Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԻՆ ՄՏՔԵՐ

Մայիս 08,2015 10:18

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունյոթերորդ

ՀԵՏԻՆ ՄՏՔԵՐ

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը  քսան տարուց ավելի Մայր Հայրենիքում բնակվելով՝ դեռեւս կլիմայափոխության չի ենթարկվել, էդ ամենեւին չի նշանակում թե՝  նախագահի նստավայրում էլ կլիմայափոխության չի ենթարկվի, չնայած, այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանից ամեն ինչ է սպասելի՝ նախագահ դառնալուց բացի, եւ խոսքս էս անգամվա ընտրությունների մասին է, որովհետեւ էս անգամ Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանն ու բոլորս մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որ Սերժ Սարգսյանը եւս մի անգամ նախագահ դառնա, եւ նույնիսկ Րաֆֆին, Բագրատյանը, Պարույրն ու նախագահի մյուս թեկնածուներն են իրենցից կախված ամեն ինչ անում, որպեսզի գործող նախագահը փետրվարի տասնութին  եւս մի անգամ նախագահ դառնա, եւ չնայած Րաֆֆին մարզերում շրջելով եւ բնակչությանը մեկ առ մեկ ձեռքով բարեւելով՝ հայտարարում է, որ ինքն է հաղթելու, եւ չնայած Բագրատյանն ու Հայրիկյանն էլ են հայտարարում թե՝ իրենք են հաղթելու, եւ չնայած էպոսագետը հայտարարում է, որ եթե ինքը միանգամից չհաղթի, վատագույն դեպքում երկրորդ փուլով է հաղթելու, այդուհանդերձ, իրենց էս լավատեսական հայտարարություններին ոչ միայն մենք, այլեւ, ըստ ամենայնի, իրենք էլ չեն հավատում, եւ եթե նույնիսկ հավատում են՝ ավելի վատ իրենց համար, եւ ավելի վատ՝ մեզ համար, որովհետեւ եթե էպոսագետի էդ հայտարարությունը խելքին մոտիկ լիներ, եւ եթե նախընտրական էս մառազմը երկրորդ փուլով շարունակվեր, մենք էս տարվա էս խստաշունչ ձմեռվա մնացորդն ավելի թեթեւ ու աննկատ կտանեինք, բայց, ցավոք սրտի, մենք մեր էս թեկնածուների լավատեսությունը չունենք, որ էդ տեսակ հույսեր փայփայենք, եւ էդ տեսակ հույսեր փայփայելու համար պիտի քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինես, կամ էլ՝ պիտի ինքդ քեզ խաբելու ցանկություն եւ, որ ամենակարեւորն է, շնորհք ունենաս, որովհետեւ գործող նախագահի վերընտրվելը ոչ միայն առաջին նախագահն է հասկացել,  այլեւ՝ երկրորդը, որը մի քանի օր առաջ հարցազրույց տվեց եւ ի լուր աշխարհի հայտարարեց, որ էս ընտություններին ինքն իր թեկնածությունը չի առաջադրել, որովհետեւ ղարաբաղցի լինելով՝ չի ցանկացել մեկ այլ ղարաբաղցու  դեմ պայքարել, եւ արդեն բոլոր թերթերն ու կայքերը Քոչարյանի էդ արտահայտությունն են վերլուծում ու քննության առնում՝ չզլանալով նշել ու շեշտել, որ ահա երկրորդն ինքն է սեպ խրում ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ, մինչդեռ ձեր խոնարհ ծառան երկրորդի էդ հայտարարության առթիվ միանգամայն այլ կարծիք ունի, եւ էդ կարծիքը հետեւյալն է. իր էդ հայտարարությամբ, ըստ ամենայնի, երկրորդը ցանկացել է նշել ու շեշտել երրորդի ղարաբաղցի լինելը, որովհետեւ համոզված է, որ էս պահի դրությամբ որոշ ընտրողներ ղարաբաղցիների վերաբերյալ առանձնապես լավ կարծիքի չեն, եւ քանի որ ընտրողներից ոմանք էն կարծիքին են, որ երրորդը  ոչ թե ղարաբաղցի է, այլ՝ գորիսցի, երկրորդն իր էս հայտարարությամբ ուզում է հասկացնել նաեւ, որ երրորդը ոչ թե գորիսցի է, այլ՝ զտարյուն ղարաբաղցի, եւ էս վերսիան անձամբ իմն է, եւ չնայած երկրուրդի էդ հայտարարությունը մամուլում ու ամենուր մեկնաբանվում ու քննության է ենթարկվում, դեռեւս որեւէ մեկն էդ հայտարարությունն իմ էս տեսանկյունից չի քննել ու մեկնաբանել, եւ սա ընդամենը վկայում է, որ ես մարդկանց մասին ավելի վատ եմ մտածում, քան՝ ուրիշները, եւ դրա պատճառն այն չէ, որ ես երկրորդին ավելի չեմ սիրում, քան՝ ուրիշները, այլ այն, որ ես ուրիշներից ավելի լավ եմ կարդում մարդկանց հետին մտքերը, եւ հենց էսպիսի դեպքերում է Սադոյան Արշակն ասում՝ «կաժդիյ դումայետ պո սվոյեյ իսպորչեննոստի», եւ էդպիսի դեպքերում ու Արշակի էդ խոսքի վրա ամեն անգամ Օրթախն Արշակին հարցնում է՝ «դրա համար էի՞ր մազութի հաշվով մարդկանց վրա շառեր անում», եւ չեմ ասում՝ Օրթախի խոսքի վրա Արշակն ինչ է ասում, որովհետեւ եթե Արշակի ասածն էլ ասեմ, իրենց էդ խոսակցությունը վերջ չի ունենա՝ ինչպես որ իրականության մեջ վերջ չունի, եւ չնայած իրենց էդ հավերժական վեճերը ձեզնից ոմանց էլ կարող է հետաքրքրեն, այնուամենայնիվ, իրենց էդ հավերժական վեճերի սղագրությունը մի ավելի հարմար պահի հետաձգելով՝ պիտի վերադառնամ Հովհաննես Մելքոնյանին, ավելի ճիշտ՝ Պարկետչիկ Հրաչին ու Չուգունին,  իսկ ավելի ստույգ՝ նախ Հավատացյալ Խորենին ու Պարկետչիկ Վարդգեսին պիտի վերադառնամ, իրենց առիթով նաեւ մեր քաղաքի մուրացկաններին պիտի անդրադառնամ, եւ չնայած Պարկետչիկ Վարդգեսին երբեւէ չեմ տեսել, Հավատացյալի ասելով գիտեմ, որ Պարկետչիկ Վարդգեսն իր արհեստի ամենափողոտ շրջանում իր վաստակի զգալի մասը մուրացկաններին էր սփռում, եւ, Հավատացյալ Խորենի ասելով, իր արհեստի ամենաարդյունավետ ու ամենափողոտ շրջանում, երբ Վարդգեսը մուրացկան էր տեսնում, ուրախությունից աչքերը շողշողում էին, եւ, դարձյալ  Հավատացյալ Խորենի ասելով, Պարկետչիկ Վարդգեսը ոչ թե մյուս մահկանացուներիս պես մուրացկաններին մի ինչ-որ չնչին կոպեկ էր շպրտում, այլ՝ իր աշխատածի ու վաստակածի մի զգալի մասը, եւ չնայած ինքը՝ Հավատացյալ Խորենն էլ էր մուրացկանների հանդեպ չափազանց շռայլ, այդուհանդերձ, Հավատացյալը  մուրացկանների  հանդեպ բացառիկ շռայլության առումով Վարդգեսին բոլորից առանձնացնում էր, եւ ուզում եմ հիշելով իմ կողմից ավելացնել, որ Հովհաննես  Մելքոնյանի սատարած բանաստեղծ Պարկետչիկ Հրաչն էլ էր մուրացկանների նկատմամբ չափազանց շռայլ ու չափազանց զգայուն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031