Այսօր Գյումրու լոկոմիտիվային դեպոյում տեղի ունեցավ Հիշատակի և պատվի ծառուղու բացման հանդիսավոր արարողություն, որը նվիրված էր այն երկաթուղայինների հիշատակին, որոնք մասնակցել էին Հայրենական Մեծ պատերազմին: Ի սկզբանե, պաշտոնական տեղեկություն էր տրամադրվել այն մասին, որ արարողությանը մասնակցելու էին ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը, 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գեներալ – մայոր Վլադիմիր Ուստինովը, ՀՀ-ում ՌԴ-ի սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը, սակայն ոչ միայն այս պաշտոնյաները, նույնիսկ Գյումրում ռուս հյուպատոսը չէր եկել, ուղարկել էր իր տեղակալին:
Ինչեւէ, ելույթ ունեցավ «Հարավ -կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, որն ասաց, թե հուշատախտակը պատրաստելու համար ուսումնասիրել են արխիվները, գտել են այն երկաթուղայինների անունները, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին, նրանք թվով 73-ն են, որպեսզի ընդմիշտ մնան մարդկանց հիշողության մեջ:
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ հայ ժողովուրդը ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում:
«Մենք մեծ քանակությամբ զոհեր ունեցանք, 20-ական թվականներին Հայաստանի բնակչությունը այնքան էր, ինչքան մենք մասնակից ունեցանք, ինչ կլիներ մեր ազգի հետ, եթե մենք էդ կորուստները չունենայինք», -ասաց մարզպետը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, խոսելով հաղթանակի 70-ամյակի մասին, հիշատակեց Շուշիի ազատամարտիկներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ