Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դրսում» պրակտիկայից հետո էլ ուսանողներն ապագան Հայաստանի հետ են կապում

Մայիս 09,2015 13:30

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ վերջերս իրենց մեկամսյա պրակտիկան են անցկացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Պրակտիկայի ավարտին Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան եւ պրոռեկտոր Արայիկ Նավոյանն այցելել են բոլոր այն վայրերը, որտեղ բնակվում եւ աշխատում էին իրենց ուսանողները: «Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը նշեց, որ հրաշալի տպավորություններ ունի. «Ուրախ էի, որ բոլոր այն հաստատություններն ու կառույցները, որոնք ընդունել էին մեր ուսանողներին, շատ գոհ էին նրանց աշխատանքից: Բարեբախտաբար, ամեն տարի պրակտիկայի ղեկավարները նույն կարծիքն են արտահայտում՝ հայ ուսանողները ինչպես մարդկային, այնպես էլ մասնագիտական լավ որակներ ունեն, հետաքրքրասեր են, կրթված: Մի խոսքով, Ֆրանսիայում մեր համալսարանի վերաբերյալ շատ լավ կարծիք է ձեւավորվել»:

Ժան Ժակ Մոնտուան կարեւորեց հատկապես հայկական համայնքը ներկայացնող կառույցներն ու այն անձանց, որոնք աջակցել են պրակտիկայի կայացմանը, նրանց թվում են՝ Սամսոն Օզարարատը (ՍՕՍ Հայաստան կազմակերպություն), Սիմոն Ազիլազյանը, Բեռնար Աթեմյանը (Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատ), Ժակ Կարապետյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիոնի մասնաճյուղ), Ստեփան Կոժայանը (Թուլուզի եւ Միդի Պիրինիի հայկական ընկերակցություն):
Ռեկտորը հատկապես կարեւորեց այն կազմակերպությունների դերը, որոնք հնարավորություն տվեցին այս տարի ֆինանսավորել ուսանողների պրակտիկաները Ֆրանսիայում՝ Մարսելի, Լիոնի եւ Նիցցայի քաղաքապետարաններ, «Բուլուկյան» հիմնադրամ:

Պրոռեկտոր Արայիկ Նավոյանը նշեց, որ Ֆրանսիական համալսարանը միակ հայկական բուհն է, որի ուսանողներից շուրջ 45-ն ամեն տարի պրակտիկա են անցնում Ֆրանսիայում, ինչի շնորհիվ հնարավորություն են ունենում բացահայտել ֆրանսիական մասնագիտական միջավայրը, կապեր հաստատել ֆրանսիացիների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Պրակտիկան արտերկրում մեծապես նպաստում է նաեւ Հայաստանում լավ վարձատրվող աշխատանքի ընդունմանը:

Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Յուրա Մելիք-Օհանջանյանը պրակտիկան անցել է Մարսելում: Տպավորված է ֆրանսիական մշակույթով, մարդկանց հետ շփումներով ու իր աշխատանքով: Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատում է աշխատել, տարբեր գործարարների հետ ծանոթացել:

Կառավարման ֆակուլտետի ուսանող Արթուր Վարդանյանը Ֆրանսիայի խոշորագույն համերգասրահներից մեկում է պրակտիկան անցկացրել, Վեներա Դանիելյանը՝ դարձյալ կառավարման ֆակուլտետից, Նիցցայում մասնակցել է տոնավաճառի կազմակերպման աշխատանքներին, որտեղ Հայաստանը որպես հյուր էր ներգրավված: «Բոլոր հյուրերին առաջարկում էինք այցելել Հայաստանի ստենդ, ծանոթանալ մեր մշակույթին, մեզ հետ բերել էինք գինի, ձեռագործ աշխատանքներ: Շատ ֆրանսիացիներ գիտեին Հայաստանի մասին, քանի որ ընկերներ ու ծանոթներ ունեին Հայաստանից»,- ասաց Վեներան: Նաեւ հավելեց, որ աշխատել է «Գրանտ Թորոնթոն» կազմակերպությունում, աշխատանքն էլ կապ ուներ աուդիտի ընթացակարգի եւ հաշվապահության հետ: Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Ստելլա Չանդիրյանը պրակտիկան անցել է «Օդիլ Բելինգա» փաստաբանական գրասենյակում, որը մասնագիտացած էր երեխաների իրավունքների պաշտպանությամբ եւ կանանց դեմ բռնության կանխարգելմամբ: Ստելլան փաստում է, որ Հայաստանում այդ ոլորտը գրեթե զարգացած չէ, մինչդեռ Ֆրանսիայում պատկերն այլ է, այնտեղ երեխան չի դատապարտվում չափահասի նման, եւ դատական նիստերն էլ ընթանում են հատուկ դատարաններում, որտեղ, նրա ձեւակերպմամբ, մթնոլորտը, դատավորի վերաբերմունքը, ամեն ինչ այլ է: Ստելլան մի բան էլ է նկատել, մինչ Ֆրանսիա մեկնելը, նա տեղյակ չէր, որ Եվրոպայում կանանց դեմ բռնությունն ահռելի չափերի է հասնում:

Նրա խոսքով. «Եվրոպայում, ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր չորս օրը մեկ մի կին է մահանում բռնության հետեւանքով»: Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Աննա Գեւորգյանի պրակտիկան անցել է Թուլուզում՝ քաղաքապետարանի իրավաբանական բաժնում: Ասում է՝ աշխատել է արդեն իսկ ընդունված օրենքների ու օրենքների նախագծերի վրա, այնքանով, որքանով դրանք առնչվում էին քաղաքապետարանին ու քաղաքաշինությանը: Նաեւ դատական պրոցեսների է մասնակցել վարչական դատարանում ու համայնքային խորհրդի նիստի, որ տարվա մեջ 6 անգամ է գումարվում: Աննան զարմացած է, ասում է՝ համայնքային խորհրդի նիստի ժամանակ մանրակրկիտ բոլոր կարծիքները հաշվի առնելով՝ քննարկվում էին անգամ ամենաթեթեւ հարցերը, օրինակ՝ այսինչ փողոցում պե՞տք է, արդյոք, ավտոբուսի կանգառ տեղադրել: Ֆրանսիական համալսարանի ուսանողներից Մերի Օսիպովան «Ռեյս Փարթներ» ֆինանսական կազմակերպությունում է աշխատել եւ զբաղվել պորտֆոլիոյի կառավարումով եւ ֆինանսական ռիսկերի օպտիմալացմամբ: Ասում է՝ շուկայի մարկետինգային որոնումներ էր կատարում ու շատ կուզենար հետագայում էլ այդ ճյուղով զբաղվել: Ապագա իրավաբան Անաիս Մոսեսյանը Լիոն քաղաքում Վալերի Դողի փաստաբանական գրասենյակում է աշխատել, որը մասնագիտացած է մտավոր սեփականության, քրեական ու ձեռնարկատիրական իրավունքի ոլորտում: Նա եւս ներկա է եղել դատական պրոցեսների: Աշոտ Սարգսյանի պրակտիկան էլ է հետաքրքիր անցել՝ Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատում նա աշխատել է Հայաստանում գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացման ուղղությամբ: «Ես պետք է ընտրեի որեւէ տարածաշրջան Հայաստանում, որտեղ առեւտրաարդյունաբերական պալատը ներդրումներ կաներ կամ կգտներ այդպիսի ընկերությունների: Ընտրեցի Տավուշի մարզը, որտեղ գյուղատնտեսությունը զարգացած է, իսկ Իջեւանը զարգացած է մասնավորապես կարպետների արտադրությամբ: Բացի այդ, զարգացման կարիք ուներ Տավուշի մարզը»,- հայտնեց Աշոտը:

Ինչպես մյուս ուսանողները, այնպես էլ Աշոտը տպավորված է հայ համայնքի հետ շփումներով, ջերմությամբ: Նա այցելել է նաեւ Մարսելի 12-րդ թաղամասում գտնվող Համազգային հայկական դպրոց, որտեղ ֆրանսիացիներ էլ են սովորում: Աշոտը ուրախ է, որ Մարսելում, որտեղ 80000 հայ է ապրում, հայերին սիրում ու հարգում են, հայերն աշխատող ու արարող ազգի համբավ ունեն: Մեզ հետ զրուցած բոլոր ուսանողներն էլ հայտնեցին, որ իրենց ապագան Հայաստանի հետ են կապում, իսկ արտերկիր կգնան միայն կատարելագործվելու ու այդ գիտելիքները հետագայում Հայաստանում իրացնելու նպատակով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` ֆրանսիայում պրակտիկա անցած ուսանողները:

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031