Մայիսի 7-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Վաշինգտոնում գումարված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեմական պատգամավորական տարեկան ժողովը:
Ժողովին Վեհափառ Հայրապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ողջունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` ուրախություն հայտնելով Նորին Սրբության ԱՄՆ Արևելյան թեմ հովվապետական այցի և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները նախագահելու առիթով: Խաժակ Սրբազանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի գակալության տարիների ընթացքում ազգային և եկեղեցական կյանքում արձանագրվող հաջողություններին և իր, թեմի հոգևոր դասի, ժողովի անդամների ու հավատավոր հայորդյաց անունից որդիական երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին:
Ժողովի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ու օրհնությունը բերեց Թեմական պատգամավորական 113-րդ ժողովի մասնակիցներին: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով իր հայրապետական այցին Վաշինգտոն` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ ամերիկաբնակ հայորդիները Հայոց Եղեռնի սուրբ նահատակների հավատավոր ու հայրենասեր ոգու և գործած սխրանքի լույսի ներքո հետամուտ են պածառազարդելու ազգային ու հոգևոր իրենց կյանքը:
«Սիրելիներ, ամերիկահայ համայնքը Հայոց Ցեղասպանության հետևանք է: Անցյալ դարասկզբին հայրենազրկված հայորդիները կյանքի ապահովություն գտան օվկիանոսից այս կողմ՝ Միացյալ Նահանգների օրհնյալ երկրում: Եղեռնահար մեր հայրերը կարճ տարիներ անց, հաղթահարելով մտայնության, լեզվական ու մշակութային դժվարությունները, հիմնեցին ազգային դպրոցներ, եկեղեցիներ ու մշակութային հաստատություններ և մեծանուն գրողի՝ Վիլիամ Սարոյանի բնորոշմամբ կառուցեցին §Նոր Հայաստան¦: Այսօր Դուք, ձեր հայրերի արժանավոր զաւակներդ, հավատքի արդյունավոր գործերի դրսևորումով շարունակում եք նախանձախնդիր լինել ամերիկահայության հոգևոր-եկեղեցական և ազգային անդաստանի բարգավաճմանը և գովելի ընթացքով ու ջերմ սիրով առ Հայրենիք ու Եկեղեցի, ձեր կյանքը բարեզարդում նորանոր եկեղեցաշեն ու հայրենանվեր իրագործումներով», – նշեց Վեհափառ Հայրապետը:
Կարդացեք նաև
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության կործանարար հետևանքների, նաև խորհրդային իշխանությունների վարած անաստված, հակաեկեղեցական քաղաքականության պատճառով Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին` մասնավորապես նշելով, որ խաթարվեցին եկեղեցական ավանդույթները, եկեղեցական կյանքի առաջնորդության համար անհրաժեշտ կանոնները հաստատվեցին ըստ տարբեր երկրների կրոնական կազմակերպությունների վերաբերյալ պատկերացումների և օրենքների: «Այսօր մեր թեմերի կանոնադրություններում առկա են բազմաթիվ բացթողումներ, նույնիսկ մեր Եկեղեցու ավանդությանը, կարգերին ու կանոններին անհամապատասխան օրենքներ, որոնք հաճախ խոչընդոտ են հանդիսանում մեր Եկեղեցու գործունեության համար:
Մեր ժողովրդի հոգևոր խնամքի և թեմերի գործունեության առաջընթացի համար էապես անհրաժեշտ է եկեղեցական կյանքի կանոնակարգումը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրության մշակումն ու հաստատումը և թեմական ու ծխական կանոնադրությունների բարեփոխումը: Օրակարգում է շարունակում մնալ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից հաստատված՝ Թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի ներդրման գործընթացը, որը կարևոր ենք նկատում մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի գործունեության և հայորդյաց հոգևոր ու ազգային կյանքի առավել արդյունավոր կազմակերպման համար:
…Մենք բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, որ Կանոնադրության ուղենիշը հիմնված է աստվածաշնչյան հասկացությանց, մեր եկեղեցական իրավունքի ու կանոնների վրա և այն որևէ կերպ չի սահմանափակում թեմերի իրավասություններն ու լիազորությունները: Այս գործընթացում հապաղումները տկարացնում են մեր Եկեղեցու առաքելությունը՝ շարունակելով տեղիք տալ նաև կամայական դրսևորումների», – ասաց Գարեգին Բ Հայրապետը` գնահատանքով անդրադառնալով թեմական կանոնադրության մեջ ուղենիշային փաստաթղթի դրույթների ընդգրկման ուղղությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում տարվող աշխատանքներին և հորդորելով ավարտի առաջնորդելու թեմական կանոնադրության բարեփոխման գործընթացը` ի նպաստ Հայոց Եկեղեցու և Արևելյան թեմի շինության, հայ ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքի զորության:
Թեմական պատգամավորական ժողովի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, ինչպես նաև հոգևոր դասին, հոգևորականաց առաքելությանն աջակցող թեմական ու ծխական խորհուրդների, թեմական կառույցների, համայնքային կյանքը աշխույժով լցնող բարեսիրական, կրթական, ազգային, մշակութային հաստատությունների անդամներին ու աշխատակիցներին: Նորին Սրբությունը պատգամեց ամենքին` նույն եռանդով, եկեղեցանվիրումի և հայրենանվիրումի աննկուն ոգով, հայ կյանքի բարօրության ու պայծառության տեսլականով նախանձախնդիր շարունակել բարեզարդել Ամերիկայի հայ համայնքը:
Վերջում Հայոց Հայրապետը հարց ու պատասխանի շրջանակներում ժողովականներին տեղեկություններ փոխանցեց թեմական կանոնադրության ընդունման գործընթացի և Մայր Աթոռի կողմից իրագործվող ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ:
Թեմական պատգամավորական ժողովի մասնակիցները դիտեցին նաև ֆիլմ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեության վերաբերյալ: