Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները լուծելու համար ՓՄՁ-ները պետք է համախմբվեն»

Մայիս 08,2015 17:56

«ՓՄՁ տարբեր ոլորտներում կան բարեփոխումներ, սակայն դեռ կան ոլորտներ, որտեղ անելու գործեր կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպության Վայքի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը:

Նա այդ խնդրահարույց ոլորտներից առանձնացրեց հարկային ոլորտը. «Անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները շատ մեծ ազդեցություն են ունենում գործարարի համար: Այսինքն՝ մինչեւ գործարարը մի հարկատեսակին է հարմարվում, հարկային դաշտում փոփոխություն է տեղի ունենում եւ ինքը կորում է. նա չի իմանում, թե ի՞նչ պետք է անի, ի՞նչ հաշվետվությունը պետք է տա, ինչպե՞ս պետք է տա, ի՞նչ հարկատեսակ պետք է ընտրի: Այդ տեսանկյունից փոփոխությունը վատ ազդեցություն ունի»:

Լիլիթ Հակոբյանը շեշտեց, որ միաժամանակ կան ոլորտներ, որտեղ բավականին մեծ գործ է արված: Այդ ոլորտներից նա առանձնացրեց ընտանեկան բիզնեսը. «Այն ազատում է հարկերից եւ մեծ խթան է հատկապես այն մարդկանց համար, որոնք ընտանիքով են բիզնես սկսում, փոքր արտադրություններ են ունենում: Այդ ոլորտում՝ հարկատեսակը շատ լավ է աշխատում»:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Վայքի ներկայացուցիչ Հազարավարդ Թարոյանը, անդրադառնալով Վայքում ՓՄՁ-ների խնդիրներին, նշեց, որ Վայոց ձորի մարզում առեւտուրը կենտրոնացած է Վայոց ձոր մարզի կենտրոն Եղեգնաձորում: Տիկին Թարոյանին անհանգստացնում էր մասնավորապես շահութահարկի խնդիրը. «Հարկայինի առումով՝ կամուկացի մեջ ենք, չգիտենք, թե ի՞նչ կլինի: Անհնար է այդքան փաստաթուղթ ներկայացնել, ես իրենց էլ եմ ասել՝ պետք է սկզբից սկսել, ոչ թե վերջից, գլխից եք սկսում, ներքեւից պետք է սկսել, այսինքն՝ ապահովեք փաստաթուղթը, հետո նոր փաստաթուղթ պահանջեք: Այստեղ տնտեսագիտություն չկա, ՓՄՁ-ն է, որ մի քիչ պայքարում է»:

Հազարավարդ Թարոյանը համարում է, որ իրենց առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար ՓՄՁ ներկայացուցիչները պետք է համախմբվեն. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան մեծ ներդրում ունեցավ շահութահարկի կասեցման գործում: Հարկայինը ժողովրդին շատ է նեղում, ամեն րոպե կանգնած է ասում է՝ այս որտեղի՞ց: Կազմակերպությունը շատ օգնեց. Հոկտեմբերից մինչեւ հիմա ոչ ոք չի գալիս ասում՝ այս փաստաթուղթը բե՛ր, հիմա արդեն խաղաղություն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031