Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գյուղացու աղքատիկ վիճակը տուրիստին գրավում է

Մայիս 09,2015 15:00

Չնայած ըստ «2015թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի» օրերս հրապարակած տվյալների՝ Հայաստանը 10 տեղով հետընթաց է գրանցել 2013 թվականի համեմատ, այնուամենայնիվ, մեր երկիրը զբոսաշրջիկ գրավելու մեծ ներուժ ունի: Այլ հարց է, թե կառավարությանը որքանով է հաջողվում իր որոշ ծրագրերի շնորհիվ զբոսաշրջիկների մոտ մեր երկրի հանդեպ հետաքրքրություն առաջացնել եւ բերել Հայաստան: Իհարկե, պետությունը մեծ գումարներ է ծախսում Հայաստանը միջազգային ասպարեզում գովազդելու համար, բայց, անցյալ ամիս հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը մեր կառավարության մի քանի տարվա գործը մի քանի օրում արեց: Իսկ թե այս տարի Քիմ Քարդաշյանի երկրպագուները որքանով կհետաքրքրվեն իրենց սիրելի աստղի նախապապերի երկրով ու կգան Հայաստան, գումարներ կծախսեն՝ որոշ ժամանակ հետո պարզ կլինի:

Ըստ զբոսաշրջության մրցունակության զեկույցի՝ Հայաստանը 141 երկրների շարքում զբոսաշրջության մրցակցությամբ զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է իր հարեւաններին: Վրաստանը՝ 71-րդ, Ադրբեջանը՝ 84-րդ հորիզոնականներում են: Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կառավարությունը, եթե ցանկություն ունենա, կարող է գյուղական զբոսաշրջությունը դարձնել գրավիչ ու մրցունակ: Օտարերկրացիներին մեր գյուղական միջավայրը դուր է գալիս, սակայն այս ոլորտում խնդիրներ շատ կան:

Հայաստանում գյուղական տուրիզմը նոր-նոր է սկսում թափ առնել, մեր գյուղերը բավականին հետաքրքիր են օտարերկրացիների համար, բայց ասենք՝ տուրօպերատորին եթե անգամ հաջողվում է եվրոպական տուրիստին բերել Հայաստան, ապա մինչեւ գյուղ հասցնելը մեծ տանջանք է:

«Առավոտի» հետ զրույցում «Արեւորդի» կազմակերպության էկոզբոսաշրջության ծրագրերի համակարգող Վահագն Վարդումյանը՝ իր աշխատանքային տարիների փորձից ելնելով, ասում է, որ գյուղական տուրիզմի զարգացմանն առաջին հերթին խոչընդոտում են քարուքանդ ճանապարհները:

Բացի այս, Վահագն Վարդումյանը նկատում է, որ գոյություն ունեն միջազգային տուրիստական լուրջ կայքեր, որտեղ մինչեւ վերջերս բավականաչափ ռեսուրսով ներկայացված չենք. «Որպեսզի քանակ ու որակ ապահովվի, պետական մակարդակով ու գրագետ պետք է այդ կայքերում Հայաստանի ներկայացվածությունն ապահովվի»:

Էկոտուրիզմ իրականացնող Վահագն Վարդումյանը նաեւ նշում է, որ Հայաստանում, այսպես ասած՝ գների խնդիր էլ կա. եվրոպական տուրիստի համար Հայաստանը թանկ է արժենում: Եթե, օրինակ, գերմանացի տուրիստը, Վարդումյանի ներկայացմամբ, մոտ 200-300 եվրոյով կարող է գնալ շվեյցարական լեռներ, ապա այստեղ գալու համար կծախսի մոտավորապես մինչեւ 3 հազար եվրո: Ընդ որում, Վարդումյանի խոսքերով՝ օտարերկրյա զբոսաշրջիկները դժգոհում են հյուրանոցային սերվիսների բարձր գներից, անգամ հայաստանյան հոթելները եվրոպականից թանկ են, բայց որակով զիջում են եվրոպականին. «Հայաստանում հյուրանոցային սերվիսների գներն ուռճացված են»:

Ինչ վերաբերում է գյուղական տուրիզմին, ապա Վարդումյանը նկատում է, որ թեեւ օտարերկրացիները հետաքրքրված են այս ոլորտի տուրիզմով, սակայն հենց գյուղացիները տեղեկացված չեն, շատ-շատերը պատկերացում չունեն, թե ինչպես կարող են իրենց եղածը ապրանք, բիզնես դարձնել, նրանք տեղեկացված չեն, թե ինչպես կարելի է, ասենք՝ իրենց տունը հյուրատուն դարձնել. «Այստեղ հարկավոր է պետական լրջագույն աջակցություն: Գոնե հանրային հեռուստատեսությամբ տեղեկատվական հաղորդաշարեր կազմակերպեն, պարբերաբար խոսեն այդ մասին, որովհետեւ դա ահագին բարդ գործ է: Գյուղացին պիտի հասկանա՝ ինչպես իր կենցաղը, առօրյան մատուցի, որ այն դառնա զբոսաշրջային ապրանք»:

Չնայած նշված թերություններին՝ մեր գյուղերի ու գյուղացիների աղքատ կյանքն էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար հետաքրքրություն է, ու չնայած նրանք, ինչպես ասում է Վարդումյանը, կիսաքանդ ճանապարհով ու կիսամեռ մեքենայով տանջվելով հասնում են գյուղ, բայց հենց տեսնում են հին գյուղական մի տուն՝ ալյումինե հնամաշ թավաներով ու այլ իրերով, միանգամից մոռանում են ճանապարհին կրած «զրկանքը». «Հենց գալիս են գյուղացու տուն, ու գյուղացին մինչեւ ասում է՝ վայ, պատրաստ չեմ, սենյակը հավաքված չէ, բակը չեմ մաքրել, մինչ գյուղացին բողոքում է իր տնից, զբոսաշրջիկներն ագահորեն տեսախցիկն առած ու ընկած այս ու այն կողմ՝ նկարում են: Իրենց համար դա այնքան հետաքրքիր է, որ էլ չասած: Այսինքն՝ ընդհանուր որ դիտարկենք, այդ հին տները, հին սառնարանների դռներից պատրաստված ցանկապատերը, այդ աղքատիկ վիճակը տուրիստներին գրավում է»:

Օտարերկրյա զբոսաշրջիկներին նաեւ շատ գրավում են հայկական չրերի, մուրաբաների, գաթաների, հայկական ավանդական խոհանոցի այլ կերակուրներն ու դրանց պատրաստման եղանակը, բայց առավել գրավում է դրանց պատրաստմանը մասնակցելը: Վարդումյանն ասում է, որ տարբեր սեզոններին տուրիստներին մասնակից են դարձնում տարբեր ուտեստների պատրաստմանը: «Ասենք՝ համտեսում են հայկական չիրը կամ մուրաբան, կամ մեկ այլ բան, հարցնում ենք տուրիստներին՝ կուզե՞ք տեսնել, թե ինչպես է պատրաստվում, կուզե՞ք դուք էլ պատրաստեք, ասում են՝ այո, ու աշխարհով մեկ են լինում: Շատ զբոսաշրջիկներ կան, որ, օրինակ, խարույկի վրա երբեւէ որեւէ բան չեն պատրաստել, ու երբ մեր գյուղացիների հետ ինչ-որ բան են պատրաստում, դա իրենց համար իրադարձություն է դառնում: Այս տեսակ միջոցառումները կարող են փոխարինել մի ամբողջ օրվա կամ մի քանի օրվա ավտոբուսներով տուրերին, այն, որ այստեղից այնտեղ են տանում. սա նաեւ տուրօպերատորների համար շատ հարմար տարբերակ է, բոլորը կուշտ են լինում ու գոհ»:

Զբոսաշրջության մրցունակության զեկույցում մի քանի բացասական եւ դրական ցուցանիշներ ներկայացնելով՝ նաեւ նշվում է. «Այսուհանդերձ, առկա են մի քանի կարեւոր մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության աճին: Դրանց թվում են շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների ընդհանուր վիճակի ու պահպանման ցածր մակարդակը»:

«Առավոտը» էկոտուրիզմ իրականացնող Վահագն Վարդումյանից հետաքրքրվեց, թե որքանով են խոչընդոտում հանքարդյունաբերությունն ու շրջակա միջավայրի վիճակը գյուղական տուրիզմին: Վարդումյանի խոսքերով՝ Հայաստանն առանց հանքերի շահագործման էլ կարող է գոյատեւել. եթե գյուղերն ու ենթակառուցվածքները կառավարությունը զարգացնի, գյուղական տուրիզմը ավելի մեծ օգուտ կտա, քան պոչամբարն ու հանքը. «Հանքեր շահագործելով՝ մենք աղքատանում ենք, պոչամբարները մնում են այստեղ, իսկ փողն ու ոսկին արտահոսում է տարեկան 2-3 անգամ ավելի, քան նախորդ տարի: Հիմա զբոսաշրջիկներին, իհարկե, չենք տանում այնպիսի վայրեր, որտեղ հանքեր ու պոչամբարներ կան, կարողանում ենք շրջանցել, որպեսզի տուրիստը չդժգոհի, բայց դրանք արագ շատանում են, չեմ պատկերացնում՝ հետո ինչ կլինի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարգելի Վահագ, դուք էլ ստեղծեք տուրիստական երթուղու ձեր “Գառնին ու Գեղարդը”, որոնք աստիճանաբար կշատանան: Մեր մարդկային ռեսուրսների հնարավորություններն անսպառ են, ի տարբերություն ժուռնալիստների երևակայության, որոնց շնորհիվ մեր տեղեկացվածությունը մի երկու գեներալից, հավերժ պատգամավորներից ու հաստաքամակ գեղեցկուհիներից էն կողմ չի անցնում:

  2. Հ.Շ. says:

    Հայաստանում հանքերի կարծեցեալ «վնասը» ընդհանրապէս չափազանցվում է: Անոնք ալ հարկաւոր են՝ երկրի տնտեսական զարգացման համար, գործ հայթայթելու համար, առաջդիմութան համար, եւայլն.

    Իսկ տուրիզմի պարագային, իսկապէս անտեղի մտահոգութիւն է:

    Երկիրը յարաբերաբար շատ մեծ է, տակաւին մեծ չափով խոպան եւ անբնակ, մի խօսքով՝ տակաւին փասատօրէն ենթա-զարգացած: Հանքային շրջաններից դուրս կան մեծաթիւ եւ շատ բաւարար տարածքներ, ուր զբօսաշրջիկները կարող են լայնօրէն եւ արատօրէն վայելել բնությունը, տեսարժան կամ պատմական վայրերը, այլազան կոթողները, ինչպէս նաեւ վայելել տեղացիների – աշխարհումս աննմա՛ն – մարդկային ջերմությունը, հարազատ հիւրընկալութիւնը…

    (Մի զգուշացում ունեմ միայն՝ որ հիւրասիրում էք, շատ բարի, սակայն անհրաժեշտ չի անպայման այդ տնական օղին մեծաքանակ հրամցնել… պիտի խնայել այդ երկնային նեկտարը, բացառիկ առիթների համար միայն…)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031