Մեր այգու եղեւնու վրա կաչաղակները բույն են շինել՝ ամուր մետաղալարերի վրա շաղախված ցեխից: Շատերն ինձ խորհուրդ են տալիս՝ քանդիր: Բայց նախ՝ բույն քանդելը, իմ կարծիքով, այնքան էլ գեղեցիկ զբաղմունք չէ: Երկրորդ՝ վստահ չեմ, որ նրանք ինչ-որ սարսափելի վտանգ են ներկայացնում:
Իհարկե, չեմ կարող ասել, որ կաչաղակները հրեշտակային թռչուններ են: Օրինակ, երբ առաջ մենք միամտաբար պատշգամբում ընկույզ էինք չորացնում, նրանք այդ ընկույզը թռցնում էին, հետո վերեւից գցում-կոտրում էին ու ուտում: Բայց այս հարցում ես նրանց չեմ կարող մեղադրել՝ պետք է ավելի ուշադիր լինել սեփական պոպոքների նկատմամբ:
Բայց կաչաղակների մասին այլ բաներ են ասում, որ նրանք կփչացնեն իմ արծաթափայլ եղեւնին, եւ որ նրանք հարձակվում են այլ թռչունների վրա եւ տարածքից քշում նրանց: Բնապահպան եւ թռչունների մասնագետ Սիլվա Ադամյանն ասում է, որ երկու պնդումներն էլ սուտ են, իսկ ճիշտ այն է, որ կաչաղակները սիրում են ուտել մանր թռչունների ձվիկներ եւ, հետեւաբար, վերջիններս գուցե մոտակայքում չցանկանան բույն դնել:
Հակված եմ հավատալ բնապահպանին: Չգիտեմ, գուցե այլ վայրերում կաչաղակներն իսկապես ագրեսիվ վարք են դրսեւորում այլ թռչունների հանդեպ, բայց մեր այգում ես բազմիցս ականատես եմ եղել, որ կաչաղակն իր երկար պոչով, «պաշտոնական տեսքով» քայլում է խոտերի վրա, իսկ կողքը ծլվլում են այլ թռչուններ: Ինչից ես ենթադրում եմ մեր այգու կաչաղակները բավականին «ազատական հայացքներ» ունեն: Հավանաբար, հենց այդպիսի՛ ազդակներ են գալիս մեր տնից:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան