Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի հայտնի սոցիալիստը Թուրքիային մեղադրում է ոճրագործությունը կրկնելու մեջ

Մայիս 08,2015 19:50

Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ, Իտալիան ներկայացնող Ջակոմ Ֆիլիբեք

«Պատմությունը հնարավոր չէ փոխել, կեղծել, հնարավոր չէ թաքցնել այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ և դեռ ավելի վաղ: Ժխտել այդ ոճրագործության փաստը, նշանակում է կրկնել այդ ոճրագործությունը կրկին ու կրկին, այն էլ անմեղ մարդկանց կաշվի վրա»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և սեփական պատմության առերեսումից խուսափելու հարցում, այսպես պատասխանեց Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ, Իտալիան ներկայացնող Ջակոմ Ֆիլիբեքը:

Նա Հայաստանում է Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովի (IUSY World Council) շրջանակներում: Մեր այն դիտարկմանը, թե անգամ Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնի հայտարարություններից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակեց իր ժխտողականության քաղաքականությունը, Ջակոմ Ֆիլիբեքը նշեց. «Իմ անձնական կարծիքն է, որ Հռոմի պապի խոսքերն անկեղծ ու հարգանքի արժանի էին: Ինչ վերաբերում է թուրքական ժխտողականությանը, ապա ճանաչման և հատուցման գաղափարախոսությունը պետք է բխի հասարակությունից»: Որպես զուգահեռ նա անցկացրեց ֆաշիստական Գերմանիայի վարած քաղաքականությունը հրեաների նկատմամբ և նշեց, թե մինչև այժմ անգամ իրենք՝ իտալացիները, որոնցից շատերը նույնիսկ այդ տարիներին ծնված էլ չեն եղել, ամոթի զգացում ունեն այն բանի համար, որ իրենց երկրում հանդուրժել են նման հակամարդասիրական ռեժիմ:

Մեր այն դիտարկմանը, բայց ի տարբերություն Գերմանիայի, որը ընդունել է իր մեղքը, Թուրքիայի համար անգամ հոգ էլ չէ, համենայն դեպս դա են վկայում Էրդողանի հայտարարությունները, մեր զրուցակիցը արձագանքեց. «Թուրքական քաղաքական վերնախավի պատկերացումներն ու մոտեցումները այլ են: Այստեղ խնդիրը դա չէ, այլ այն, որ ճանաչման ու հատուցման գաղափարախոսությունը պետք է բխի թուրք հասարակությունից»:

02-Բուլղարիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Դիմիտար Միտևը

02- Բուլղարիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Դիմիտար Միտևը

Բուլղարիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Դիմիտար Միտևը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ բուլղար ժողովուրդը հայ եղբայրներին է սատարում, իրենց երկրում 20.000-ից հայեր են ապրում, որոնց թվում են հայտնի լրագրողներ, իրավաբաններ, գործարարներ ու բժիշկներ: Նա տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ իրենց խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցը:

Դիմիտար Միտևը Հայոց ցեղասպանությունը համեմատեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացրածի հետ ու դառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն՝ ասաց. «Աշխարհն է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ուստի հույս ունեմ, որ Թուրքիային մնում է մի բան. ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խնդիրն այն է, Էրդողանի գլխավորությամբ մի քանի արմատականներ շրջափակել են Թուրքիան և թույլ չեն տալիս, որպեսզի այդ երկիրը առաջ գնա, բռնի ժողովրդավարական ուղին, այլ անընդհատ դեպի բռնատիրություն, դեպի ետ են մղում թուրք հասարակությանը»: Բուլղարացի գործիչը հույս ունի, որ գուցե Թուրքիայի առաջիկա ընտրությունները ինչ-որ բան փոխեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031