Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ազատ արձակեցին Հիմնադիր խորհրդարանի անդամներին

Մայիս 08,2015 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը եւ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Արամ Աբրահամյան.– Այն, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն ազատ են արձակվել, արդյոք նշանակո՞ւմ է, որ իշխանությունը այլեւս նրանցից չի վախենում:

Կարո Եղնուկյան.- Այդպես չէի ասի: Այդ վախը Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ արդեն ամիսներ շարունակ է, որ կա: Կալանավորումը կուլմինացիան էր, վերջին արարքն էր, բայց դա սկսվեց դեռ Բերձորից առաջ, երբ մեքենաները հրկիզեցին, Գեւորգ Սաֆարյանի վրա հարձակում կատարվեց, որը կարելի է բնութագրել մահափորձ, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե բութ գործիքով գլխին հարվածելու հետեւանքը ինչ կլինի: Քրեական գործ չբացվեց՝ որպես մահափորձ: Ինչպես գիտեք, նաեւ եղավ Գյումրիում դանակահարություն, որը նորից մահափորձ է, ու նորից այդպես չբնութագրվեց: Ազատ արձակելն ավելի շատ նրա հետեւանքն էր, որ մենք աչալուրջ հետեւել էինք այդ գործին, դիմել էինք տարբեր ատյաններ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Այն, որ Human rights watch-ը հայտարարություն արեց, դա մեր գործողությունների հետեւանքն էր:

Ա. Ա.- Թե չէ կպահեի՞ն:

Կ. Ե.- Ես կարծում եմ՝ դեռ կպահեին, որովհետեւ քննչականն այն ժամանակ բուռն գործի էր անցել, 28 քննիչ գործի էր անցել, եւ Հիմնադիր խորհրդարանի բազմաթիվ անդամներ, նաեւ աջակիցներ եւ կողմնակի մարդիկ հրավիրվում էին քննչական: Ամեն մեկի հետ վատնում էին 4 ժամ, հարցաքննում էին, նրանք փորձում էին զանգվածային անկարգությունների եւ քաղաքացիական անհնազանդության միջեւ դնել հավասարության նշան, որը իրավաբանորեն սխալ է:

Ա. Ա. Ձեր մեկնաբանությունը՝ ինչո՞ւ ազատ արձակեցին:

Արմեն Աղայան.- Ազատ արձակելու պատճառների մասին գուշակություններ ես չեմ կարող անել: Ակնհայտ է, որ գործը անհեթեթություն էր քրեական իմաստով, եւ հավանականությունը մեծ էր, որ այն պետք էր կիսատ թողնել, որպեսզի չհասնի Եվրադատարան: Թե երբ կիսատ կթողնեին՝ դա արդեն ժամկետի ընտրության հարց էր: Վախենո՞ւմ էին, թե՞ չէ Հիմնադիր խորհրդարանից կամ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումից, կարծում եմ՝ ե՛ւ վախենում են, ե՛ւ չէ: Այսինքն՝ չեն վախենում, որ եթե Հիմնադիր խորհրդարանի անդամները դրսում լինեին, ապա անմիջապես հեղափոխություն կանեին: Բայց, իհարկե, վախենում էին, որ ապրիլի 24-ին կարող է մի բան լիներ, որը կխաթարեր իրենց շոուն, որովհետեւ իշխանությունները նույնպես ապրիլի 24-ը շահագործում էին այլեւայլ նպատակներով: Էլի բազմաթիվ այլ հանգամանքներ կան, հավանաբար, կասկածում էին, որ նախապատրաստվում է ինչ-որ մի ստվերային բան, ընդհատակյա մի բան: Դրա համար, հավանաբար, հավաքեցին այդ 28 քննիչներին, բայց երեւի չգտան բաներ, եւ արդեն իմաստ չուներ նրանց պահելը: Մայիսի 9-ն էլ կարող էր խնդրահարույց լինել, որովհետեւ Ժիրայրի անունը կապվում է ինչ-որ ձեւով քարոզչական հարթության մեջ այդ ամսաթվի հետ, եւ չարժեր, որ այդ օրը աղմուկ լիներ:

Ա. Ա.– Օգտատեր Հովիկ Աֆյանն է հարցնում. չե՞ք կարծում, որ Սեֆիլյանի եւ ընկերների ազատ արձակման պաշտոնական հիմնավորումները ավելի ծիծաղելի են, քան կալանավորման հիմնավորումները:

Կ. Ե.- Դատախազը հայտարարեց, որ գործը շարունակվում է, քրեական գործը չի կարճվում, որովհետեւ մեղադրանքները, իր ասելով, հիմնավորված են, եւ իրենք, այսպես ասած, շարունակում են հետաքննությունը: Կարող ենք հասկանալ, որ շուտով իրենք պիտի դատարան դիմեն: Իրենց բացատրությունն այն է, որ վտանգը, որը կար, անցավ, հետեւաբար իրենք արդեն բերդում լինելով վտանգ չեն ներկայացնում: Դա իսկապես ծիծաղելի է, որովհետեւ մինչ այդ էլ չկար որեւիցե մի բան, որից իրենք կարող էին կառչել:

Քննարկումն ամբողջությամբ


Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031