«Երկրի անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործոնները երկուսն են՝ բանակը և կրթությունը»,- այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մեր երիտասարդների մեծ մասը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նրանցից շատերն աշխարհի բարձրակարգ բուհերում ձեռք են բերում նաև տնտեսագիտական և իրավաբանական կրթություն: Դրան զուգահեռ՝ մենք փորձում ենք կրթական միջազգային չափորոշիչների ներդրմամբ բարեփոխել մեր կրթական համակարգը»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Դառնալով բանակին՝ ԱԺ նախագահը նշեց, որ մեր երկրի անվտանգությունն այսօր պահպանում են 18-20 տարեկան երիտասարդ տղաները՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները Ադրբեջանի ամենօրյա հարձակումներից:
Պատասխանելով համաժողովի մեկ այլ մասնակցի հարցին, այն է՝ որքանով են սոցիալական պայմաններն ազդում կրթության վրա, Գ. Սահակյանն ասաց, որ թեև սոցիալական ծանր վիճակի պատճառով որոշ երիտասարդներ խնդիրներ են ունենում իրենց ուսումնառության հետ կապված, բայց վերջին տարիներին պետության աջակցությամբ շնորհալիները հնարավորություն են ստանում ուսումն ավարտել՝ անկախ սոցիալական վիճակից:
Կարդացեք նաև
Եվրոպացի երիտասարդներից մեկին էլ հետաքրքրում էր «ուղեղների արտահոսքի» խնդիրը, որն այսօր շատ երկրների առջև է ծառացած:
«Այդ մտահոգությունը մեր պետությունն էլ ունի,- արձագանքեց ԱԺ նախագահը.- մենք գիտական ու կրթական բավականին լուրջ պոտենցիալ ունենք: Բայց երկրի վիճակից ելնելով՝ շատերն աշխատատեղ են փնտրում նաև երկրից դուրս, որովհետև Հայաստանն այսօր չի կարող բոլորի համար հնարավորություններ ստեղծել, որ կարողանան համապատասխան աշխատանքի անցնել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ