պատեց կայսերապետական ուժերին և ցարական ոստիկանությանը:
Բաքվի Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կ.Կոմիտեն, հայ ժողովրդին և ընդհանրապես Անդրկովկասի հանրային կարծիքին ուղղված երկու անջատ հայտարարություններով, ստանձնեց Նակաշիձեի մահապատժի պատասխանատվությունը։ Իսկ Հ.Յ.Դ. Կովկասյան Պատասխանատու Մարմինը, հատկապես ցարական պաշտոնությանն ուղղված մի երրորդ հայտարարությամբ, ազդարարեց Նակաշիձեի ահաբեկմանն ի պատասխան հակահայ նոր դավեր սադրող ուժերին, թե ավելի հատու պիտի լինի հայ հեղափոխականների հաջորդ հարվածը:
Անշուշտ, որոշ ժամանակի համար զգաստացան ռուս պաշտոնատարները, նույնպես և թուրք-թաթար ազգայնամոլ շարժումների պարագլուխները: Բայց հրձիգությունը գործված էր արդեն, և ազգամիջյան լարվածությունն ու թշնամանքը մեկընդմիշտ սանձազերծված էին…
Փոքր ազգերը պետք է զոհաբերվեին, իբրև պարզ խաղաքարեր, մեծապետական ինչ-ինչ շահերի ձեռքբերման և աշխարհաքաղաքական հաշիվների կարգավորման համար…
1905թ. ի Մայիսի 11-ին Նակաշիձեի ահաբեկումը հայ ժողովրդի հատու պատասխանն էր թե՛ փոքր ազգերը զոհաբերելու պատրաստ մեծապետական ուժերին, թե՛ նրանց ձեռքը կույր գործիքի վերածված ազգայնամոլներին:
կարծում եմ Դրոն կապ չունի, վերջին մի քանի ամսում Վրաստանում հակահայկական տեղեկատվական ակտիվություն կա, անգամ հրապարակում են ադրբեջանցիների մարմաջները հայերի մասին ու like – ում․․․․․