«Ես մեր առաջնակարգ բուհերից մեկում եմ սովորել՝ Երևանի պետական համալսարանում: Իմ ուսումնառության տարիներին ամենակարևորը, հետաքրքրություն առաջացնողն ու գաղտնին Հայաստանի անկախության հարցն էր: Մենք այնպիսի պայմաններում էինք գործում, երբ ազատ խոսքի իրավունք ընդհանրապես չկար: Թերևս, նաև դա է պատճառը, որ իմ քաղաքական սկզբունքներն ու տարիները նվիրված են եղել երիտասարդների ազատ խոսքի հնարավորության ստեղծմանը»,- այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ազատ խոսքը, որը ենթադրում է նաև քննարկումներ, բանավեճ և այլն, ըստ ԱԺ նախագահի, ձևավորում է տվյալ պետության ընդհանուր քաղաքականությունը:
«Իմ ուսումնառության տարիներին խիստ արգելվում էր «Ցեղասպանություն» բառի գործածությունը,- շարունակեց Գ. Սահակյանը,- բայց, միևնույն է, մեր ժողովրդի պայքարի շնորհիվ մենք կարողացանք արդեն 1965 թվականին սկսել Ցեղասպանության հուշակոթողի կառուցման աշխատանքները: Երկու տարի անց հուշակոթողը բացվեց, և հազարավոր հայեր սկսեցին այցելել այնտեղ: Դա առիթ եղավ, որ հասարակությունը, աստիճանաբար հաղթահարելով արգելքները, փորձի իր ազատ խոսքով ձևավորել այն Հայաստանը, որն ունենք այսօր»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև