Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամ (պատմվածք)

Մայիս 10,2015 13:33

Հիմա առավոտ վաղ չէ, կեսօր չէ և ոչ էլ` երեկո: Շոգը դեռ չի պատել կանաչ դաշտերին ու ձորերին, որ ցողը գոլորշիանալով վեր բարձրանա: Ես չեմ սիրում ստել և դրա համար էլ ճիշտն եմ նկարագրում: Սովորական ժամ է` առավոտվա և կեսօրվա միջև, երբ  ամեն ինչ բնության մեջ խաղաղվել է, իր հունի մեջ կարծես մտել: Առավոտյան աղմուկը մարել է, գառները զարմացած չեն մայում, կովերը ծարավից չեն բառաչում, հորթերը խրտնած տրտինգ չեն տալիս, միայն հավքերն են միալար ու  խառնիճաղանջ ձայներով համերգում, իսկ արևն էլ` հաճելիորեն տաքացնում: Թվում է, թե չի եղել ոչ անցյալ ամռան այրող արևը և ոչ էլ այս տարվա ցրտաշունչ ձմեռը: Գարնան բուրումնավետ օդը կարծես խենթացրել է այս երիտասարդ տղային: Ո՞ւր է գնում նա: Իհարկե` թափառելու, քաղաքի հեղձուկ օդից մի պահ հեռանալու, ազատ լինելու բերկրանքն զգալու դաշտերի կանաչ տարածության մեջ: Մնալ մենակ, ինքն իր հետ և մտածել հետագա անելիքների մասին, զրուցել բնության հետ` օրը նվիրելով կանաչին ու ծաղիկներին, քարակոփ ժայռերին, խուլ ու անդնդախոր ձորերին, նրանցով հանդարտ հոսող ջրերին:

Հենց նոր մեքենան կանգնեցրեց ճանապարհի եզրին, ամուր փակեց պատուհանի ապակիները և ցած իջավ: Քայլում է մտազբաղ ու կարծես շփոթված, շուրջը ճռվռացող թռչուններն են, մաքուր, անարատ օդը` ծաղիկների բազմազան գույներով ու բուրմունքներով: Քայլում է սարն ի վեր ու վեր…,ինչ-որ մեկը կարծես մագնիսական ուժով նրան ձգում է դեպի սարի գագաթը: Շուրջը ոչ ոք չկա: Նրան առաջ է մղում խենթ մի զգացում` վայելքի՞, հրճվանքի՞, վախի՞, թե ահագնացող մենակության տագնապի. դժվար է ասել:

Ահա ցորենի կանաչ արտերը. քամուց սոսափող ալիքներով, որոնք սփռված են մոտակա հարթության վրա, շուտով կհասունանան, կհասկակալեն, կդեղնեն և կհնձվեն, ալյուր ու հաց կդառնան: Ի~նչ հոյակապ տեսարան է:

Տղան  մի պահ կանգ է առնում. քրտինքը պարուրել է ողջ մարմինը, գլխի մազերը, որոնք թափվել են ներքև, թրջվել ու կպել ճակատին, խուտուտ են տալիս, աչքերը փայլում են երանությունից, սիրտը ուռչում է երջանկությունից:

Նա ցանկանում է գրկել , համբուրել դաշտերի այդ ընդարձակ տարածությունները:

Սակայն հանկարծ կանգ է առնում, գրպանից դանդաղորեն հանում է սպիտակ թաշկինակը, վերև տանում ճակատին թափված մազերը, խնամքով սրբում ճակատը, պարանոցը ու ամբողջ դեմքը, թաշկինակը փռում գլխին, որ չորանա, շարունակում է բարձրանալ դաշտային ծաղիկներով սփռված բլրի լանջով:

«Պետք է բարձրանամ սարի գագաթը»,-որոշում է նա ու կրկին առաջ շարժվում: Ինչու՞, չգիտեմ, ցանկանում է և վերջ: Բառերը խղճուկ գործիքներ են նրա հոգեկան զեղումները նկարագրելու համար. այն պետք է միայն զգալ:

Կանաչը ափսոսանքով տրորվում է նրա ոտքերի տակ, հետո դժվարությամբ մի քիչ բարձրանում  և զարմանում այդ անգթությունից, բայց սա է ճշմարտությունը: Նա տրորում է այդ քնքուշ ծաղիկները, ինչպես դաժան մարդիկ ավերում են այլոց սրտերը:

Ահա և սարի գագաթը, իսկ նա ամբողջովին քրտնաթաթախ է, բայց լիաթոք շնչում է սարի կատարի թարմ օդը, հոգուց դուրս են թռչում երաժշտության ձայներ, նա սկսում է սուլել մի անծանոթ մեղեդի` հանկարծ զգալով, որ իր մեջ ծնվում է անպատասխան սիրո մեղեդին: Ափսո~ս, որ նոտագրել չգիտի և այդ բոլորը անդարձ կորչելու է հավիտյան այս ընդարձակ տարածությունների մեջ: Վիրավոր գազանի նման ոռնոց է հանում, դերասանական շարժումներ կատարում, ձեռքերը պարզում դեպի երկինք և իր ցանկալիին աղերսագին կանչում: Հիմա ափսոսանքով հիշում է նրան, ով իր կողքին չէ, սիրտը հուզմունքից կարկամում է, կարծես կանգ է ուզում առնել, կոկորդը սեղմվում է, աչքերը թրջվում են, գուցե և լաց լինի, ոչ ոք չի նկատի: Դանդաղորեն մարում են վայրկենական պոռթկումները, խոնարհվում և նստում է մոտակա քարին, գլուխն առնում ձեռքերի մեջ, հենում ծնկներին ու խորասուզվում մտքերի մեջ… Ի~նչ լավ կլիներ, որ Նա իր կողքին լիներ: Ականջներում զրնգում է նրա կարկաչուն ծիծաղը, զգում է նրա շնչառությունը, սրտի խելահեղ զարկերը: Բայց հիմա նա չկա և գուցե բացել է իր պատուհանը և նայում է հանդիպակաց երկհարկանի իրենց տան պատուհաններին կամ գուցե որևէ սրճարանում սուրճ է ըմպում ընկեր-ընկերուհիների հետ:

Պատրանքը ցնդում է և տղան վերադառնում է իրականություն, ժամանակն է բռնել ետդարձի ճանապարհը: Տղան վեր է կենում, դանդաղորեն ցած իջնում սարի կատարից: Հիմա գնում է նորից դեպի հասարակություն և գուցե ձանձրույթ և տառապանք ըմբոշխնելու փոխարեն սիրո զգացմանը տիրապետի:

Արևը մայրամուտին է շտապում, կարծես թե ուշացել է իր ժամանակացույցից: Օդը լցվել է մեղուների միալար բզզոցով. նրանք էլ արդեն տուն են շտապում` նեկտարով բեռնված թևիկները թեթևացնելու, որ հետո նրանից քաղցրահամ մեղր քամեն:

«Ի~նչ գեղեցիկ է կյանքով լի բնությունը, ինչքա~ն ներդաշնակ, կարծես թե ոչ մի հակասություն»,-մտածեց տղան ու բացեց ճամփեզրին կանգնեցրած իր մեքենայի դռնակը,  որը թողել էր այնտեղ մի քանի ժամ առաջ, մի ամբողջ հավիտենություն: Վերջին անգամ խորը շունչ քաշեց, բուրումնավետ օդի մի ահռելի զանգված ներս կլանելով դեպի թոքերը:

Քիչ հետո նա արդեն սլանում էր քաղաք տանող ճանապարհով` թեթև ու զվարթ, կարծես մի ծանր բեռ էր իջել նրա սրտից ու կորել ավտոմեքենայի ետևից բարձրացած հսկայական փոշու ամպի մեջ: Իսկ ժամանակը ոլորվելով գնում էր դեպի անհայտություն:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031