«Հայաստանի արտահանումների մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին եւ իր գործընկերներին, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքները, որոնցից հազարավոր աշխատատեղեր են կախված: Ի հավելումն՝ Ռուսաստանը լավ գնով բնական գազ է վաճառում շրջափակված, էներգիայի պակաս ունեցող Հայաստանին»,- այս մասին ԱՄՆ կատարած այցելության ընթացքում, ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթի հետ զրույցում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ նշել է, թե հայկական կոնյակը չի կարող վաճառվել Փարիզում. «Սակայն լավ է վաճառվում Ռուսաստանի Դաշնությունում: Ես պրագմատիկ որոշում եմ կայացրել»,- ասել է նա եւ ընդգծել, որ Հայաստանը հետամուտ է մնում լավ հարաբերությունների պահպանմանը Եվրոպական միության հետ: Բայց Եվրոպայի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը շատ բան չէր տա հատկապես այն պատճառով, որ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ փակ է մնում:
Նախագահի խոսքերով Հայաստանի տնտեսությունից 10-ից 15 տարի կպահանջվեր Եվրոպայի ազատ առեւտրի գոտուց շահեր ունենալու համար. «Բայց, միեւնույն ժամանակ, այժմ գոյատեւելու կարիք կա: Մարդիկ պատրաստ չեն երկար ժամանակ տառապել: Հայերն այժմ տառապում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի պառակտումից երեք ոլորտներում. Հայաստանի արտահանումները Ռուսաստան, ռուսական ներդրումները Հայաստանում եւ Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումների կրճատումը»:
Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ այս այցելության ընթացքում չի տեսնի Բարաք Օբամային, բայց մեկնաբանել է հերթական անգամ ԱՄՆ նախագահի ցեղասպանություն բառը արտասանելուց հրաժարվելը. « Կարծում եմ, եթե նա արտաբերեր այդ եզրույթը, մեծ օգուտ կտար: Միացյալ Նահանգները պետք է արժեքները շահերից վեր դասի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ