Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանում են աշխարհի 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Երևանում անցկացվում է Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council):
Ժողովի օրակարգում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: Փաստաթղթում, մասնավորապես ամրագրված է. «IUSY-ն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, որը ծրագրվել և իրականացվել է Օսմանյան Կայսրության և թուրքական ռեժիմների կողմից 1915-1923-ին: IUSY-ն խստորեն դատապարտում է թուրքական կառավարության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև թուրքական կառավարության ջանքերը խոչընդոտել ճանաչման գործընթացին: Հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը երկակի հանցանք է և պետք է պատժվի»: Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ իրենք՝ Եվրոպայի ապագա քաղաքական գործիչները և ճակատագիր կերտողները Թուրքիայի ժխտողական քաղաքականության դատապարտման հարցում, Ը.Ե.Մ.Մ-ի նախագահ Ֆելիպե Խելդերեսը պատասխանեց. «Մեր դերակատարությունը կարևոր է, քանի որ սփռված ենք ամբողջ աշխարհով: Ինչ վերաբերում է ճանաչման ու դատապարտման գործընթացին, ապա այս հարցում մենք չենք կարող չեզոք դիրք գրավել: Երբ արդեն բանաձևն էլ ընդունվի, այդ ժամանակ կամրապնդվի նաև մեր դիրքորոշումը»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, պարոն Խելդերեսն ասաց. «Ունենք հստակ դիրքորոշում, որը Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը պետք է չմոռանալ և հիշել, որպեսզի այն չկրկնվի: Մեր ուշադրության կենտրոնում ենք նաև այլ խնդիրներ՝ Մարոկկո և Սահարա, Պաղեստին և Իսրայել. այս հակամարտությունների լուծման հարցում IUSY-ն կարող է միջնորդ հանդիսանալ»: Ֆելիպե Խելդերեսը տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են նաև թուրք և ադրբեջանցի իրենց գործընկերներին, սակայն նրանք մերժել են հրավերը: Ու թեև նախապես կանխատեսել էին, որ հնարավոր է նման խնդիր առաջանա, բայց, միևնույն է, ցանկացել են իրենց ժողովն անցկացնել Հայաստանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ