Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Օրեր անց մեր գործը պետք է կարճեն» (Տեսանյութ)

Մայիս 09,2015 13:39

«Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունն իր երթը շարունակեց դեպի Մատենադարան, որտեղից Հիմնադիր խորհրդարանը հայտարարել էր, որ շարժվելու են դեպի կալանավայրեր: Մատենադարանի մոտ հավաքվածներին այնուհետեւ մոտեցան Հիմնադիր խորհրդարանի կալանքից վերջերս ազատված անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ Գեւորգ Սաֆարյանը:

Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանի իշխանությունները չունեն այն ռեսուրսը, որն  ունի Հյուսիսային Կորեայի իշխանությունը. «Ամբողջությամբ անհիմն մարդկանց փակելու համար ռեսուրսն իրենք չունեն: Այսինքն՝ նամանավանդ, այն ժամանակահատվածում, երբ իրենք փորձում են իրենց իշխանությունը երկարացնել եւ այդ նպատակով մուրացկանությամբ զբաղվել՝ Արեւմուտքից ինչ-որ կոպեկներ ակնկալելով: Նամանավանդ, աշխարհաքաղաքական այս վիճակում նրանք իրենց իշխանությունը չեն կարող երկար պահել: Ես այն կարծիքին եմ, որ օրեր անց ուզած, թե չուզած մեր գործը պետք է կարճեն: Եթե ռեսուրսներ ունենային, տարիներ կպահեին, մեզ ազատ չէին արձակի»:

Հարցին, թե հնարավո՞ր է գործը կարճելուց հետո իրենք դիմեն դատարան, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ մեր հանդեպ ընտրված խափանման միջոցը պետք է վիճարկվի դատարանում մինչեւ ամենաբարձր ատյաններ: Այս գործն ամբողջությամբ անհեթեթություն է, եթե համարձակվեն եղած փաստերով մտնել դատարան, ավելի վատ իրենց համար»:

Aravot.am-ի հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանը վստահո՞ւմ է Հայաստանի դատարաններին, թե՞ կարծում է, որ գործը կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նա պատասխանեց. «Արդարությունը վերականգնելու համար միշտ պետք է քայլեր կիրառել: Սակայն մեր երկիրը մեր պատկերացրած որակյալ պետության վերածելու գործում մենք մեր հույսը դնում ենք մեր վրա»:

Հիմնադիր խորհրդարանի անդամները մեքենաներով եւ ավտոբուսներով շարժվեցին դեպի կալանավայր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031