Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր էր անհետացել դիակը

Մայիս 08,2015 20:11

Ինչո՞ւ զննության ենթարկվեցին Երեւանի եւ Ջրվեժի գերեզմանատան թաղումների գրանցամատյանները

Լ. Ջանիկյանն առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով թույլտվության, առանց հաշվի առնելու հանգուցյալ ամուսնու՝ Գ. Հ-ի հուղարկավորության կազմակերպումը ստանձնած որդիների կարծիքը, իր կողմից կրկեսի մոտի տարածքից վարձված բանվորների հետ միասին Ջրվեժ գյուղի գերեզմանատանը հուղարկավորված Գ. Հ-ի դին տեղափոխելով և վերահուղարկավորելով Երևանի կենտրոնական գերեզմանատանը, «անարգանքի է ենթարկել հանգուցյալի հիշատակը»: Ըստ քննիչի, անարգանքի չի ենթարկել, այլ «բարենպաստ պայմաններ» է ապահովել հանգուցյալի համար :

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ն. Մովսիսյանի  «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ մարզի դատախազ Վ.Միլիտոնյանին է դիմել փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Պարզվում է, անցյալ տարվա սեպտեմբերին Լ. Ջանիկյանն իր կողմից վարձված բանվորների հետ միասին Ջրվեժի գերեզմանատանը հուղարկավորված ամուսնու՝ Գ.Հ-ի դին տեղափոխել և վերահուղարկավորել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:Գ.Հ-ի տղաները՝ առաջին կնոջից ծնված, հոր թաղումն իրականացրած, ինը ամիս հետո գնալով այցի, տեսնում են, դիակը չկա, գերեզմանը բաց:

Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ըստ փաստաբանի,  քրեական գործով ցուցմունքներ են տալիս հանգուցյալի որդիները՝ Կ. և Գ. Հ-երը, կինը՝ Լ. Ջանիկյանը, նրանց փաստաբան Խ. Խալաթյանը, գյուղապետը և գյուղապետարանի առաջատար մասնագետը, Երևանի Կենտրոնական գերեզմանատան հսկիչներ Կ. Խաչատրյանը և Բ. Հովհաննիսյանը, ինչպես նաև՝ զննության է ենթարկվում Երևանի և Ջրվեժ գյուղի գերեզմանատների թաղումների գրանցամատյանները:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ն. Մովսիսյանը որոշում է կայացնում, որպեսզի հիշյալ քրեական գործով Լ. Ջանիկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի: Քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Փաստաբանը մի շարք իրավունքների եւ խախտումների կողքին նշել էր «Հուղարկավորությունների կարգավորման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի մասին եւս, որը ըստ նրա  «կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները»:

Ըստ այդ օրենքի 2-րդ հոդվածի ` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողները մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (ամուսին, հարազատներ, ազգականներ և այլն) են, իսկ վերահուղարկավորումը հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելն է: Օրենքով,  մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Ըստ բողոքաբեր կողմի, տեղի է ունեցել հակառակը.դիակն անարգանքի ենթարկվել: Մասնավորապես,  ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն.

«Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը» այն է, որ քրեորեն հետապնդելի արարք է, եւ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:Իսկ եթե խմբի կողմից է՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից 800-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 1- 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Փաստաբան Գ. Գալիկյանի գնահատմամբ, դիակի նկատմամբ կատարվող յուրաքանչյուր այդպիսի արարք վիրավորական է մահացածի հիշատակի համար եւ որ նշանակություն չունի՝ դիակը թաղված է եղել օրինական վայրում, թե ոչ:

«Տվյալ դեպքում հանգուցյալ Գ. Հ-ի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողները եղել են հանգուցյալի տղաները, իսկ կինն, առանց հաշվի առնելու տղաների ցանկությունը, վարձելով պատահական բանվորներ, ուղղակի հանել է հանգուցյալի դագաղը և տեղափոխել այլ գերեզմանատուն, սակայն, մահացածի մարմինը (աճյունը) կարող էր միայն վերահուղարկավորվել` ՀՀ կառավարության սահմանած կարգով» aravot.am-ին ասում է Գ.Գալիկյանը:Ըստ նրա,  Լ. Ջանիկյանն, առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով թույլտվության, առանց հաշվի առնելու հանգուցյալ Գ. Հ-ի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների կարծիքը, իր կողմից վարձված բանվորների հետ միասին Ջրվեժ գյուղի գերեզմանատանը հուղարկավորված Գ. Հ-ի դին տեղափոխելով և վերահուղարկավորելով Երևանի կենտրոնական գերեզմանատանը, անարգանքի է ենթարկել հանգուցյալի հիշատակը:

Քրեական գործի քննության փուլում փաստաբանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ինչ քննիչը չի անդրադարձել վարձու բանվորների անձանց ինքնության պարզմանը,  նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին, քանի որ ըստ փաստաբանի, «նրանք, իրենց գործողություններով օժանդակել են Լ. Ջանիկյանին»:

Փաստաբանը պահանջում է վերացնել նշյալ քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ն. Մովսիսյանի` «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը եւ լուծել Լ.Ջանիկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031