Լրահոս
Օրվա լրահոսը

 Մենք չէ, որ փակել ենք սահմանը, մենք չէ, որ օրեցօր նոր խուսափողական կարգախոսներ ենք հորինում. Հերմինե Նաղդալյանը հիշեցնում է Թուրքիային

Մայիս 08,2015 10:44

– Տիկին Նաղդալյան, երեկ Թուրքիայի վարչապետ Դավութողլուն հերթական անգամ հանդես եկավ` «խաղաղության մեջ ապրելու, նոր Կովկաս ստեղծելու» կեղծ կոչերով` միաժամանակ չդավաճանելով իրենց բնորոշ` նախապայմաններով խոսելու և հոխորտալու գործելաոճին: Ձեր կարծիքը:

– Երկու օր առաջ Լյուքսեմբուրդի Մեծ Դքսության խորհրդարանը իր միաձայն որոշումով ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են ամբողջ աշխարհում, շարունակվում է նաև ցեղասպանությունների ճանաչման և դրանց կանխարգելման պայքարի գործին համալրվող պետությունների և կազմակերպությունների ցանկը, այդ պայքարի աշխարհագրությունը և գիտակցումը, որ գենոցիդը ոճրագործություն է, հանցագործություն բոլորի դեմ` մարդկության և մարդու կյանքի բնական իրավունքի դեմ:

Հայաստանը և հայությունը աշխարհին ներկայացավ այդ պայքարի առաջամարտիկ, Թուրքիան շարունակում է մնալ իր ժխտողականության դիրքերում . իր կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն ու նրա ղեկավարները հանդես են գալիս անզոր հոխորտանքով և գռեհիկ հակաքարոզչությամբ և շարունակում են հերքել ցեղասպանության փաստն ու մնալ կաղապարված, կարծրացած մտածողության կրողներ, նրանց շարունակում է առաջնորդել վախը և այն գիտակցությունը, որ սեփական ոճիրն ընդունելը թուլության նշան է: Աշխարհի տարբեր երկրներում թուրքերը ընդդեմ հայոց ցեղասպանության ճանաչման առաջադրում են «Մեզ միացրեք, ոչ թե բաժանեք» կամ «Եկեք խաղաղության մեջ ապրենք, նոր Կովկաս ստեղծենք» կարգախոսները: Ճիշտ կարգախոսներ են, մենք էլ ենք համաձայն փոխըմբռնման, մենք էլ դեմ ենք բաժանարար գծերի խորացմանը, բայց մենք, ինչպես և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, համարում ենք, որ այդ միասնականության հիմքում պետք է լինի իրականության ադեկվատ գնահատականն ու պատմական ճշմարտությունը, ոչ թե պատմության խեղաթյուրումն ու կեղծիքը:

Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզ բանաձևեց «Եթե չկա հիշողություն, նշանակում է` չարը մինչև այժմ բաց է պահում վերքերը: Թաքցնել կամ հերքել չարը նշանակում է` վերքը բաց թողնել, որ արնահոսի առանց դարմանումի» : Մենք այդ իրավունքը չունենք: Այո, մենք դեմ ենք բաժանարար գծերին ու ուզում ենք , որ ցեղասպանությունը բաժանարար գիծ չդառնա Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջև: Մենք չէ, որ փակել ենք սահմանը: Մենք չէ, որ օրեցօր նոր խուսափողական կարգախոսներ ենք հորինում կամ ,,հաթաթաներ,, տալիս:

Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անունից շնորհակալական նամակ ենք հղել Լյուքսեմբուրգի մեր գործընկերներին և, օգտագործելով առիթը, ևս մեկ անգամ, հայ ազգի անունից, ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունման համար: Վստահ եմ, որ այս քայլով Լյուքսեմբուրգի խորհրդարանը մեծապես աջակցեց մարդկության դեմ հետագա ոճրագործությունների ու ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև, քայլ արեց համախմբելու քաղաքակիրթ աշխարհը` այս համընդհանուր նպատակի շուրջ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031