Հինգշաբթի՝ մայիսի 7-ին, բերման էր ենթարկվել Գայանե Առուստամյանը՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Գայանե Առուստամյանը ոստիկանության բաժանմունքում երեք ժամ պահվել է ձեռնաշղթաներով: Ոստիկանությունից դուրս գալուց հետո՝ Գայանե Առուստամյանը հայտարարել էր , որ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում, երբ ոստիկանը սուլել էր, ինքը բացականչել է՝ «ինչի՞ ես սուլում, է՛շ», որից հետո ոստիկանը քաշքշել է իրեն եւ բղավել: Ի պատասխան ոստիկանի՝ Գայանե Առուստամյանը եւս բղավել է: Նրա պնդմամբ՝ չորս ոստիկաններ հարձակվել են իր վրա, թեւերը ոլորել, բռունցքով հարվածել, իսկ ձեռնաշղթաներն այնքան ձիգ են ամրացրել, որ բանալին կոտրվել եւ հետո ոստիկաները ստիպված են եղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը դիմել՝ Գայանե Առուստամյանին ձեռնաշղթաներից ազատելու համար:
Կատարվածի մասին Aravot.am-ը զրուցեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Նա նկատեց, որ վերջերս բավականին շատ են պատահում դեպքերը, երբ ոստիկանների ուժի կիրառումը չի համապատասխանում իրավիճակին. «Հաշվի առնելով, որ խոսքը Գայանե Առուստամյանի մասին է, որը հաստատ ֆիզիկական դիմադրություն ցուցաբերելու կամ ոստիկանների առողջությանը վնաս հասցնելու հնարավորություն, փորձ եւ ցանկություն չէր կարող ունենալ: Սա այն դեպքերից է, երբ ոստիկանությանը տրված հնարավորությունները ոչ համաչափ է կիրառել ե՛ւ ձեռնաշղթաների առումով, ե՛ւ բերման ենթարկելու առումով: Ինձ թվում է, որ կարելի էր ավելի քաղաքակիրթ ձեւեր գտնել»:
Անդրադառնալով Գայանե Առուստամյանի՝ ոստիկանին վիրավորելուն՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ անթույլատրելի է հրապարակայնորեն ինչ-որ մեկին, նամանավանդ իշխանության ներկայացուցիչին էշ անվանելը. «Ոստիկանները պետք է բավարար պրոֆեսիոնալ լինել, որպեսզի մարդկանց հետ հարաբերություններում այնպիսի միջոցներ գտնել, որոնք մի կողմից այդ մարդու իրավունքները պահպանելու հնարավորություն կտան, մյուս կողմից հնարավոր կլինի խնդիրը լուծել: Եթե ոստիկանները պրոֆեսիոնալ գործեին այդպիսի աղմկահարույց միջադեպ չէր լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մեր ոստիկանությունն իհարկե աչքի լույս չի,սակայն, իմ կարծիքով,տվյալ դեպքում գործել է իր լիազորությունների շրջանակում:Որքան էլ մեր իշխանության ներկայացուցիչներից շատերը չհամապատասխանեն մարդկային որակներին,այդ մասին բարձրաձայնելու իրավունք ոչ ոք չունի,քանի որ դա արդեն վիրավորանք է անձի նկատմամբ:Բացի դրանից,ոստիկանին ,,էշ,, անվանելուց հետո թե ինչ վարքագիծ է դրսևորել այդ լրագրողուհին,այդ մասին ,,համեստորեն,,ոչինչ չի ասվում:Ոստիկանից բարեկիրթ վերաբերմունք պահանջելուց առաջ քաղաքացին ևս նրա հանդեպ պետք է բարեկիրթ լինի (առավել ևս լրագրողը) :Թե չէ,ստացվում է,որ այդ լրագրողուհին ոստիկանին վիրավորելուց հետո էլ ոչինչ չի ասել և ,,հերոսաբար,, դիմացել է ոստիկանների ,,կտտանքներին,,: Նրան ուղղակի պետք էր ենթարկել վարչական տուգանքի և բաց թողնել:Չգիտեմ հիմա ինչպես,բայց նախկինում աշխատանքի վայր միջնորդագիր էին ներկայացնում,կոլեկտիվում անձի վարքը քննելու համար: