Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարակից» երեւույթներ

Մայիս 09,2015 10:00

Հաղթանակի օրվա հետ կապված, ինչպես եւ բազմաթիվ այլ առիթներով, մարդիկ վկայակոչում եւ քննարկում են բազմաթիվ «հարակից» երեւույթներ, որոնք որոշակի կապ ունեն այդ օրվա հետ, բայց չեն կարող փոխել դրա խորհուրդը: Թվարկեմ այդ երեւույթները:

Խորհրդային միություն. բոլշեւիկների կողմից արհեստականորեն ստեղծված բազմազգ պետություն, որտեղ, ըստ մտահղացման, պետք է կյանքի կոչվեին կոմունիստական գաղափարները՝ փորձ, որը դատապարտված էր ձախողման, իսկ ինքը, պետությունը՝ տապալման: Այսօր թե՛ Հայաստանի եւ թե՛ մնացած խորհրդային հանրապետությունների մեծահասակ բնակչության ճնշող մեծամասնությունը այդ պետությունը հիշում է սիրով եւ կարոտախտով, որովհետեւ այն մարդկանց համար ստեղծում էր որոշակի սոցիալական երաշխիքներ: Սակայն այդ երաշխիքները տնտեսապես հիմնավորված եւ «վաստակած» չէին, ինչը եւ դարձավ փլուզման պատճառներից մեկը:

Կոմունիզմ. ուտոպիստական տեսություն, համաձայն որի՝ հնարավոր է կառուցել շահագործման վրա չհիմնված արտադրական հարաբերություններ: Այս տեսությունը կիրառելու բոլոր փորձերը ձախողվեցին, որովհետեւ իրականում, միեւնույն է՝ ե՛ւ Խորհրդային միությունում, ե՛ւ այլ «փորձադաշտերում» գործում էին շուկայական հարաբերություններ, որոնք պարզապես քողարկվում էին «պրոլետարիատի» կամ «համաժողովրդական» սեփականության մասին երեսպաշտ կարգախոսներով:
Ստալինիզմ. կոմունիստական գաղափարների կիրառման իմիտացիաներից մեկը, որը գործնականում հանգեցրել է ամբողջատիրական, արյունալի ռեժիմի:

Պուտինյան Ռուսաստան. թվարկած առաջին երեք երեւույթների որոշակի տարրեր պարունակող պետություն, որի ղեկավարությանը թվում է, թե նա, չհրաժարվելով ռուսական կայսրության եւ Խորհրդային միության բացասական երեւույթներից, «փրկում է ռուս ազգի ինքնությունը»:

Երկրորդ համաշխարհային պատերազմ. նացիստական Գերմանիան կարողացավ այն սկսել՝ օգտագործելով Արեւմուտքի եւ Խորհրդային միության հակասությունները: Վերջիններս 30-ական թվականներին թե՛ բացահայտորեն եւ թե՛ «ծպտյալ ձեւով» հանդես էին գալիս որպես Հիտլերի դաշնակից՝ հույս ունենալով, որ իրե՛նց վրա Գերմանիան չի հարձակվի:

Հայրենական մեծ պատերազմ. պատերազմ, որը վարում էին Խորհրդային միության ժողովուրդները մեր այն ժամանակվա ընդհանուր հայրենիքի վրա հարձակված նացիստական Գերմանիայի դեմ: Պատերազմ, որը կապ չունի կոմունիզմի, առավել եւս՝ ստալինիզմի հետ: Պատերազմ, որում մեր՝ հայ ժողովուրդն իրեն փայլուն է դրսեւորել: Մնացած պատմական եւ «գաղափարախոսական» երեւույթները դրա հետ խառնելը, կարծում եմ, բարոյական չէ: Մենք հաղթող զինվորների թոռներ ենք եւ բոլոր հիմքերն ունենք դրանով հպարտանալու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Համաշխարհային երկւ պատերազմներւմ մենք հաղթողների ճամբարում էինք,բայց երկւսից էլ պարտված դուրս եկանք՝առաջինի արդյունքում տարածքներ կորցրինք,երկրորդի արդյունքում ամրագրվեցին այդ կորուստները:Մեզ մնաց մեր մարտիկների հերոսությամբ հպարտանալը:Իմ հայրն էլ մասնակցել է Հայրենական պատերազմին՝սկսած ֆիննականից վերջացրած Բեռլինով: Եւ ինչ?,այդ պատերազմից հաղթանակած են դուրս եկել Լեհաստանը և Ուկրաինան,որոնց տարածքները ընդարձակվել են մի քանի տասնյակ հազար քառ.կիլոմետր,բայց այսօր նրանք են ժխտում հաղթանակի խորհուրդը….

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Մեր հաղթանակները մի տեսակ տարօրինակ են: Միթե՞ հաղթողները հարկադրված արտագաղթում են դատարկելով իրենց Հայրենիքը: Հաց աշխատելը, իր իսկ երկրում, հաղթած հայ մարդու համար դարձել է անկարելի մի երևույթ: Ամեն տեղ մեր զավակները կարողանում են մի կտոր հաց վաստակել՝ Սախալինից մինչև Կալինինգրադ: Բայց իր երկրում դա դարձել է անհնար: Դա այսօր պետք է լինի մեր երկրի կառավարման բոլոր օղակների հիմնական խնդիրը: Այն տարածքները, որ այսօր գտնվում են մեր վերահսկողության տակ կարող են կերակրել 10 միլիոնից էլ շատ բնակչություն: Բայց մեր իշխանությունները ուրիշ խնդիրներ են լուծում, անհասկանալի խնդիրներ: Մեր երկիրը դատարկվում է մեր նոմենկլատուրայի ջանքերով: Ստեղծված են ներքին անարդարության, անհանդուրժողականության պայմաններ, որոնց հետևանքով դարձել է անհնար Հայաստանում մնալը և ընտանիք պահելը: Մեր հաղթանակ կերտողները հալածվում են: Ես գիտեմ նաև մուրացկան դարձած ազատամարտիկի: Միլիոններ կուտակած մեր իշխանավորները հավի հիշողություն ու տրամաբանություն չունեն: Նրանք էլ պիտի թողնեն հեռանան, երբ ժողովուրդ չլինի Հայաստանում: Իսկ այդ պահը այդքան էլ հեռու չէ:
    Արտաքին թշնամու դեմ կռվելը մի քաջություն է, ներքին թշնամու դեմ՝ մի այլ:
    Մի այլ քաջություն ու կամք է պետք երկիրը ավազակներից մաքրելու համար:
    Մի այլ իմաստություն ու հաստատակամություն է պետք սաշիկներից ու լիսկաներից ազատ հասարակություն պահելու համար:
    Այսօր մենք տոնում ենք Հաղթանակը ֆաշիզմի դեմ: Մենք կորցրեցինք 300 000-ից ավել երիտասարդ կյանք: Արդյունքը 1949 թ աքսորն էր: Հետո եղավ Նախիջևանի հայաթափումը: Հետո եղավ Ղարաբաղյան շարժումը, որը նույնպես թվացյալ հաղթանակ է դառնում մի պարզ պատճառով, որ Արցախից հայերը հեռանում են, Հայաստանից հեռանում են, Ջավախքից հեռանում են: Իսկ որտեղ կարող են հայերը պահպանվել որպես ազգ: Դուք տեսե՞լ եք առանց լեզվի ու առանց դպրոցի ազգ:
    Մեզ թողել են մի նեղ ճանապարհ… հեռանալու համար:

  3. Delea Organizacion says:

    Մենակությունը անկախություն է…
    Մենակությունը սառն է,այո, բայց և անաղմուկ, ինչպես ցուրտը, լուռ տիեզերքը,որի մեջ շարժվում են աստղերը: Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային հաճույքներ ստանալուն:
    -Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո:
    -Մյուս ճանապարհը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն մարմնի, ինչպես Սերժը:
    Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց, այնուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը:
    Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար հավատարիմ անձանց: Ձեր կողմից տրվող շինծու տիտղոսը« դեսպոտ», պատգամավորները ու նախարաները շատ խստապահանջ ու քաղցած են, պիտի խոստովանեմ, որ հենց նրանք էլ շատ դանդաղ, բայց հաստատուն փորում են Ձեր գերեզմանը: Երկրաշարժը մեզ կրկնակի հոգու եւ սրտի աչքեր տվեց, իսկ այ կառավարության անդամներին եւ պատգամավորներին լափելու ախորժակ, որոնք բռնվելով Ձեր ոտքերից աստիճանաբար տանում են Ձեզ դեպի ճահիճ: Այսօր Դուք լռում եք… որովհետեւ Դուք շրջապատված եք հուդաներով, վիրավորանքը խեղդում է Ձեզ, ես հասկանում եմ: Բոլորիս դատը թողնենք Բարձրյալին: Չէ՞ որ Դուք Աստծո օծյալ թագավոր էիք, ինչու՞ նրանից չխնդրեցիք իմաստություն: Այսօր Դուք պիտի արժեվորեք այն մարդկանց, ովքեր Ձեզ չեն ընտրել: Չընտրելով նրանք ըմբոստացել են կառավարության դեմ, պատգամավորների դեմ, դատա-իրավական համակարգի դեմ: Մի՞թե Ձեր աչքերը չբացվեցին պարոն բռնակալ:1988 թվականին, երբ բոլորս հավասար էինք, մի բռունցք էինք, որ հայը հային եղբայր էր: Ցավոք, այդ կարգի համախմբում մեզանում լինում է միայն ազգային գերխնդիրնեի պարագայում, իսկ այս ավելի քան 20 տարվա մեջ տեսանք, թե ինչպես շերտավորվեց մեր հասարակությունը,
    բաժան-բաժան եղավ տարբեր շերտերի ու խավերի, ինչպես առաջացան գնալով ավելի հարստացող հարուստների դասը և ինչպես՝ օր օրի ավելի աղքատացող աղքատներինը:Եվ դրա հիմնաիրը Լեւոնն է,Ռոբը աճեցրեց իսկ դու Սերժ, բազմացնում ես:
    Այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան:
    Ով այսօր ուզում է ապրել և գոհ լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախություններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031