Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը մտադիր է 17.8 դրամով հոսանքը թանկացնել

Մայիս 08,2015 17:40

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 17.8 դրամով բարձրացնել: Այս մասին տեղեկանում ենք ՀԷՑ-ի տարածած հայտարարությունից: Էլեկտրամատակարար ընկերությունը չնայած նրան, որ սակագինը վերանայելու հայտով դեռեւս չի դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին հանձնաժողովից, սակայն հայտարարությունից տեղեկանում ենք, որ ընկերությունը մտադիր է հոսանքի գինը ներկայումս գործող 41.85 դրամից դարձնել 58.93, այսինքն`17.8 դրամով թանկացնել: Գիշերային սակագին էլ 31.85 դրամից դարձնել 48.93 դրամ:

Արտադրական նպատակներով սպառողին մատակարարվող էլէներգիայի մեկ կիլովատն էլ ՀԷՑ-ն առաջարկում է ցերեկային 32.85 դրամը դարձնել 49.93, իսկ գիշերայինը` 45.93` 28. 85 դրամի փոխարեն:

Թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում էլէներգիայի թանկացումը պարզ չէ, քանի դեռ ընկերությունն իր հայտը չի ներկայացրել հանձնաժողովին:

ՀԾԿՀ-ն առայժմ սակագնի վերանայման հայտ է ստացել  էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններից` Հայկական ատոմակայանից, «Միջազգային էներգետիկ կորպորացիայից», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ից (Երեւանի ՋԷԿ), «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանից:

Հանձնաժողովին հայտ են ներկայացրել եւս 2 ընկերություն` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է էլեկտրաէներգիայի փոխադրող եւ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն:

Ընկերությունների` հանձնաժողովին ներկայացրած հիմնավորումները խիստ մասնագիտական են:
Օրինակ` ՀԱԷԿ-ը սակագնի բարձրացումը հանձնաժողովին հիմնավորել է, որ ունի ՀԱԷԿ-ի հիմնական միջոցների նորոգման եւ անվտանգության բարձրացման միջոցառումներին ուղղված ծախսեր, աշխատակիցների բժշկական ապահովագրության ծախսեր, բյուջետային վարկի ծախս եւ այլն:

«Գազպրոմ Արմենիա»-ի «Հրազդան-5» կայանի ներկայացրած հայտով էլ ընկերությունը հանձնաժողովին պատճառաբանում է, որ կայանից առաքվող էլէներգիայի սակագնի գործող կառուցվածքում փոփոխելով նույնիսկ միայն դրամ դոլար փոխարժեքը, կայանից բաց թողնվող էլեկտրաէներգիայի սակագնի մեծությունը կկազմի 37 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Այսինքն գինը կբարձրացվի այնքան, որքան արդեն իրենք պայմանավորվել են, իսկ մնացածը “հայրենասիրական” խաղեր են: Եթե հիշում եք, նա անցած անգամ ինքը առաջարկեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել` չսպասելով համապատասխան առաջարկի:
    Նման դեպքում շատ դժվար կլինի ապահովել տնտեսության արդյունավետ գործունեությունը: Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչպես կարելի է վնասով աշխատացնել նման մենաշնորհային կազմակերպությունները` ՀԷՑ և ԳԱԶԱՐԴ-ԱՐՄԵՆԻԱՆ: Կարծում եմ դրա համար պետք է ունենալ հատուկ տաղանդ, քանի որ նշված ոլորտներում չեն կատարվել լուրջ կապտալ ներդրումներ: Տեղեկացնեմ նաև, որ մեր երկրում կան կառավարման բազմաթիվ մասնագետներ, որոնք կարող են ավելի ցածր գներով ապահովել նշված կազմակերպությունների շահութաբեր աշխատանքը:

  2. Աբրահամյան Վ. Գ. says:

    Նազարյանի հանձնաժողովը գինը կբարձրացնի ներկայացված առաջարկի 60-70% չափով ներկայացնելով, թե մտածում է ժողովրդի մասին: Այսինքն գինը կբարձրացվի այնքան, որքան արդեն իրենք պայմանավորվել են, իսկ մնացածը “հայրենասիրական” խաղեր են: Եթե հիշում եք, նա անցած անգամ ինքը առաջարկեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել` չսպասելով համապատասխան առաջարկի, ու խոստովանելով, որ առաջիկա տարիներին գինը այլևս չի վերանայվի:
    Նման դեպքում շատ դժվար կլինի ապահովել տնտեսության արդյունավետ գործունեությունը: Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչպես կարելի է վնասով աշխատացնել նման մենաշնորհային կազմակերպությունները` ՀԷՑ և ԳԱԶԱՐԴ-ԱՐՄԵՆԻԱՆ: Կարծում եմ դրա համար պետք է ունենալ հատուկ տաղանդ, քանի որ նշված ոլորտներում չեն կատարվել լուրջ կապտալ ներդրումներ: Տեղեկացնեմ նաև, որ մեր երկրում կան կառավարման բազմաթիվ մասնագետներ, որոնք կարող են ավելի ցածր գներով ապահովել նշված կազմակերպությունների շահութաբեր աշխատանքը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031