Գևորգը վրձինը ձեռքին տևական ժամանակ նստել էր մաքուր թղթի առաջ: Նա դժվարանում էր կտավին հանձնել այն պատկերը, որն իր մտքում էր:
Սենյակի միապաղաղ լռությունը խախտում էին միայն պատի ժամացույցի վազող սլաքները, որոնք, թվում էր, սովորականից ավելի են շտապում:
Երկար մտորումներից հետո միայն, վարպետը իր վրձնի անշտապ ու սահուն շարժումներով սկսեց նկարել:
Ժամեր անց նկարը պատրաստ էր: Վարպետը նստել էր դեռևս թաց կտավի առաջ, և մտածում էր. «Այս մեկը երբե՛ք չի վաճառվի՝ հաստա՛տ»:
Նա մտքում հանդիմանում էր ինքն իրեն, քանի որ նյութերը սահմանափակ էին, գումար էլ չուներ, նորը գնելու համար: Բնակարանի և կոմունալների վարձերն էլ մյուս կողմից: Իսկ ինքը ներկը վատնում է մի աշխատանքի վրա, որը ի սկզբանե դատապարտված է մնալ ու տարիներով փոշոտվել արհեստանոցում:
Ծանր մտքերից սթափվելով, Գևորգը զգաց, որ դուռը թակում են: Արշակն էր՝ ընկերը, նա աշխատում էր Վերնիսաժում և պարբերաբար գնորդներ էր բերում նկարների համար:
-Ինչ գործի էիր եղբայր, կա-չկա նոր գլուխգործո՞ց էիր ստեղծում,-ոգևորությամբ ասաց Արշակը:
-Դե հա, նման մի բան…
-Դե արագացրո՛ւ, հանձնիր իմ դատին:
Աստված իմ…: Դու հույս ունես վաճառե՞լ սա: Եվ ի՞նչ է մտքովդ անցել, որ նման բան ես նկարել,- նկարը զննելով ասաց Արշակը:
-Դա՛ էր երևում, դա էլ նկարեցի: Ինչ անեմ, քանի օր է այս պատկերն էր գլխումս: Ես արվեստագետ եմ, չեմ կարող միայն ծառեր ու ձիեր նկարել՝ ինչ է թե դրանք լավ են վաճառվում: Այնքան Վերնիսաժում մնացիր ճաշակդ լրիվ փչացրեցիր եղբա՛յր,-
-Հա, բայց կարո՞ղ է ինձ էր գումար հարկավոր: Սա հետաքրքիր գործ է՝ չեմ առարկում, բայց հիշիր խոսքս, սա այսպես էլ կմնա արհեստանոցում:
***
Օրեր անց, Արշակը մի երիտասարդ սփյուռքահայ ամուսինների բերեց Գևորգի արհեստանոց:
Տեսնելով Գևորգի վերջին աշխատանքը, ամուսինները հուզվեցին: Կինը հմայվածի նման նայում էր նկարին, աչքերը արցունքոտվում էին:
-Այս նկարը կվերցնենք,- ասաց ամուսինը :
Արշակն ու Գևորգը զարմանքով նայեցին իրար, բայց ոչինչ չասացին: Գևորգը փաթաթեց նկարը և հանձնեց գնորդներին:
Այդ խորհրդավոր կտավի վրա պատկերված էր երեխա, որի մի ոտքը ծաղկունքի մեջ էր, մյուսը՝ գերեզմանի:
Երբ Գևորգը արդեն ճանապարհում էր ամուսիններին, աստիճանավանդակի մոտ չդիմացավ և հարցրեց, թե ինչո՞ւ ընտրեցին հենց այդ նկարը. «Մենք վերջերս ենք մեր երեխային կորցրել»,- եղավ պատասխանը:
«Ամեն նկար ի վերջո գտնում է իր տիրոջը»,- մտածեց Գևորգը:
Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.congratulatorycard.ru/ կայքից