Այսօր Շիրակի մարզի Առափի համայնքում բացվեց հուշապատ-խաչքար՝ ի հիշատակ Հայրենական պատերազմին ու Արցախյան հերոսամարտում նահատակված գյուղի հերոսներին:
Բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ մարզպետարանի ողջ անձնակազմով, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, ավելի ուշ միացավ նաեւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Միջոցառման սկսվելն ու հորդառատ անձրեւ տեղալը մեկ եղավ. բոլոր ելույթները հնչեցին անձրեւանոցների տակ:
Միջոցառմանը մասնակցում էր գրեթե ողջ գյուղը, չնայած անհամար եղանակին, անդադար անձրեւին՝ վետերաններին եւս թեւանցուկ ուղեկցեցին իրադարձության վայր: Դպրոցի աշակերտները, որոնք Հայոց եռագույնը խորհրդանշող ամառային զգեստներով էին, թրջվել էին, դողում էին ցրտից, սակայն պատվով կատարեցին իրենց համերգային ծրագիրը: Շիրակի մարզպետը իր խոսքում ցավով նշեց, որ Հայրենական պատերազմին Հայաստանից մասնակցել են 600 հազար մարդ, որից 300 հազարը զոհվել են:
Կարդացեք նաև
«Մենք գիտենք, որ միլիոն ու կես հայ է զոհվել Եղեռնի ժամանակ ու եթե հաշվարկ ենք անում, թե ինչ կլիներ հայերի թիվը, եթե չզոհվեին, շատ մեծ թիվ կլիներ, տարբեր թվեր են ասում ՝ մոտ 40 միլիոն, այսինքն` ԡ-4 անգամ շատ են ասում, քան մենք կանք: 300 հազարը, որ զոհվեցին երկրորդ համաշխարհային պատերազմին, դա էլ մեծ թիվ է, շատ պակասեցրեց մեր ազգի թիվը: Նույնը վերաբերում է առափեցիներին, ես քիչ առաջ մի բան լսեցի, որ հարեւան գյուղերից Առափի ամուսնացած աղջիկները, որոնք առաջին երեխան են ունեցել, ամուսինները գնացել են պատերազմ ու չեն եկել, թողել գնացել են հորանց տները, դրանով է պակասել այս գյուղի բնակիչների թիվը: Բայց նաեւ լսեցի, որ նրանց երեխաները գյուղի իրենց հարազատների հետ կապ ունեն, գնում-գալիս են, շատ կարեւոր բանի մասին է խոսքը», – ասաց մարզպետը:
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի առիթով պարգեւներ հանձնեցին Առափիի վետերաններին, յուրաքանչյուրին 70 հազար դրամ: Գյուղապետ Ալբերտ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խաչքարը տեղադրելու համար 15 միլիոն դրամ է ծախսվել գյուղապետարանի բյուջեից: Նա տեղեկացրեց, որ Արցախյան հերոսամարտին համայնքից մասնակցել են 12 մարդ, որից երկուսը մահացել են, մեկը ժամկետային ծառայող էր, մյուսը ֆիդայի: Իսկ Հայրենական պատերազմին մասնակցել են 300 հոգի, որից 90 -ը զոհվել են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ