Լրահոս
Օրվա լրահոսը

Հարված թիկունքից. ինչո՞ւ Պուտինն անտեսեց Արցախը

Մայիս 09,2015 12:00

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք տարբեր երկրների, միջազգային կառույցների կողմից պաշտոնապես թեեւ չընդունվեցին, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններին հետեւեցին օտարերկրացի դիտորդներ, 20-ից ավելի պառլամենտների ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան դրական գնահատականներով: Եվրոպացի դիտորդները ԼՂ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատեցին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Երեւանում օրերս Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Արցախում դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը նշեց, թե լիովին չեզոք է վերաբերվում ադրբեջանական խավիարին: Էնգելը նման հայտարարություն էր արել` հակադարձելով դիտարկմանը, թե Եվրոպական խորհրդարանում ադրբեջանական քարոզչությունը բավականին ուժեղ է աշխատում` շնորհիվ ադրբեջանական խավիարի ու նավթի: «Այդ ընտրություններն այնպիսին էին, ինչպիսիք տեղի են ունենում շատ եվրոպական երկրներում»,- ասել էր Էնգելը, որին զարմացրել էր այն, որ Կովկասում կա մի հողակտոր, որտեղ կարող են միջազգային չափանիշներով ընտրություններ տեղի ունենալ: «Արցախի ժողովուրդը հաստատեց այն փաստը, որ իրենք ապրում են ժողովրդավարական երկրում: Ոչ մի միջադեպ, ոչ մի հատուկ դեպք չկա, որի մասին կարելի է խոսել կամ մատնանշել»,- ասել էր նա` հավելելով, որ 2013-ին Ադրբեջանը «ձեւ տվեց», թե ընտրություններ է կազմակերպել, սակայն ի տարբերություն Արցախի՝ ադրբեջանցիները նախապես գիտեին, թե ինչպիսի արդյունք է լինելու. «Եվ դա այն երկիրն է, որը գտնում է, թե Արցախը պետք է վերադառնա: Նրանք սխալվում են: Արցախն ավելի ժողովրդավարական է ապրում, քան այսպես կոչված՝ ժողովրդավարական Ադրբեջանը»:

Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի պատվիրակության անդամ, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Անդրեաս Բորխեսը նույնպես փաստեց, որ Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ եւ համապատասխանել են միջազգային չափորոշիչներին: Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենեւայն Հանս Յորգին, որը Արցախ էր ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով, իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության եւ ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:
Առաջին անգամ ԼՂ-ում անցկացված ընտրությունների վերաբերյալ լռություն պահպանեց Ռուսաստանը: Ավելին՝ այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, Մոսկվան Պետդումայի ներկայացուցիչներ չուղարկեց Ղարաբաղ: ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրիյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, թե Դումայի մի քանի ներկայացուցիչների պաշտոնապես հրավիրել են ԼՂ, բայց նրանք հրաժարվել են գալ: Անդրիյանը սա պայմանավորել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններով. «Ոչ մի պատճառ չկա, պարզապես իրենց ղեկավարությունը չի թույլատրել գալ: Չի ստացվել, երեւի բոլորը զբաղված էին 70-ամյակով, էդքան երկար բանակցություններ չենք տարել, պարզապես մի քանի հոգու հրավիրել ենք, չի ստացվել»:

2012-ի նախագահական ընտրություններում, օրինակ, ՌԴ-ն Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ-դեմոկրատական խմբակցության մի քանի պատգամավորների էր ուղարկել Ղարաբաղ, մինչդեռ մայիսի 3-ին կայացած ընտրություններին ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը գլխավորել է «Յաբլոկո» արտախորհրդարանական կուսակցության անդամ Վիկտոր Շեյնիսը:

ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իհարկե, կարելի է ասել, որ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ ԼՂ-ում ընտրությունների վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, նկատելի է, որ պաշտոնական Մոսկվան այս անգամ ակնհայտորեն զերծ է մնացել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին պաշտոնական բնույթ հաղորդելուց եւ որոշել է պատգամավորներ չուղարկել: Իսկ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձով զբաղված լինելն այնքան էլ արժանահավատ պատճառաբանություն չի թվում, որովհետեւ մայիսի 3-4-ին Արցախում լինելը հազիվ թե խանգարեր այդ միջոցառումներին ռուսաստանցի պատգամավորների մասնակցությանը:

Ինչո՞ւ ՌԴ-ն առաջին անգամ նման կերպ վարվեց: Ռուս-ադրբեջանական բավական տպավորիչ հարաբերությունները, ինչպես երեւում է, հասել են այն մակարդակին, որ պաշտոնական Մոսկվան այսուհետեւ իր քայլերով Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու լրացուցիչ առիթներ չի ցանկանում ստեղծել` «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով:

Այն էլ այս օրերին: Ապրիլի 24-ին Պուտինի` Երեւան այցի հետեւանքները, հավանաբար, նստվածք են թողել Կրեմլում, եւ այստեղ գուցե փոշմանել են, որ Պուտինը ժամանեց Երեւան, այցելեց Ծիծեռնակաբերդ: Չնայած ռուսաստանցի մի քանի պաշտոնյաներ մի քանի անգամ հայտարարեցին, թե Պուտինի` Ծիծեռնակաբերդ այցելությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերություններին, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները շարունակում են քննադատել Պուտինին` ապացուցելով, որ նրա այցը Երեւան եւ նրա ուղերձը` Հայոց ցեղասպանության հիշատակմամբ, անսպասելի է եղել պաշտոնական Անկարայի համար: Ու սա այն դեպքում, երբ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ Պուտինի այցը Երեւան չի կարելի գնահատել որպես անսպասելի քայլ, ընդհակառակը՝ Պուտինը պարտավոր էր Ցեղասպանության 100-ամյակին լինել Հայաստանում` որպես Ցեղասպանությունը ճանաչած երկրի ղեկավար, նա չէր կարող չայցելել մի երկիր, որը ՌԴ-ի դաշնակից պետություն է համարվում:

Հետեւաբար ինչո՞ւ է Պուտինի քայլն այսչափ ցնցել Էրդողանին: Գուցե այժմ էլ Մոսկվան Ալիեւի՞ն չցանկացավ ավելորդ նյարդայնացնել՝ խորհրդարանական ընտրություններին հետեւելու եւ դրանք գնահատելու նպատակով Ղարաբաղ պատգամավորներ գործուղելով:
Հայաստանի «ռազմավարական դաշնակիցն» ու «անվտանգության երաշխավորը» տարբեր առիթներով սկսել է ավելի ու ավելի հաճախ զարմացնել իր գործելաոճով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ Ռուսաստանը չլինի մեր դաշնակիցը, ոչ միայն Արցախը կը կորսնցնենք, այլ Հայաստանի իսկ գոյութիւնը հարցման նշանի տակ կ’ըլլայ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031