Այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախատեսված են ստուգումներ 10 կուսակցությունում:
Այդ շարքում է նաեւ ՀԱՍԿ-ը:
ՀԱՍԿ-ի ղեկավար Մովսես Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում զարմացավ ստուգման լուրից. «Մեզ տեղյակ չեն պահել: Հիմա իմ մեջ հարցեր առաջացան` իսկ դրա անհրաժեշտությունը կա՞: Ինչի՞ համար են այդ ստուգումները, անկեղծ ասած չեմ հասկանում` ինչն են ուզում ստուգել: Կարծես թե նման նախադեպ չկա չէ՞` կուսակցությունները ստուգեն»:
Կարդացեք նաև
Նա նաեւ չբացառեց, որ հնարավոր է ընդդիմադիր ուղղվածության համար են իրենց կուսակցությունը ընտրել ստուգումների համար. «Մենք միշտ էլ եղել ենք ընդդիմադիր ցանկացած իշխանությանը: Բնական է, որ մեր իշխանությանը ընդդիմադիր կեցվածքն այնքան էլ դուր չի գալիս: Դա իրենք չեն էլ թաքցնում: Կուսակցության մասին օրենքը, չնայած, իմ կարծիքով, անորակ օրենք է ու կարիք ունի սրբագրման, բայց օրենքով նախատեսված ամեն ինչ արել ենք, նշված ժամկետներում ներկայացրել ենք համապատասխան հաշվետվությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հարկային մարմիններին, այն ինչ պահանջվում է: Եթե դրանք պետք ստուգեն, խնդիր չկա, համեցեք: Մեր կուսակցության գործունեությունը միշտ էլ բաց է եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ