ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա հասարակական կազմակերպությունը մայիսի 8-ին գումարել էր տարեկան համագումար:
Հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կազմակերպությունը հյուրատների գործունեություն իրականացնողների համար ցանկանում է սահմանել այնպիսի հարկային ռեժիմ, որ իրենք կարողանան ընտրել արտոնյալ հարկային ռեժիմ, այսինքն՝ ընտանեկան ձեռնարկատիրություն համարվեն եւ ազատվեն հարկերից:
«Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծված է ոչ այնքան բարենպաստ իրավիճակ: Բայց մենք փորձեր ենք անում, որպեսզի ինստիտուցիոնալ եւ կառուցողական գնանք դրան: Այդ խնդիրներից է այն, որ մենք այսօր ունենք օրենքներ, որոնք հայտնվում են Ազգային ժողովում առանց փոքր եւ միջին բիզնեսի շահերը հաշվի առնելու»,- ասաց նա:
Նա նշեց, որ թյուր կարծիք է ստեղծվել, թե բիզնեսն անպաշտպան է. «Այդ պատճառով՝ մենք ուզում ենք այս ճանապարհով գնալ. մենք բոլորին ասում ենք՝ եկեք իրար հետ լինենք եւ մեկի խնդիրը բոլորինն է: Բիզնեսն անպաշտպան է, եթե գործարարը միայնակ է եւ լավ իրազեկված չէ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությանը Հակոբ Ավագյանն ասաց՝ չնայած նրան, որ անդամակցությունից անցել է մի քանի ամիս մի շարք խնդիրներ դեռ առկա են. «Այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությունը ազդեցություն չի ունեցել բիզնես միջավայրի բարելավման վրա»:
Նա հավելեց, որ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպությունն ունի 500 անդամ, կազմակերպել է 19 սեմինար, որոնց մասնակցել է 330 մասնակից, կազմակերպությունը 280-ից ավել խորհրդատվություն է տվել եւ կազմել է 3-4 օրենսդրական նախագիծ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ