Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Գայանե Առուստամյանին սպասելիս ամաչում էի, որ հայկական անձնագիր ունեմ»

Մայիս 08,2015 20:05

«Կատարվածն, իհարկե՛, պետական ահաբեկչություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գայանե Առուստամյանին բերման ենթարկելուն ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Հինգշաբթի՝ մայիսի 7-ին ոստիկանները բերման էին ենթարկել լրագրող Գայանե Առուստամյանին: Վերջինս հայտարարել էր, որ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում, երբ ոստիկանը սուլել էր, ինքը բացականչել է՝ «ինչի՞ ես սուլում, է՛շ», որից հետո ոստիկանը քաշքշել է իրեն եւ բղավել: Ի պատասխան ոստիկանի՝ Գայանե Առուստամյանը եւս բղավել է: Նրա պնդմամբ՝ չորս ոստիկաններ հարձակվել են իր վրա, թեւերը ոլորել, բռունցքով հարվածել, իսկ ձեռնաշղթաներն այնքան ձիգ են ամրացրել, որ բանալին կոտրվել եւ հետո ոստիկաները ստիպված են եղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը դիմել՝ Գայանե Առուստամյանին ձեռնաշղթաներից ազատելու համար:

Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ ոստիկանության պահվածքը մարտահրավեր է. «Այն, ինչ կատարվեց Գայանեի հետ ապացուցում է, որ մենք՝ որպես քաղաքացիներ, պահանջենք, որ օրենքով արգելվի ոստիկանությանը նման դեպքում օգտագործել ձեռնաշղթաներ եւ մահակներ: Հույս չունեմ, որ այդ գորիլաները երբեւէ մարդ կդառնան, բայց օրինական սահմանափակումներն անհրաժեշտ են: Դա, իհարկե՛, կապիկություն էր»:

Նա նկատեց, որ այդ օրը Գայանե Առուստամյանի համար օգտագործվել են հանրապետության գրեթե բոլոր ծառայությունները. «Երեկ, երբ սպասում էինք Գայանեին, ես ամաչում էի, որ հայկական անձնագիր ունեմ»:

Անդրադառնալով Գայանե Առուստամյանի՝ ոստիկանին վիրավորելուն՝ Տիգրան Խզմալյանն ասաց. «Կարծում եմ, որ Գայանեն սխալվել է, երբ ոստիկանին էշ է անվանել. Նա էշ չէ, նա գորիլա է: Ես բազմաթիվ երկրներում ոստիկանների հետ առնչվել եմ, իհարկե՛, որեւէ երկրում չեն սիրում, երբ վիրավորում են ոստիկանին, բայց ոստիկանը վերին աստիճանի պատրաստված, սառնասիրտ եւ յուրահատուկ հատկություններ ունեցող մարդ պետք է լինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031