Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն այն տասը կուսակցությունների շարքում է, որտեղ առաջիկայում ստուգումներ են նախատեսված: Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում:
Սոս Գիմիշյանը այդ ստուգումների մասին տեղեկություններ չունի ու Aravot.am-ին ասաց՝ զարմացած է. «Ձեզանից եմ առաջին անգամ լսում, որ ստուգումներ են լինելու: Բայց ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչն են ստուգում, ինչու են ստուգում, ով է ասել, որ իրենք իրավունք ունեն ստուգել: Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր գաղափարակիցների հետ ստեղծել կուսակցություն ու սահմանադրական կարգից ելնելով՝ չի նախատեսվում, որ կարող են ստուգել, ով է ասել, որ պետք ստուգեն»:
Նա նաեւ նկատեց, որ կուսակցության մասին օրենքն ու սահմանադրությունը կուսակցության գործունեության մասին հակասություններ ունեն, օրինակ` սահմանադրությունում նշված է ՝ յուրաքանչյուր ոք կարող է կուսակցություն ստեղծել, իսկ կուսակցության մասին օրենքում նշված է՝ կուսակցության անդամների թիվը 2000-ից պակաս չպետք է լինի. «Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ նրանք իրավունք ունեն ստուգումներ անցկացնել, ամեն ինչ կանեմ, որ նման բան տեղի չի ունենա, իսկ նպատակները հայտնի են ու հասկանալի: Մեր երկրում որոշել են մի երկու կուսակցություն ստեղծել, մյուս բոլորը վերացնել եւ ինչպես շատ արեւմտյան երկրներում այդ երկու կուսակցությունների հետեւում կանգնած օլիգարխները որոշեն մեր քաղաքական ապագան:
Ուզում են փակել կուսակցությունները. երկար ժամանակ այդ մասին խոսվում է՝ սահմանադրությունում այնպիսի փոփոխություններ արվեն, որ բերի կուսակցությունների խոշորացմանը, չեմ հասկանում՝ իմ փոքրիկ կուսակցությունն ում է խանգարում: Այսինքն, ապագա սերունդները, եթե զզված լինեն ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից եւ ուզենան ավելին առողջ կուսակցություններ ստեղծել, ինչպես են ստեղծելու: Այնպիսի պայմաններ են դնելու, որ ապագա սերունդները հնարավորություն չունենան ու եթե ուզում են քաղաքականությամբ զբաղվել գնան վարկաբեկված, ժողովրդի շահերը չապահովող ՀՀԿ, ԲՀԿ կամ այլ կուսակցություն: Նպատակը սա է, խնդիր չունեմ, գիտեմ սահմանադրական իմ իրավունքը, չեմ խանգարում ոչ մեկի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ