«Մենք բոլորս Լիսկա ենք». այս կարգախոսն, ըստ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի իշխանությունը որդեգրեց այն բանից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Լրագրողներն այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հետաքրքրվել էին`ինչպես է վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած հերթական միջադեպին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանել Լեւոն Զուրաբյանի ասածները: Ասաց, որ միջադեպին քաջածանոթ չէ ու իր համար կարեւոր էլ չէ, թե ո՞ւմ տղան է: Հարցն իրավական հարթությունում է ու իրավապահները պետք է հետամուտ լինեն արդար վճիռների, այդ թվում նաեւ ՀՀԿ-ականների համար: Լրագրողները հետաքրքրվեցին`գիտե՞ թե ինչու չի ձերբակալվում Սուրիկ Խաչատրյանի որդին`Տիգրան Խաչատրյանը: Վահրամ Բաղդասարյանը կրկնեց, որ գործի մանրամասներին չի տիրապետում եւ իրավական հարցերին չի անդրադառնա:
Լեւոն Զուրաբյանը նաեւ «անմեղսունակներ» էր անվանել իշխանությանը: «Անմեղսունակներին չեմ պատասխանում»,- հակադարձեց Վահրամ Բաղդասարյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես պարզվեց, որ միջադեպից տեղյակ չէ: Երբ լրագրողներն ասացին, որ ՀՔԾ-ն հաստատել է Սուրիկ Խաչատրյանի մասնակցությունը միջադեպին, Միքայել Մելքումյանն ասաց. «Է ~հաստատել են, թող համապատասխան քայլեր անեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ