Մինսկում անցկացված ԽՍՀՄ հերոս Վիկտոր Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի վեց բռնցքամարտիկներից 64 կգ քաշային Արա Պուլուզյանը արժանացավ բրոնզե մեդալի, իսկ 52 կգ քաշային կարգում Նարեկ Ավագյանը (նկարում) արծաթ նվաճեց:
Aravot.am-ը զրուցել է մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:
– Պարոն Աղամալյան: Կարծես, մեր թիմը թույլ կամ անփորձ բռնցքամարտիկներով չէր համալրված: Մեկական արծաթն ու բրոնզը գոհացուցի՞չ արդյունք եք համարում:
– Նախ ասեմ, որ շատ ուժեղ մրցաշար էր: Հատկապես արեւելյան երկրները ներկայացնող հավաքականները ժամանել էին ուժեղագույն, հիմնական կազմերով: Նրանք նախապատրաստվում են Ասիական խաղերին: Ինչ վերաբերում է մեր բռնցքամարտիկների մասնակցությանը, մենք մրցաշարին հատուկ երկու փուլով չէինք նախապատրաստվել եւ տղաները հանդես եկան իրենց այս պահի դրությամբ ունեցած հնարավորությունների սահմաններում: Մինսկի մրցաշարը մենք դիտարկում էինք որպես Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախապատրասական փուլ եւ ես, որպես գլխավոր մարզիչ, ցանկանում էի, որպեսզի յուրաքանչյուրն առնվազն երկու մարտ անցկացնի ռինգում:
Կարդացեք նաև
– Բայց չորս հոգի հենց առաջին մենամարտում պարտվեց:
– Այո, չորսը պայքարից դուրս մնաց հենց մեկնարկային մենամարտերից հետո, բայց նրանք զիջեցին հավասար պայքարում, երբեմն էլ՝ ոչ արդար կերպով:
– Հիմա վերադարձել եք, ու Եվրոպական խաղերին շատ քիչ ժամանակ է մնում: Ի՞նչ ծրագրեր են կազմված:
– Մինսկում հանդես եկած վեց բռնցքամարտիկներից չորսը Ծաղկաձորում մեկ հավաքով պատրաստվելու են Եվրոպական խաղերին: Եւս երկուսը նրանց կմիանան Կաունասում կայանալիք մրցաշարին մասնակցելուց հետո: Ձեր կայքին նրանց բոլորի անուններն արդեն ասել եմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ panarmenian.net-ի