Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի գյուղապետ Արտաշես Սահակյանի համոզմամբ, այդ օրենքը անհեթեթություն է, որը նրա կարծիքով ոչ էլ կկիրառվի: «Ես էդպես եմ հասկանում ՝ անհեթեթություն է, եթե որեւէ մեկը կարող է հարցնել՝ էդ ո՞նց որ անհեթեթություն է, ես լավագույն դեպքում կարամ բացատրեմ՝ համ ընտեղ տամ, համ ըստեղ տա՞մ…Եթե ես քո երկրի ներսում չեմ, շատ ներողություն, հազար անգամ ներողություն, ո՞նց կարելի է ընտեղի աշխատածը բերեմ ստեղ տամ, էդ ռուսն է թույլ տվել, որ էդպես էղնի, դուրս է գալիս 24 տոկոս, էդ մարդուն էլ ի՞նչ կմնա, էլ այլեւս չի գա մարդը, ես էդպես կզգամ»:
Ըստ գյուղապետի, մարդու ապրելու միակ հնարավորությունը կտրում են գլխից: Aravot.am-ի հարցին, թե ձեր գյուղից շա՞տ են գնում արտագնա աշխատանքի, գյուղապետն ասաց. «Շատ-շատ»: Իսկ թե ո՞ր են գնում, նա թվարկեց. «Հեռավոր Արեւելյան շրջաններ, Պրիմորսկի շրջան, Սախալին…»:
Իսկ ընտանիքներով են գնո՞ւմ: «Այո, նրանք շատ են գնում, թեեւ էս վերջերս ընտանիքով գնալը դադարել է, բայց նայեք տենդենցը ինչ ձեւի է՝ ենթադրենք տունը կա տարեց, շատ ներողություն, ենթադրենք էդ տարեցը այլեւս չեղավ, երիտասարդ ընտանիքը եթե գործ չունեցավ էստեղ, ստիպված կգնա»: Ըստ գյուղապետի, սահմանային այս գյուղը արոտավայրեր չունի, կաթի մթերման գները էժան են, խոտի, անասնակերի գինը թանկ է, ձեռնտու չէ ապրելը գյուղում:
Գյուղի տղամարդկանցից մեկն էլ փաստեց, որ գյուղի 70 տոկոսը դրսում է:
Նուեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ