Խոսելով խորհրդարանական եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», համագործակցության հնարավորությունների մասին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցներում ասել էր, որ ի տարբերություն նախկինի, իրենք այժմ ԲՀԿ-ի աջակցությունը չեն վայելում: Նաեւ նկատել էր, որ շատ ԲՀԿ-ականներ այսօր ակնհայտորեն ՀՀԿ խմբակցության անդամ են:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այդ առիթով լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ հայտնի իրադարձություններից հետո իրավիճակ է փոխվել ու բնական է, որ ԲՀԿ-ին ժամանակ է պետք`հետագա անելիքները հստակեցնելու համար: Նաեւ նշեց, որ անհրաժեշտության դեպքում որեւէ ուժի հետ համագործակցության որեւէ խնդիր չեն տեսնում. «Մեր ձեռքերը ոչ ոք չի բռնել»:
Այլ մանրամասները՝`տեսանյութում
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանը խոսեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու համար ՀԷՑ-ի ներկայացրած հայտի մասին`հիշեցնելով, որ դեռ անցյալ տարի, սակագնի թանկացման քննարկումների ժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ինքը հարցրել էր`այդ բարձրացումը հնարավո՞ր է տեւական կտրվածքի համար բոլոր խնդիրները լուծի եւ առաջիկա մի քանի տարիներին էլեկտրաէներգիայի թանկացում չլինի: Վերջինս դրական պատասխան էր տվել, մինչդեռ այսօր այլ իրավիճակի ականատեսն են:
ԲՀԿ-ական պատգամավորը նույնպես շտապողական որակեց կառավարության մոտեցումը`«խոպանչիների հարկման մասին» անվանումը ստացած «Շահութահարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասով: Բայց քանի որ նախագծում դրական անդրադարձեր կային, ասաց, որ այդ պատճառով ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց:
Սույն նախագծերի վերաբերյալ բոլոր քննադատություններին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի ուշ հակադարձեց`ասելով, որ նախագիծը դրական քայլ է, պարզապես ընդդիմադիրները սխալ մեկնաբանություններ տվեցին դրան:
Հիշեցնենք, նախագծին դեմ էին ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ