Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՅԴ-ն գա իշխանության`Սուրիկ Խաչատրյանն ու իր որդին տեղ չեն ունենա

Մայիս 08,2015 13:39

«Ցավում եմ, որ նման դեպքերը շարունակում են տեղի ունենալ, պետք է ամեն ինչ արվի, որ բոլորը հասկանան, որևէ մեկը օրենքից դուրս լինել չի կարող: Իրավասու մարմինները պետք է գործեն՝անկախ այն հանգամանքից, թե ով է իրավախախտը: Դա դեռևս չենք կարողանում մեր երկրում արմատավորել: Ցավալի է, և լուրջ հետևություններ պետք է անել այս ամենից»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով այն հարցին`ինչպե՞ս է վերաբերում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական աղմկահարույց դեպքին, երբ ծեծի են ենթարկվել երկու եղբայրներ:

«Բնականաբար որդիները հայրերի համար պատասխան չեն տալիս, և հայերը որդիների համար պատասխան չեն տալիս բայց, ամեն դեպքում, այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում, հստակ կապ ունի նրա հետ, որ զավակները զգում են այնպիսի պայմաններում, որ կարող են անպատիժ գործել, որովհետև ունեն բարձրաստիճան ծնողների հովանավորությունը: Դա հենց այն վատ պայմաններն են, որով պայմանավորված է արտագաղթը, որովհետև մարդիկ միայն սոցիալական պայմաններից չէ, որ դժգոհում են, այլ դժգոհում են անարդարությունից, անպաշտպան լինելուց, որ մի մասին մի բան կարելի է, մյուսին չի կարելի: Այս ամենը խորը մտահոգություններ է առաջացնում»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հարցին`եթե Դաշնակցությունը լիներ իշխանության գլուխ, կօգտվե՞ր Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց . «Նախ իշխանության օրոք պետք է ծառայել ժողովրդին, որովհետև իշխանությունը չի տրվում նրա համար, որ մարդիկ օգտագործեն դա՝ ի շահ իրենց կամ իրենց ընտանիքի»:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ նման խնդիրներն առաջանում են նրանից, որ ներկայիս համակարգն անձնավորված է, մարդիկ հասկանում են, որ իշխանության եկած մարդն ամբողջությամբ տնօրինում է այդ իշխանությունը, և բնական է, որ այդ մարդն օգտագործում է իշխանության լծակները իր շահերի համար: Ահա թե ինչու է Դաշնակցությունը ցանկանում փոխել ներկայիս կառավարման համակարգը`անցնել կոլեգիալ ղեկավարման, որ իշխանությունը որևէ մեկին, քաղաքական ուժին կամ խմբին չպատկանի:

«Մենք որ իշխանության եկանք, այդպիսի բաները կվերանան, բոլորը պետք է պատասխան տան իրենց արարքների համար և համակարգը պետք է այնպիսին լինի, որ բոլորը հասկանան, թե հնարավոր չէ օգտագործել այդ լիազորությունները ի շահ իրենց: Կարող են լինել խախտումներ, բայց կան դրանք հայտնաբերելու, կանխարգելելու ու պատժելու հստակ մեխանիզմներ, որոնք այսօր Հայաստանում դժբախտաբար չեն գործում: Մեր առաջարկած համակարգում նման բաները կբացառվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    «Մենք որ իշխանության եկանք, այդպիսի բաները կվերանան…
    շարունակությունը կարդալ այսպես.
    բոլորին կասենք. – չաթլախ, ղալաթ եք արել: Փողերը կառնենք ու … ինչպես 1920-ին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031