ԼՂՀ-ի՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը ադրբեջանցի պաշտոնյաներին խուճապի մեջ է գցել
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդար, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը, որի մասին վկայում են բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ, հավանաբար ծանր ազդեցություն է թողել ադրբեջանական իշխանական օղակների վրա: Դրա վկայությունն է այն, որ ադրբեջանական իշխանական էլիտան արդեն մեղադրանքներ է տեղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին: Մասնավորապես, Ադրբեջանի փախստականների եւ բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները անցած 20 տարիներին ձախողել են լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես չեմ դադարի քննադատել Մինսկի խմբի համանախագահ երկրներին այնքան ժամանակ, մինչեւ մեր տարածքների բռնազավթումն ավարտվի, եւ ես վերադառնամ իմ հայրենիք: Ինչո՞ւ չխոսենք այդ մասին»: Նա նաեւ Ադրբեջանի՝ արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած անհաջողություններն է փորձել բարդել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի վրա՝ հավաստիացնելով, թե իբր համանախագահ երկրներն Ադրբեջանի համար խնդիրներ են «հրահրում», իբր այդ երկրների պաշտոնյաները ձգտում են կանխել երեք մուսուլման երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի մերձեցումը տարածաշրջանում:
«Առավոտը» ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս հայտարարությունները կապվա՞ծ են ԼՂՀ-ում մայիսի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ միջազգային հանրության հիմնականում դրական արձագանքի հետ: Պարոն Պողոսյանը նկատեց. «Միգուցե եւ անձնական նեղվածություն կա, որ ԼՂՀ-ն կարողանում է ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, իսկ ինքն ապրում է բռնատիրական երկրում: Մարդկային առումով հասկանում եմ Ալի Հասանովին, որ այդ փաստից կարելի է նեղվել, բայց մյուս կողմից՝ ընտրությունն իրենն է»: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համանախագահներին մեղադրելու փոխարեն՝ Թեւան Պողոսյանը Ալի Հասանովին խորհուրդ է տալիս իր ընկալումներում նախ պատկերացնել՝ ինչ է հակամարտությունը, ովքեր են պատասխանատու, հետո հասկանալ՝ ում դիմել եւ ինչի համար: Այնուհետեւ վստահեցնում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն այն պարագայում, երբ բանակցությունների սեղանին նստած լինեն ԼՂՀ, ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. «Ալի Հասանովին խորհուրդ կտամ մեկ անգամ եւս դիմել իր սեփական իշխանություններին, որ ոչ թե զենքով փորձեն գալ հարցեր լուծելու, այլ բանակցելով: Համանախագահ երկրները շատ անգամներ հայտարարել են, որ հակամարտությունը ոչ թե իրենք են լուծելու, այլ հակամարտող կողմերը, իրենք միայն կարող են օգնել»:
Մեր այն դիտարկմանը՝ եթե ադրբեջանական իշխանական օղակներում նման մտայնություն է տիրում, ապա արդյոք իրատեսակա՞ն է լուրջ առաջընթաց սպասել Ալիեւ-Սարգսյան հանդիպումից, որը նախնական պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է սեպտեմբերին, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Նորից եմ կրկնում՝ առաջընթաց պատկերացնել կարող ենք, եթե սեղանի շուրջ նստած լինեն Ադրբեջանի, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները: Իսկ բանակցելը հաստատ ավելի լավ է, քանի պատերազմելը, թող ամեն օր էլ հանդիպեն, բանակցեն»:
Կարդացեք նաև
Ալի Հասանովի հայտարարությունները Մինսկի խմբի համանախագահների «հրահրումների» մասին տարօրինակ են թվում հայ պատգամավորին. նրա կարծիքով՝ Հասանովն իր բողոքների համար ճիշտ հասցեատերեր չի ընտրել: Անդրադառնալով Ադրբեջան-Իրան «ձգված» հարաբերություններին՝ պարոն Պողոսյանը նշեց. «Այն, որ Ադրբեջանն ու Իրանը ձգված հարաբերություններ ունեն, իրենց ներքին խնդիրն է: Բայց ես երբեւէ չեմ լսել, որ ամերիկացի կամ ֆրանսիացի համանախագահները այդ հարաբերություններին խոչընդոտեն կամ խառնվեն»: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ դրանք Ադրբեջանի խնդիրներն են, եւ դրանցում միայն ինքն է մեղավոր. «Եթե իրենք խնդիրներ ունեն, որ չեն կարողանում լուծել, դա իրենց խնդիրն է: Բոլոր նշված երկրները աշխարհով մեկ առաջնորդվում են սեփական շահերով: Եթե Ադրբեջանի ցանկությունները չեն խաչվում ՌԴ-ի, Իրանի կամ Ֆրանսիայի շահերի հետ, ապա իրենք պետք է կարգավորեն իրենց արտաքին քաղաքականությունը»: Ուստի Թեւան Պողոսյանը խորհուրդ է տալիս մեղադրանքներ տեղացող Ալի Հասանովին այս խնդիրներով դիմել ոչ թե համանախագահներին, այլ հենց իր կառավարությանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015