Վերջին մի քանի տարիներին առանց այն էլ ոչ այնքան բարձր ակտիվությամբ առանձնացող Հայաստանի անշարժ գույքի շուկան տարեսկզբի առաջին ամիսներին զգալիորեն պասիվացել է։ Առք ու վաճառքի գործարքները կտրուկ պակասել են։
Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, տարեսկզբի առաջին երեք ամիսներին Հայաստանում վաճառվել է բազմաբնակարան շենքի 2354 բնակարան, որը 1039-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Այլ կերպ ասած, բնակարանային այս շուկայում առք ու վաճառքի գործարքները մեկ տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան 30 տոկոսով։
Սա նշանակում է, որ կտրուկ պակասել է բնակարանների նկատմամբ քաղաքացիների պահանջարկը։ Մի բան, որ պայմանավորված է առաջին հերթին հասարակության վճարունակ պահանջարկի կրճատմամբ։ Ազգային արժույթի արժեզրկման հետեւանքով սոցիալական լարվածությունը խորացել է։
Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է, Հայաստանի բնակարանային շուկան լուրջ կախում ունի արտաքին ֆինանսական փոխանցումներից։ Արտերկրում աշխատած գումարներով մարդիկ փորձում են լուծել իրենց բնակարանային խնդիրները, որը եւ մեծացնում է շուկայի ակտիվությունը։
Կարդացեք նաև
Այնինչ իրավիճակն այդ առումով, մեղմ ասած, բարենպաստ չէ։ Տարեվերջին արձանագրված մասնավոր տրանսֆերտների նվազումը շարունակվում է նաեւ այս տարեսկզբին։ Հաշվի առնելով այդ գումարների կարեւոր նշանակությունը անշարժ գույքի, ինչպես նաեւ բնակարանային շուկայի համար՝ ֆիզիկական անձանց ոչ առեւտրային փոխանցումների 40-50 տոկոս կրճատումը չէր կարող չհանգեցնել պահանջարկի անկման։
Բնակարանային շուկայի գործարքների նվազման հարցում բացասական ազդեցություն են թողել նաեւ բանկային համակարգում անցած տարեվերջի զարգացումները։ Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման, ինչպես նաեւ արժութային շուկայում ձեւավորված սպասումների հետեւանքով բանկերը սահմանափակեցին վարկավորման իրականացումը։ Դա չշրջանցեց նաեւ հիպոթեկային վարկերի շուկան։
Պատահական չէ, որ այս տարվա առաջին եռամսյակում բնակարանի ձեռքբերման նպատակով տրամադրված հիպոթեկային վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 42 տոկոսով։ Նման վարկերի բացասական տարբերությունը մայրաքաղաքում գերազանցում է 37 տոկոսը։
Այս տարվա առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, Երևանում վաճառվել է շուրջ 1,5 հազար բազմաբնակարան շենքի բնակարան։ Այն 785-ով պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այս կարգի բնակարանների վաճառքը մայրաքաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան մեկ երրորդով։ Պահանջարկի այդպիսի կտրուկ անկում բնակարանային շուկայում հազվադեպ է տեղի ունենում։
Առաջին հայացքից դա գրեթե ազդեցություն չի ունեցել գների վրա։ Ամեն դեպքում դրանք դրամով հիմնականում մնացել են նույնը։ Ավելին՝ որոշ դեպքերում գները նույնիսկ բարձրացել են։ Եթե 2014թ. առաջին եռամսյակում Երեւանում բնակարանների միջին գինը յուրաքանչյուր մետրի հաշվով եղել է 273,4 հազար, ապա այս տարի դարձել է 274 հազար դրամ։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում բարձրացել է 600 դրամով։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում