Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն օրինագիծն է, որը կարիք ունի լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների»

Մայիս 09,2015 15:30

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք է հայտնում «Եկամտահարկի մասին»  ու «Շահութահարկի մասին» օրենքների նախագծերի շուրջ

Շաբաթվա սկզբին խորհրդարանում ակտիվ քննարկման թեմա դարձավ «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որը միանգամից որակվեց որպես «խոպանչիներին հարկելու» միջոց: Փոփոխություններով նախատեսված է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս: Խոսքը վերաբերում է շինարարական եւ շինմոնտաժային աշխատանքներին: Նախկին վարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդդիմացավ նախագծի ընդունմանը, գործի դրեց իր գիտելիքները, բացատրեց, որ տնտեսագիտությունը նման հարց չի քննարկում, զգուշացրեց նաեւ, որ ՌԴ նախագահը կմտածի՝ հայերը որոշել են նրան գցել: Մյուս պատգամավորներին էլ զայրացրել էր այն, որ օրինագծի վերջին՝ քննարկվող փոփոխություններին նրանք նախապես չեն ծանոթացել: Ամեն դեպքում՝ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ` 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քննարկումներն էլ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փորձեց մարել՝ նշելով, որ նախագիծն ամենեւին էլ խոպանչիներին հարկելու մասին չէ:

«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ օրինագծին պետք է շատ լավ ծանոթանալ՝ գնահատականներ տալու համար, սակայն դատելով ֆինանսների փոխնախարարի ներկայացրածից՝ կարելի է ասել, որ եթե կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր լինեն այն երկրների հետ, որտեղի քաղաքացիները հարկվելու են, ապա նախագիծը բյուջեն համալրելու դրական միջոց է: «Այդ դեպքում ես կարող եմ ասել, որ կառավարության ընդունած օրինագիծը միտում կունենա Հայաստանի պետական բյուջեն այդ մասով համալրել, որովհետեւ այդ հարկերը այսպես թե այնպես պետք է վճարեն բյուջե, ավելի խելամիտ է, որ այդ գումարները ոչ թե այլ երկրների կառավարությանը տանք, այլ մեր պետական բյուջեն համալրենք, որը օրինական է եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ մի հակասություն չի առաջացնում,- ասում է պարոն Մանասերյանը եւ նշում, որ կան նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք իրենց հարկերը մուծում են Հայաստանում:- Օրինակ՝ կան հարկումներ ստացող այլ երկրի քաղաքացիներ, որոնք եթե տարվա կեսից ավելին գտնվում են Հայաստանում, նախընտրում են եկամտահարկը այստեղ մուծել: Դա իրենց ձեռնտու է՝ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տնտեսական առումով: Հարկատեսակների դրույքաչափերը, որոնք պետք է գանձվեն կամ նախագծով նախատեսվում են, պետք է չգերազանցեն արտերկրի տվյալ հարկի դրույքաչափերից, պետք է ձեռնտու լինեն հարկատուին, որպեսզի նա գումարը թողնի երկրում: Դա միայն հայրենասիրության վրա չի հիմնվելու»:
Տնտեսագետը նշում է, որ եթե Հայաստանի դրույքաչափը բարձր լինի արտերկրի դրույքաչափից, պարտադրում չպետք է լինի քաղաքացու վրա, որովհետեւ դա նաեւ մարդու իրավունքների խախտում կլինի. «Մարդն ինքը պետք է որոշի՝ որտեղ գումարը մուծի»,- ասում է պարոն Մանասերյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ խորհրդարանական ուժերը բողոքում էին, թե նախագծի վերջին փոփոխությունները նրանց նախապես չեն ներկայացվել, մեր զրուցակիցը նշում է. «Մերժելի է, որովհետեւ ժամանակին երբ ինքս պատգամավոր էի, նման բան եղել է անգամ բյուջեն ներկայացնելիս: Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ էր տրվում հարյուրավոր էջեր ընթերցելու համար: Դա անընդունելի է: Պետք է հարգել բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ անկախ նրանից, թե նրանք որ ուժն են ներկայացնում: Պատգամավորը պետք է ժամանակ ունենա ընթերցելու, վերլուծելու, որպեսզի փաստարկներ ու հակափաստարկներ ներկայացնի: Չպետք է նրանց կաշկանդել ժամանակով: Առանձին օրենքների դեպքում, իհարկե, հնարավոր է, որ արագ որոշում կայացնեն, բայց սա այդ դեպքը չէր: Քննարկումները պետք է այնպես լինեին, որ նաեւ հասարակությանը ամեն ինչ պարզ լիներ, ես նույնիսկ կառաջարկեի արտախորհրդարանական քննարկում լիներ, բոլորը հասկանային, թե ինչի մասին է խոսքը, բոլորը պարտավոր չեն օրենքի տառը կարդալ կամ օնլայն ռեժիմով ծանոթանալ»:
Պարոն Մանասերյանը կարծում է, որ օրինագծի շուրջ տարըմբռնում առաջացավ, քանի որ այն «չմարսվեց». «Ավելորդ շտապողականություն պետք չէր: Նույնիսկ այն դեպքում, եթե շատ դրական մի օրինագիծ է: Պետք է թույլ տալ, որ մարդիկ մարսեն օրինագիծը, հասկանան, թե ինչ է դա տալու իրենց: Սա այն օրինագիծն է, որը կարիք ունի լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների եւ լավ ու ճիշտ մատուցման, եթե մանավանդ լավ նպատակ է հետապնդում: Ես այստեղ շտապողականության պատճառ չեմ տեսնում, ժամանակ կա, եւ պետք է թույլ տրվի, որ մարդիկ իրենց կարծիքն ասեն: Գուցե այդպես ավելի լավ օրինագիծ ստացվի՝ առաջարկների վրա հիմնված: Ոչ միայն պատգամավորները կարծիք ասեն, այլեւ փորձագետներ լինեն՝ տնտեսագետներ, քաղաքացիական, աշխատանքային իրավունքների մասնագետներ եւ այլն, ավել լավ լրամշակումներ բերեն նախագիծ»,- ասում է պարոն Մանասերյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031