Նա տոնին երիտասարդական ավյունով պարեց
2015թ. մայիսի 9-ին Մեծ հայրենականում հաղթանակի եւ Շուշիի ազատագրման հոբելյաններին նվիրված հանդիսավոր միջոցառում կայացավ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում: Առավոտից Նոյեմբերյանի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով այցի գնացին քաղաքի բարձունքում հառնող Մեծ Հայրենականում զոհվածների հուշակոթող: Զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, երկրապահ կամավորականներ, զինծառայողներ, դպրոցականներ: Տոնի կապակցությամբ ելույթ ունեցան եւ ներկաներին շնորհավորեցին քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, տեր Սմբատ քահանա Աբրահամյանը Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող Սամվել Բեգլարյանը, պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Սերյոժա Գիշյանը, Նոյեմբերյանի նախկին զինկոմ Սերգեյ Մարտիրոսյանը, Նոյեմբերյանի զորամասի հրամանատարի տեղակալ Աշոտ Չոբանյանը: Վերջինս Մեծ Հայրենականում հաղթանակի 70-ամյակի մեդալներ հանձնեց Հայրենական պատերազմի մասնակիցներ 91-ամյա Ավետիք Ասատրյանին եւ 92-ամյա Սարգիս Մամյանին: Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը Մեծ հայրենականի 2 վետերաններին գումարով ծրարներ հանձնեց:
Տոնական միջոցառմանը ելույթ ունեցան Նոյեմբերյանի զորամասի փողային նվագախումբը, քաղաքի մարզամշակութային կենտրոնի «Սոսե» պարային համույթը, դերասանուհի Նաիրա Աբրահամյանն ասմունքեց Հ. Շիրազի «Էքսպրոմտը»: Նոյեմբերյանցի Ավետիք Ասատրյանը 1942թ., 18 տարեկան հասակում, կամավոր մեկնել է ռազմաճակատ, ուր պատահաբար հանդիպել է հորը: Դրանից հետո նա ռազմաճակատում հուղարկավորել է կռվում զոհված հորը: Չնայած իր տարիքին` Ավետիք Ասատրյանն առույգ է, նա միջոցառման վերջում երիտասարդական ավյունով պարեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ