Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստան․ Համպի քաղաք

Մայիս 08,2015 16:44

Համպի քաղաքը այն բոլոր մարդկանց համար է, ովքեր ցանկանում են դիպչել հնագույն քաղաքակրթությանը, ընկղմվել խորհրդավոր և հեքիաթային Հնդկաստանի մեջ։ Քանզի հենց այստեղ են գտնվում մեծ հինդուիստական կայսրության փլատակները։ Քրիշնա գետի մոտ գտնվող կայսրությունը երբեմնի զբաղեցնում էր գրեթե ողջ հարավային Հինդուստանը։

Ինչ-որ ժամանակ առաջ, հնագույն անցյալում Համպին հարավհնդկական հսկայածավալ Վիջայանագար («հաղթանակի քաղաք») կայսրության մայրաքաղաքն էր, խոշոր տնտեսական, առևտրական կենտրոն։ Սակայն իրականում Համպին այնքան էլ քաղաք չէ, այն գյուղ է, որը կայսրության կենտրոնի հարևանությամբ էր գտնվում։ Մայրաքաղաքն ուներ հսկայական ու շքեղ կառույցներ՝ տաճարներից ու դղյակներից մինչև տներ ու ակվեդուկներ։ Սակայն 16-րդ դարում մահմեդականները քանդեցին, ավերեցին ու թալանեցին այն։ Այս հրաշալի գեղեցկագույն քաղաքը վերածվեց ուրվականների քաղաքի։

Սակայն այսօր արդեն Համպին վերածնվել է։ Այս ունիկալ քաղաքը վերակենդանացել է ու դարձել ուխտագնացության կենտրոն բազմաթիվ հնդիկների համար ամբողջ Հնդկաստանից ու նաև՝ խոշոր զբոսաշրջային կենտրոն։ Քաղաքը 26 քառակուսի կմ է զբաղեցնում։ Այստեղ պահպանվել են բազմաթիվ տաճարներ, սրբատեղիներ, մոնումենտներ, որոնք 14-16-րդ դարերով են թվագրվում։ Դրանք վկայում են կայսրության երբեմնի վեհության, հին հնդիկների բարձր վարպետության ու հարուստ մշակույթի մասին։ Համպին խոշոր կրոնական կենտրոն է, պաշտամունքի վայր։ Զարմանահրաշ տեսարաններ, ունիկալ բնական լանդշաֆտներ, որոնք շատերի մոտ ասոցացվում են կոսմիկական քարաթափման հետ։ 1986թ․ Համպին ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի մարդկության Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Համպին հարևան Կարնատակա նահանգում է, մարզկենտրոն Բանգալորից ոչ շատ հեռու։ Այն գտնվում է Տունգաբհադրա գետի ակունքում, որը հետզհետե հոսում ու թափվում է Քրիշնան։ Սա մի կողմից, իսկ մյուս 3 կողմերից Համպին շրջապատված է բարձր բլուրներով, ուստի այն նաև մեծ ստրատեգիական նշանակություն ուներ։ Բացի իր ունեցած հսկայական պատմա-մշակութային արժեքից, Համպին նաև բնական իմաստով շատ մեծ նշանակություն ունի։ Քանզի այստեղ շատ են նաև բնական հուշարձանները, բնության գեղեցկությունն այստեղ ինքնին մոնումենտի արժեք ունի։ Օգտագործելով բնական քարաժայռերը, տեղի վարպետ քանդակագործները աստվածներին նվիրված հսկայական մուրտիներ՝ հատուկ տիպի հարթա- և խորաքանդակներ էին ստեղծում։ Նշենք, որ մահմեդականները շատ զգալիորեն վնասեցին քաղաքն ու դրա հոյակապ ճարտարապետությունը։ Քանզի եթե հնդիկները պատկերում էին իրենց աստվածներին և վախ չունեին մարդակերպ արվեստից, ապա իսլամում սա ընդունված չէր։ ԵՎ մշակութային վանդալիզմն անխուսափելի դարձավ։ Դե իսկ այս ամենից հետո էլ արդեն արկածախնդիրները Համպիում սկսեցին գանձեր որոնել։ Դե իսկ հետո էլ արդեն սկսեցին վերջիններիս որոնել․․․

PrevPhoto
NextPhoto

Համպի են գալիս անկասկած բոլոր հինդուիստ կրոնավորները։ Պատճառն այստեղ կառուցված Վիրուպակշիի տաճարն է, որը նվիրված է ամենակալ Շիվա աստծուն։ Սրբատեղին գտնվում է տեղի բազմաթիվ քանդված տաճարների փլատակների մեջ։ Տաճարը գոյություն է ունեցել դեռևս մ․թ․ա․, սակայն հենց միջին դարերում է, որ տաճարը՝ հզոր կայսրության ազդեցության ներքո վերածվեց տաճարային համալիրի, որն իր մեջ ներառում է սրբավայրերի մի ամբողջ կանոնակարգված համակարգ։ Այսօր արդեն տաճարի ներսում աղոթատեղի է, 3 շքեղ պալատներ, որոնք հպվում են նրան, ապա նաև բաց ու փակ սյունազարդ սրահներ։ Հիմնական կառույցի մոտ են գտնվում սյունաշարը, դարպասները, ներքին բակերը, փոքր սրբատեղիներն ու մյուս բոլոր կից ու օժանդակ շինությունները։ Արևելյան դարպասներն, օրինակ, տանում են դեպի ներքին բակ, որտեղ տեղակայված են ևս մի քանի սրբատեղիներ։ Տաճարի ամենից նշանավոր հովանավոր ու դոնատոր Քրիշնադեվարայա Տուլուվա արքան 1510թ․ կենտրոնական ամենից շքեղ դահլիճը կարգադրեց կառուցել։

Չմոռանանք հիշատակել նաև Գոպուրամը։ Տաճարային համալիրի մուտքի, անմիջապես դարպասների մոտ հարավային Հնդկաստանում գոպուրամ կամ գոպուրա էին կառուցում։ Սա բնութագրական է միջնադարյան հնդկական ճարտարապետության համար, հատկապես Հինդուստան թերակղզու հարավում։ Այս մոնումենտալ շինությունը՝ գոպուրամը հաճախ մուտքի դեր էր կատարում։ Գոպուրամն այնքան մասշտաբային է, որ ասես իր հետևում թաքցնում է հիմնական տաճարն ու սրբատեղին։ Այն նաև շքեղ հարդարված է, գունազարդված զարմանահրաշ պատկերներով ու զարդանախշերով, որոնք ամենից տարբեր մոտիվներն ունեն։ Գոպուրամն իր հիմքում ուղղանկյուն է լինում, դե իսկ ներքևում էլ դրա մուտքն է տեղակայված, դռները։ Իսկ արդեն այդ ուղղանկյան վրա բարձրանում է հիմնական կոնուսը, որը սեղմվում, բարակում է դեպի վերև։ Գոպուրամն անպայմանորեն ցիլինդրիկ գմբեթով մի կտուր է պսակում։ Դրա վրա սովորաբար առատորեն արված քանդակ ու փորագրություն է հանդիպում, կատարված ամենատարբեր սյուժեներով, հիմնականում՝ հին հնդկական հեթանոսական դիցաբանությունից վերցված, նվիրված աստվածներին ու հերոսներին, վերցված ազգային Մահաբհարատա ու Ռամայանա էպոսներից։

Ամենից սիրվածն այստեղ Վիրուպակշի հարսանեկան փառատոնն է՝ նվիրված Վիրուպակշի աստծո և Պամպա աստվածուհու հարսանյաց ծեսին։ Այն անցնում է ամեն տարի դեկտեմբեր ամսին։ Հենց այդ ժամանակ է, որ տաճարից դուրս են բերում և երթի հանում սրբազան մարտակառքը։ Փոխաբերական իմաստով այստեղ հավատում են, որ ամեն օր արեգակը հենց այս կառքով է ուղևորություն կատարում երկնակամարում՝ արևածագից մինչև մայրամուտ։ Դուք էլ ևս կարող եք արշալույսից մինչև իրիկնամուտ շրջել հրաշք Համպիով։

Մայրամուտը կդիմավորեք սարի վրա և գեղատեսիլ համայնապատկերներ կտեսնեք։ Կայցելեք Գանեշայի արձանը, Վիշնու աստծո ավատարի՝ Նարասիմհիի արձանը, հարավային Հնդկաստանում ամենամեծ շիվալինգամը, որը կիսով չափ ջրում է գտնվում։ Ականատեսը կդառնաք ավանդական պուջայի՝ աղոթքի։ Իսկ այնուհետև՝ տաճարի առջև գտնվող շուկայական հրապարակը, կանացի դղյակային հատվածը, Լոտուս դղյակը, թագավորի տիկնոջ ննջարանը, արքայական փղերի ապաստարանը, թագավորի ընդունարան-ադմինիստրացիան; Վիտալա ունիկալ երաժշտական տաճարը, որը հրաշալի երգող սյունաշար ունի ու էլի շատ ու շատ հետաքրքիր բաներ։ Այնպես որ, ով հետաքրքրվում է Հնդկաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, Համպիում շատ հետաքրքիր կլինի։

Ի դեպ, ասում են, որ հենց Համպին է դարձել Ռեդյարդ Քիփլինգի հանրահայտ «Մաուգլիի» կապիկների քաղաքի նախատիպը։ Իսկ կապիկները մինչև այսօր էլ բնակվում են այստեղ, տեղի հնագույն տաճարներում։ Շարունակելի․․․

 

Մարիա Թոքմաջյան

Հնդկաստան, Կարնատակա նահանգ, Համպի քաղաք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031