Այս մասին փաստում է ՎԶԵԲ-Համաշխարհային բանկ Գործարար միջավայրի
եւ ձեռնարկությունների գործունեության հետազոտությունը:
2008 թվականին Հայաստանի բիզնես-միջավայրում գործող ընկերությունների 30 տոկոսն է նշել, որ ֆինանսների հասանելիությունը խնդիր չի հարուցում բիզնես-գործունեության ընթացքում, մինչդեռ 5 տարի անց, երբ արդեն մեր երկրում բիզնեսին աջակցող արտոնյալ պայմաններով վարկեր էին տրամադրվում, գործարարների ընդամենը 3 տոկոսն է նշել, որ ֆինանսների հասանելիությունը խնդիր չէ: Այս մասին տեղեկանում ենք Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հրապարակած գործարար միջավայրի պատկերի հետազոտությունից:
Զեկույցի հեղինակները դիտարկել են Հայաստանի, Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները եւ մի շարք ուշագրավ բացահայտումներ արել:
Կովկասում պատկերը հետեւյալն է. 2008-ին այս խնդիրը բարձրացրել է գործարարների 33 տոկոսը, 2013-ին ավելի քիչ գործարարներ են նշել, որ ֆինանսների խնդիր են ունեցել: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում նույնպես վիճակն այս առումով բարելավվել է:
Փոխարենը Հայաստանի գործարար միջավայրում 2008-ի համեմատությամբ բարձրացել է վարկով հումք ձեռք բերող ձեռնարկատերերի տոկոսը՝ 41-ից 2013-ին հասնելով 45-ի, Կովկասում մեկ տոկոսով նվազել է այն գործարարների թիվը, որոնք հումքը գնել են վարկով:
2008-ին մեր երկրի գործարարների 6 տոկոսն է վարկի համար չդիմելու հիմնական պատճառ նշել ընթացակարգերի բարդ լինելը, հինգ տարի անց ձեռներեցների 18 տոկոսն է դժգոհել, որ վարկ վերցնելու ընթացակարգը շատ բարդ է: Թե՛ 2008 թվականին եւ թե՛ 2013-ին գործարարների 13 տոկոսը նշել է, որ բիզնես վարկերի տոկոսադրույքները նպաստավոր չեն:
Կարդացեք նաև
Չնայած վերջին տարիներին դատական համակարգում կատարված բարեփոխումներին՝ այդուհանդերձ, դատարանների հետ գործ ունեցած գործարարները անգամ հինգ տարվա տարբերությամբ իրենց կարծիքը չեն փոխել. եթե 2008-ին գործարարների 35 տոկոսն է նշել, որ դատարանն անկողմնակալ ու արդար որոշում է կայացրել, ապա 2013-ին կրկին նրանց 35 տոկոսն է այս կարծիքին:
Տոկոսների էական տարբերություն արձանագրվել է Կովկասում. գործարարների 60 տոկոսն է նշել, որ դատարաններն արդար են, անկողմնակալ եւ ոչ կոռումպացված, ինչը 16 տոկոսով ավելի է 2008-ի ցուցանիշից:
Հայաստանում դրական ցուցանիշ է արձանագրվել էլեկտրամատակարարման հարցում. եթե 2008-ին գործարարների 41 տոկոսն է փաստել, որ էլեկտրամատակարարումը խնդիր չի հարուցում բիզնես-գործունեության ընթացքում, ապա 2013-ին արդեն գործարարների 80 տոկոսն է այդ կարծիքին:
Հեռահաղորդակցության հարցում նույնպես 5 տարիների ընթացքում գործարարները դրական տեղաշարժ են զգացել: 2013-ին գործարարների 79 տոկոսը չի դժգոհել հեռահաղորդակցությունից, դրանից 5 տարի առաջ 39 տոկոս ձեռնարկատերեր էին, որ գոհ էին:
Տոկոսների էական փոփոխություն չի եղել տրանսպորտի ոլորտում. 2008-ին գործարարների 41 տոկոսն է նշել, որ իրենց գործունեության ընթացքում տրանսպորտը խնդիր չի հարուցում, 2013-ին՝ 65 տոկոսը:
Զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանում 2008-ին ավելի շատ են մշակվել նոր ապրանք կամ ծառայություն, քան 2013-ին: 2008 թվականին ընկերությունների 63 տոկոսն է նորարարություններ ունեցել, հինգ տարի անց՝ ընդամենը 13 տոկոսը:
Շինթույլտվություն ստանալու համար 2008-ին գործարարների 15 տոկոսն է դիմել, հինգ տարի անց՝ 9 տոկոսը: Ի դեպ, Հայաստանում 2013-ին ավելի մեծ թվով գործարարներ են նշել, որ շինթույլտվություն ստանալու համար իրենցից կաշառք են ուզել, քան 2008-ին:
Հարկային ստուգումներ անցկացնելու մասով նշյալ տարեթվերի միջեւ էական տարբերություն գործարարները չեն նկատել. 2008-ին ձեռնարկատերերի 79 տոկոսն է նշել, որ իրենց մոտ հարկայինը ստուգումներ է անցկացնում, հինգ տարի անց՝ 77 տոկոսը: Խոսքը պետական հատվածի եւ բիզնեսի միջեւ շփումների մասին է:
Դրական ցուցանիշ է նկատվել հարկայինի կողմից կաշառք վերցնելու առումով. եթե 2008-ին գործարարների 12 տոկոսն է փաստել, որ հարկայինը ոչ պաշտոնական վճարումներ է ակնկալել, ապա 2013-ին 4 տոկոս գործարարներ են այդ խնդրի մասին հայտնել:
2005-2013 թվականներին կատարված հետազոտությունների արդյունքներն էլ պարզել են, որ 2005-ին ավելի շատ թվով գործարարներ են նշել, որ «մաղարիչները», նվերները դեր չեն խաղացել առավելություն ձեռք բերելու համար, իսկ ահա 2013-ին 13 տոկոսով նվազել է այդ կարծիքը:
Այս առումով թե՛ 2005-ին եւ թե՛ 2013-ին Կովկասում ու Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում գործարարների 79 տոկոսը նշել է, որ առավելություն ձեռք բերելու համար մաղարիչներն ու նվերները դեր չեն խաղացել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015