Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «360 Stories» ծրագիրը կօգնի վիրտուալ ճանապարհորդություն կատարել Հայաստանում

Մայիս 09,2015 12:30

ՄԻ քանի հայ ծրագրավորողներ ստեղծել են «360 Stories» անվանմամբ ծրագիր, որը թույլ է տալիս վիրտուալ ճանապարհորդություն կատարել Հայաստանում: Ծրագրում ներառված են Հայաստանի գրեթե 120 տուրիստական վայրեր, որոնք երեւում են «Google» ընկերության տրամադրած քարտեզների վրա: Մարդիկ կարող են «վիրտուալ զբոսնել» եւ երբ այցելեն Հայաստան ու արդեն իրական զբոսանք կատարեն, կարող են ծրագրի միջոցով իրենց պատմություններով կիսվեն: «360 Stories»-ում արդեն 4000 պատմություններ կան, որոնց մեծ մասը հեղինակներն են գրել:

Ալբերտ Պողոսյան

Ծրագրի համահիմնադիր Ալբերտ Պողոսյան

«360 Stories»-ի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ծրագիրը ստեղծվել է 3 տարվա ընթացքում. «Ամենասկզբից ուղղակի Երեւանի փողոցներն էին, հետո մի քանի այլ վայրեր: Այնուհետեւ կամաց-կամաց փոխեցինք, լրիվ նոր կայք պատրաստեցինք ու պատմություններ գրեցինք: Այդ ժամանակ ամբողջ Երեւանը ներառվեց ծրագրում, իսկ դրանից առաջ միայն կենտրոնն էր: Հետո նոր գործառույթներ ու ուրիշ հետաքրքիր բաներ ավելացրեցինք: Անցած տարի էլ բջջային ծրագիրը ու վիրտուալ իրականությունը պատրաստեցինք»:

Տարբեր ժամանակներում տարբեր քանակի մարդիկ են աշխատել «360 Stories»-ի վրա, իսկ այժմ 8 հոգի են: Ծրագիրը ստեղծելուց առաջ, Ալբերտ Պողոսյանի խոսքերով, իրենք հասկացել են, որ վիրտուալ իրականությունը (virtual reality) ապագա է: Ու շատ մոտ ապագայում անգամ Facebook-ը վիրտուալ իրականության մեջ կլինի. «Գիտեինք, որ իրականում այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ փոխվում է, այդքան էլ արագ չի լինում եւ կարելի է հասցնել որակյալ բան պատրաստել: Մենք առաջին հերթին ուզում էինք Հայաստանը շատ որակյալ ցույց տայինք»:

«360 Stories»-ը պատրաստելու հարցում ծրագրավորողներին օգնել է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Օգնել են՝ 360armenia.com կայքն ենք պատրաստել: Օգնել են նաեւ Հայաստանի տարբեր վայրերը նկարելիս: Համագործակցությունը հետագայում կշարունակվի: Հարյուր տուրիստական վայր ենք նկարել»,- ասում է Ալբերտ Պողոսյանը: Այժմ հեղինակները ծրագրի համար եկամուտ չեն ակնկալում: Նրանք ցանկանում են գումար աշխատել Եվրոպա մեկնելուց հետո: Ալբերտ Պողոսյանը նշեց, որ ծրագրում հետագայում այլ քաղաքներ էլ կներառվեն. «Հիմա Գերմանիայի Քյոլն քաղաքն ենք պատրաստում»:

Ծրագիրն ունի էլեկտրոնային կայք` www.360stories.am: Կա նաեւ iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված բջջային հավելված: «360 Stories»-ի համահիմնադիրի խոսքերով՝ այժմ պատրաստվում է Android-ի համար նախատեսված ծրագիր. «Մենք ավելի շատ iOS-ի փորձ ունեինք, դրա համար որոշեցինք առաջինը iOS-ի համար թողարկել: Ծրագիրը համացանցից է քաշում ամբողջ պարունակությունը, այդ պատճառով տարբերություն չկա՝ iOS, թե Android»:

Անդրադառնալով ներբեռնումներին՝ Ալբերտ Պողոսյանն ասաց, որ թեեւ ծրագիրը 2 շաբաթ առաջ է հրապարակվել, բայց արդեն 8500 ներբեռնում կա. «Իսկ կայքի այցելությունը շատ ավելի մեծ է. մոտավորապես ամսական 100.000 այցելու ունենք: Կան նաեւ 3000 գրանցված օգտատերեր: Հիմնականում Հայաստանից դուրս են ներբեռնողները, քանի որ այստեղ չենք տարածում: Մեր խնդիրը տուրիստներն են ու «Cardboard»-ներն էլ ենք անվճար բաժանում»:

inovacia-3

«Carboard»-ն իրենից ներկայացնում է երկու լինզաներով ստվարաթղթե մի տուփ, որն ակնոցի տեսք ունի: Դա նույնպես պատրաստել են «360 Stories»-ի ծրագրավորողները: «Երբ հեռախոսը տեղադրում ես մեջը, լինզաների աշխատանքի շնորհիվ քեզ թվում է, թե այդ պատկերի մեջ ես հայտնվել: Դա հենց վիրտուալ իրականությունն է: Այդ 360 աստիճանով պատկերների համար ունենք հատուկ նկարող սարք, որի միջոցով բարձր տեղերից նկարահանումներ ենք կատարում»,-ասում է Ալբերտ Պողոսյանը:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Ալբերտ Պողոսյանի Ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031