Ալ Քաիդայի առաջնորդը, որը ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի վրա հարձակման պատասխանատվությունն էր ստանձնել, սպանվել է Եմենում ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում երկու դիմակավոր ահաբեկիչներ Կալաշնիկով տեսակի ավտոմատներով ներխուժել էին Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրություն։ Նրանց արձակած կրակոցների արդյունքում զոհվել էին 2 ոստիկան և 10 լրագրող։
Հարձակումից մեկ շաբաթ անց տարածված տեսանյութում, Ալ Քաիդայի ավագ զինյալ Նասեր Բին Ալի ալ-Անսին ասել էր. «նա, ով ընտրեց թիրախը, մշակեց ծրագիրը եւ ֆինանսավորեց գործողությունը, կազմակերպության ղեկավարությունն է»:
Ալ Քաիդան այսօր հայտարարել է, որ Անսին իր ավագ որդու եւ այլ զինյալների հետ սպանվել է: Իսկ պարբերականի ԱՄՆ-ի աղբյուրները հայտնել են, թե Վաշինգտոնը հավատում էր, որ Անսին Ալ Քաիդայի Հյուսիսային Եմենի ղեկավարն էր եւ ավիահարվածի արդյունքում խաղաղ բնակիչներ չեն սպանվել:
Կարդացեք նաև
Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը հրաժարվել է մեկնաբանել Անսիի մահվան մասին լուրերը. «Ես հիշեցնում եմ մեր նախկին հայտարարություններն այն մասին, որ մենք շարունակում ենք ակտիվորեն վերահսկել ահաբեկչական սպառնալիքներն, որ գալիս են Եմենից:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ