Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄԴ-ում մեկնարկած Հայաստանի լողի առաջնությանը, որը շարունակվելու է երեք օր, մասնակցում են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 77 լողորդներ:
Առաջնության արդյունքով կազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը նախապատրաստվելու է այս մրցաշրջանում կայանալիք պաշտոնական պատասխանատու մեկնարկներին:
Գլխավոր մրցավար եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի խոսքերով, նախորդ առաջնությունների համեմատ արձանագրվել է ոչ միայն մասնակցության աճ, այլեւ արդեն առաջին օրվա արդյունքներով՝ ցուցանիշների բարելավում: «Այսօր լողորդները հարաբերությունները պարզեցին վեց մրցաձեւում:
Արդյունքներն ընդհանուր առմամբ վատ չեն: Եղան լողորդներ, որոնք բավականին լավացրեցին իրենց անձնական արդյունքները, իսկ «Ակվալենդի» ներկայացուցիչ Մոնիկա Վասիլյանը, որին դեկտեմբեր ամսին Դոհայում կայացած աշխարհի առաջնության արդյունքներով այսօր հանձնվեց միջազգային կարգի սպորտի վարպետի հավաստագիր, ոչ միայն բարելավեց իր արդյունքը, այլեւ սահմանեց ազատ ոճի հանրապետության նոր ռեկորդ», – ասաց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ