Մայիսի 22 –ին Գյումրու «Ջազ ակումբ»-ում տեղի կունենա երաժիշտ, կիթառահար Արմեն Հովհաննիսյանի համերգը: Գյումրեցի տաղանդավոր երաժիշտը երաժշտությամբ զբաղվել է 13 տարեկանից, ավարտել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Երևանի պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
Որպես երաժիշտ ՝ իր կայացման ճանապարհին, երաժշտի ոգեշնչման աղբյուրն է եղել աշխարհահռչակ կիթառահար Պակո Դե Լուսիան.
«Իմ կայացման ընթացքում ազդվել եմ, տարբեր ոճի երաժիշտներից, և ամեն մեկից վերցրել մի համեմունք, բայց որպես ոգեշնչման աղբյուր ինձ համար միշտ եղել է ու կմնա աշխարհահռչակ ֆլամենկո կիթառահար Պակո Դե Լուսիա-ն, որը եղել է իմ «վիրտուալ ուսուցիչը»:
Տեղեկացնենք նաև, որ Արմենը ոչ միայն նվագում է, այլ նաև ստեղծագործում. «Ստեղծագործում եմ հիմնականում ուշ գիշերը, երբ ամեն ինչ հանգիստ է և խաղաղ, լռության մեջ որսում ես բնության ձայները և ստեղծագործում: «Մուսա» կարող է լինել՝ բնությունը, մարդիկ, իմ սիրած քաղաք Գյումրին, և ընդհանրապես կյանքը»:
Կարդացեք նաև
Ինչպես մեզ տեղեկացրեց երաժիշտը համերգային ծրագրով հանդես գալու գաղափարը եղել է վաղուցվանից .
«Բավականին ստեղծագործություններ էր կուտակվել, որ ուզում էի ներկայացնել հանդիսատեսին, և այդպես որոշեցի կազմակերպել համերգ, կիթառահար Սերգեյ Ալավերդյանի նվագակցությամբ»:
«Acoustic Guitar Night» համերգային ծրագիրը բազմաոճ է, լինելու են երաժշտի կողմից գրված ստեղծագործություններ, ջազ, ֆլամենկո, և կիթառի համար մշակված Հայկական ֆոլկ գործեր: Համերգի կազմակերպման և կայացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Գյումրու «Ջազ ակումբը»:
«Հուսով եմ, որ կլինի գեղեցիկ երեկո, և հանդիսատեսը կիթառի կախարդական հնչյուններից կստանա հաճույք և մեծ բավականություն»,- մեր զրույցում ասաց Արմենը:
Իսկ ապագայի ծրագրերի մասին երաժիշտը Aravot.am –ին հայտնեց, որ ապագայում նախատեսում է տեսահոլովակ նկարահանել, ժողովրդական հայտնի ստեղծագործության հիման վրա, որն արդեն ընթացքի մեջ է :
Ստելլա Հարությունյան