«Հաղթանակի» զբոսայգում միախառնվել էին Հայրենական Մեծ պատերազմի եվ Արցախյան հերոսամարտի կենդանի մարտիկները: Նրանք եկել էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու եւ միմյանց տեսնելու, այլեւ պատմում էին իրենց հիշողություններից, որոնք այդքան էլ հաճելի չէին նրանց. «Ճակատի հիշողությունների մասին չեմ ուզում խոսեմ, դրանք մռայլ հիշողություններ են՝ սպանությունների մասին: Այսօր ուրախանում ենք մայիսի 9-ով, ոչ միայն նրա համար, որ հաղթանակեցինք ֆաշիզմին, այլ նաեւ նրանով, որ մեր երեխաները փրկվեցին եւ այսօր, որ բարգավաճում մենք այդ պատերազմի հաղթանակի հետեւանքն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոն համայնքի վետերանների խորհրդի նախագահ Ռուբեն Սարգսյանը, որը 10 տարեկանում հայտնվել էր ռազմաճակատում:
Նրա ընկերը նույնպես այդ տարիքում հորը տեսնելու նպատակով Մոր հետ գնացել էր Մախաճկալա, որտեղ էլ շրջափակման մեջ էր ընկել, վիրավորվել, հետո կռվել, պայքարել եւ հաղթանակած տուն վերադարձել:
90 տարեկան Բալյան Ալեքսանդրը մեր հետ զրույցում ասաց, որ նրան էլ 18 տարին չլրացած են տարել բանակ, եւ մինչեւ երդման արարողությունը վիրավորվել է, հետո ծառայել տանկիստ եւ իր ասելով դեռ մինչեւ վերջ էլ ծառայելու է: «Կռվել ենք հանուն հաղթանակի, հանուն արդարության եւ հանուն հայ ազգի: Հիմիկվա երիտասարդները թող լավ իմանան, որ պետք է ծառայեն իրենց հայրենիքի եւ ընտանիքի համար, հակառակ դեպքում պարտավոր կլինեն կերակրելու թշնամու զորքին»,-ասաց Ալեքսանդր պապը:
92- ամյա Միքաելյան Եփրասիան 1941 թվականին Բաքվի բժշկական ինստիտուտից է գնացել ռազմաճակատ, իսկ 87 տարեկան Մանիկ Խաչատրյանը, 16 տարեկան է եղել, երբ ուրիշ այլ աղջիկների հետ վերապատրաստվել եւ որպես բուժքույր ծառայել է Սովետական բանակին. «Դա իմ պարտքն էր, քանի որ զոհվել էր 20 -ամյա եղբայրս, զոհվել էր հորեղբայրս»,-ասաց տիկին Խաչատրյանը:
Կարդացեք նաև
96 -ամյա Աշոտ Հակոբյանը իր հաղթանակը վերագրում է հանուն թոռների, ծոռները խաղաղ երկնքի տակ ապրելու գաղափարին: «Հայի մեջ տարբերություն չկա հիմա, թե այն ժամանակ, էլի մենք, մեր հողը պաշտպանողն ենք, երբ էլ որ լինի»,-նշեց Աշոտ պապը:
Արշակ Հարությունյան իր մարտական հետախույզ ընկերոջը «Հաղթանակի» զբոսայգում գտավ հուզված. հիշել էին, թե մարտի դաշտում միասին ինչերի միջով են անցել: «Ազատագրել ենք մեր հողերը Թուրքից ու փոխանցել ենք սերունդներին, հիմա արդեն երիտասարդության հերթն է, բայց մենք էլի կանք եւ պատրաստ ենք կանգնել մեր զինվորների կողքին, նրանք են փախչում, ովքեր դարձել են օլիգարխներ եւ թալանչիներ, իսկ թուրքը թող վախենա, քանի որ Էլ առաջվա միամիտ հայը չենք»,-ասաց Արցախյան հերոսամարտի մասնակից՝ Արշակ Հարությունյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ