Լրահոս
Օրվա լրահոսը

Պարի պետականը «Կհիշի եւ կպահանջի» արտերկրում

Մայիս 09,2015 13:00

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը կազմավորման օրվանից (1958թ.) գրավել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային բազմաթիվ բեմեր՝ աշխարհին բարձրարվեստ ներկայացնելով հայ տղամարդկանց առնական ու կանանց քնարական պարը: Դեռեւս անցյալ տարվանից Պարի պետականը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համալրել է պարացանկը նոր բեմադրություններով: Այդ նպատակով հրավիրվել էր Վրաստանի ճանաչված «Սուխիշվիլի-Ռամիշվիլի» պետական անսամբլի բալետմայստեր Մուրիկո Գագոշիձեն, որն էլ բեմադրեց «Լեռնեցիների պարը»: Այս գործում վրացի կոլեգային օգնեց նաեւ Փարիզի «Նավասարդ» պարային անսամբլի բալետմայստեր Արման Չիլոյանը: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, Պարի պետականի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը բեմադրեց «Կատակ պարը» եւ վերականգնեց Գագիկ Կարապետյանի «Զարթոնքը»՝ Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ եւ այլն:

Այս տարի անսամբլի համերգները նույնպես սկսվեցին «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով: Շքեղ ծրագիր էր ներկայացված ապրիլի 28-ին՝ պարի միջազգային օրվա առիթով: Այդ երեկո մշակույթի նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին անսամբլի որոշ մենակատարներ, մենապարող Տիգրան Եսաֆյանն էլ արժանացավ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ մենապարուհի Ժաննա Գալստյանը՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

cha

«Առավոտի» հետ զրույցում Ասատուր Կարապետյանն ասաց, որ անսամբլն իր պարացանկում եղած շուրջ 30 պարային համարներով չի սահմանափակվում: Առաջիկայում մտադրություն ունի պարացանկը համալրել ազգագրական այլ համարներով, իսկ կոմպոզիտոր, անսամբլի գործիքային մասի ղեկավար Հայկ Գրիգորյանն էլ մտմտում է հերթական երաժշտությունը՝ նոր պարային համարի առիթով: Մայիսի 10-ին Գյումրիում, ապա Վանաձորում ու Սպիտակում Պարի պետականը հանդես կգա նույն ծրագրով:
Անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանն էլ ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կշարունակվեն անսամբլի ելույթները ՀՀ մյուս մարզերում ու քաղաքներում: «Աշնանը հյուրախաղերով հանդես կգանք եվրոպական մի շարք երկրների հեղինակավոր սրահներում: Օրինակ, Իսպանիայում՝ Բարսելոնայի Tiatro Principial-ում, Ֆրանսիայի Մարսել քաղաքի Palais des congres դահլիճում, Հոլանդիայի հայաշատ Ալմելո քաղաքի Eatonzaal-ում, հետո Գերմանիայի Բոնն քաղաքի Bruckenforum-ում եւ այլն»,- հայտնեց պարոն Չանչուրյանը: Հավելեց նաեւ, որ Փարիզում անսամբլի գլխավոր բալետմայստերն ու արտիստները վարպետության դասեր կանցկացնեն տեղի «Նավասարդ» պարախմբի հետ:

Հարցին, թե ո՞վ է այս «մասշտաբային» շրջագայության հեղինակը, պարոն Չանչուրյանը հայտնեց մշակույթի նախարարության, թվարկած երկրների հայ համայնքների, ինչպես նաեւ այդ երկրներում ՀՀ դեսպանատների անունները:

Մեր հետաքրքրությանը, թե Պարի պետականի գլխավոր բալետմայստերը ինչպե՞ս է պատրաստվում նշել ծննդյան 65 եւ ստեղծագործական գործունեության 45 ամյակները, Ասատուր Կարապետյանի պատասխանը հետեւյալն էր. «Կարծում եմ՝ համակարծիք կլինեն կոլեգաներս. ցանկացած արտիստի համար առաջնայինը հոբելյանը չէ, այլ ամենօրյա, ստեղծագործ աշխատանքը եւ դրա արդյունքը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031