Գաղտնիք չէ, իհարկե, որ մեր երկրում շատերը, «ուշագնաց են լինում» թուրքական զանազան ապրանքների համար: Մեկ այլ խումբ շատերի համար թշնամական երկրից ապրանք ներկրելը բիզնես է, եկամտի աղբյուր: Ի վերջո, հո օդի՞ց չի գոյանում տարեկան ավելի քան 200 միլիոն դոլարի առեւտրաշրջանառությունը (2011-12 թվականներին, օրինակ, նշվում էր 240 միլիոն ցուցանիշը), որի մեջ առյուծի բաժինը կամ գրեթե 99 տոկոսը հենց թուրքական ապրանքների ներհոսքն է Հայաստան:
Հասկանալի է, որ տարեկան Հայաստանից այդ չափով արտարժույթ, պարզ ասած՝ դոլար է արտահոսում Թուրքիա: Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով նպաստում է Թուրքիայի տնտեսական զարգացմանը: Սա՝ չհաշված անթալիաներում արեւահարվելը:
Չմոռանանք նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը վերջինիս կողմից փակված է որպես թշնամական վերաբերմունքի հստակ արտահայտություն: Այսինքն՝ եթե սահմանը բաց լիներ, անկասկած, Հայաստան ներհոսող թուրքական ապրանքի ծավալներն ավելի մեծ կլինեին:
Հարց է ծագում. նախ, ինչո՞ւ է Հայաստանը առհասարակ թույլատրում թուրքական արտադրության որեւէ ապրանքի մուտք, ներհոսք մեր երկիր: Չէ, իսկապես, ի՞նչ է ստացվում. Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է տնտեսական շրջափակում, կատարում է թշնամական ակտ, արդեն ավելի քան երկու տասնամյակ, իսկ հայ բիզնեսմենները ներկրում ու թուրքական ապրանք են սաղացնում Հայաստանի բնակչության վրա:
Սա, եթե կուզեք, ոչ միայն սոսկ տնտեսական հարց է, այլեւ ամենատարրական ինքնասիրության: Մի բան, որ, ըստ երեւույթին, այս «ախպերական» առեւտրի մեջ գոյություն չունի:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում