Լայն հանրությանն ավելի շատ «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից հայտնի երգչուհի Եվա Եգանյանը նոր տեսահոլովակ է նկարել:
Aravot.am-ի հետ զրույցում, Եվան պատմեց, որ տեսահոլովակը նկարահանվել է «Երկիր իմ սուրբ» երգի հիման վրա, որի բառերի հեղինակը ամերիկահայ բանաստեղծ Կայլակն է, երաժշտությունն ինքն է գրել, ռեժիսորը Մարթին Քալուսն է, գործիքավորողը՝ Խաչիկ Սահակյանը:
Եվա Եգանյանի մեկնաբանմամբ, տեսահոլովակի հայրենիքի հանդեպ Սփյուռքի կարոտի մասին է: Կայլակն առաջարկել էր բանաստեղծություն, որից կարոտ էր հորդում, իսկ ինքը մի քանի օր անց գրել է երաժշտությունը: Ավելի ուշ հղացել է տեսահոլովակ նկարահանելու գաղափարը:
Մասնագիտությամբ կոմպոզիտոր Եվա Եգանյանը խոստովանում է, որ սա հայրենասիրական թեմայով երգ գրելու իր առաջին փորձն է, մինչ այդ գրել է գործիքային ստեղծագործություններ ու երգեր, բայց ո՛չ հայրենասիրական թեմաներով: Այժմ հպարտ է, որ գեղեցիկ երգ է ծնվել ու որակյալ տեսահոլովակ, որտեղ նաեւ բանաստեղծ Կայլակն է նկարվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Եվա Եգանյանի ֆեյսբուքյան էջից: