Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» «խոսել» է աշխարհում ստեղծված ցեղասպանության մասին ֆիլմերով

Մայիս 08,2015 14:00

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը ողջ տարվա ընթացքում Ցեղասպանության միջոցառումների պետական հանձնաժողովի կողմից հաստատված հատուկ ծրագրի իրականացմանն է ձեռնամուխ եղել՝ աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության ֆիլմերի ցուցադրություն՝ տարբեր մայրաքաղաքներում եւ քաղաքներում: Ընդ որում՝ ծրագրում ոչ միայն հայ եւ հայաստանցի, այլեւ օտարազգի ռեժիսորների նկարած ֆիլմեր են:
«Առավոտի» հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն եւ ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պատմեց, որ Բեռլինում շուրջ 1,5 ամիս 20 ֆիլմ է ցուցադրվել: Եվ Բելառուսում, եւ Բեռլինում ֆիլմերի ցուցադրությունները ուղեկցվել են հարցուպատասխանով, քննարկումներով, Բելառուսի գլխավոր ռադիոկայանը մեծ ծրագիր է արել Ցեղասպանության մասին, իսկ Լեւոն Սարգսյանը երկու դասախոսություն կարդացել այդ երկրներում:

Ծրագրի շրջանակներում Բեռլինում ցուցադրվել են ներկայացումներ, կայացել համերգներ՝ հայ երգիչների մասնակցությամբ, այդ թվում՝ Արթո Թունչբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի համերգը, իսկ Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնը բեմադրել է «Մուսա լեռան 40 օրը»: Միջոցառումներին, ի թիվս այլոց, մասնակցել են Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Նիկոլ Պեզճյանը, Կառլա Կարապետյանը: Հարություն Խաչատրյանն ասում է, որ արվեստի միջոցով են խոսել Հայոց ցեղասպանության մասին: Ըստ կինոռեժիսորի, բոլոր երկրներում ֆինանսավորման մեծ մասը եղել է գործընկեր կազմակերպությունների կողմից, օրինակ՝ Բեռլինում համագործակցել են մի հիմնադրամի եւ Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ: Հետաքրքիրն այն է, որ վերջինիս տնօրեն Շերմին Լանգհոֆը ծագումով թուրք է: Մեր զրուցակցի հավաստմամբ, թատրոնի տնօրենը Թուրքիայից հրավիրել էր թուրքերի, որոնք հայանպաստ գործունեություն են ծավալում: «Ոսկե ծիրանը» ցեղասպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություններ է իրականացրել նաեւ Բուլղարիայում՝ Սոֆիայի փառատոնում, ապա Վառնայում, Պլովդիվում՝ հայկական ընկերությունների եւ եկեղեցու աջակցությամբ: Հետաքրքիր են անցել ցուցադրությունները Փարիզում, ներկայացվել է 20-ից ավելի ֆիլմ, մասնակցել են կինոգետ Դավիթ Մուրադյանը՝ ֆիլմերը ներկայացնելու համար եւ «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ռեժիսոր Արա Երնջակյանը:
Մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված եւս մեկ երեկո կանցկացվի Փարիզում, որին ներկա կլինեն տարբեր ոլորտների գործիչներ, գրողներ, դիվանագետներ:

Տպավորիչ են եղել Լիտվայում եւ Թուրքիայում անցկացված ծրագրերը: Ընդհանրապես «Ոսկե ծիրանը» իրականացրել է ցեղասպանության թեմայով ֆիլմերի՝ համապատասխան լեզուներով ենթագրերը, ֆիլմերը բազմացրել եւ ուղարկել դեսպանատներին, որպեսզի երեկոներ արվեն՝ Ճապոնիայից մինչեւ Մեքսիկա: Առաջիկայում մի ծրագիր էլ Մոսկվայի փառատոնի շրջանակներում է նախատեսվում, Շվեյցարիայում իրականացվածն էլ պակաս հետաքրքիր չի եղել:

«Այլեւս երբեք» ծրագրի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը «Առավոտին» պատմեց, որ ծրագիրը սկսել են հենց Բելառուսից, քանի որ այս երկիրն առաջինն էր արձագանքել, իսկ տեղի գործընկեր կազմակերպությունը «Անիվ» հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնն էր ու բնականաբար՝ Բելառուսում ՀՀ դեսպանությունը: Այս տարվա փետրվարին մեկնարկը տրվել է Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետից, ապա երեք օր շարունակ կրկնակի սեանսներով շուրջ 10 ֆիլմ է ցուցադրվել: Րաֆֆի Մովսիսյանի խոսքով, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմվել է ցեղասպանությանն անդրադարձած ֆիլմերի ցանկը, ապա գեղարվեստական խորհուրդը ընտրել է գեղարվեստական առումով եւ պատմական արժանահավատության իմաստով արժեքավոր ֆիլմերը: «Ֆիլմերի ցուցադրության հարցում հաշվի ենք առնում նաեւ տվյալ երկրի մասնակցությունը, եթե որեւէ երկրի հայտնի դերասան նկարվել է այդ ֆիլմում կամ, ասենք, այդ երկրի մշակույթի նախարարությունն ինչ-որ ձեւով աջակցել է, փորձում ենք տեղայնացնել այդ ամենը: Բավականին լավ անցավ ծրագիրը: Մեկնարկի համար մենք ուզում էինք հասկանալ, որ ծրագիրը չի կազմակերպվում միայն սփյուռքահայերի կամ զուտ հայերի համար, մեր թիրախը ավելի լայն լսարանն է: Իմիջիայլոց, Բելառուսում շնորհիվ մեր դեսպանության ու «Անիվի» հրաշալի աշխատանքի, 7 դեսպան է եկել ծրագրի բացմանը, չհաշված այլ դեսպանությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Գերմանիային, այնտեղ ամենամեծ կինոծրագիրը իրականացրինք: Սկսած Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմից, ցուցադրվեցին նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատը», Կարին Հովհաննիսյանի «1915»-ը ու էլի շատ ֆիլմեր: Ծրագիրը ոգեկոչող բան ուներ իր մեջ, ու ավելի շատ մեր լսարանը օտարազգիներ էին: Սա այն դեպքը չէր, որ զուտ հայկական կինոն ու մշակույթը ներկայացնենք, մեր ուղերձն ավելի շատ քաղաքական էր՝ Հայոց ցեղասպանությունը»,- հայտնեց Րաֆֆի Մովսիսյանը:

Նրա ձեւակերպմամբ, «Ոսկե ծիրանի» կարեւոր ձեռքբերումներից մեկն իր կապերն են, «Ոսկե ծիրանը» հնարավորություն ունի իր կապերի հաշվին աշխարհի մեծագույն կլինոփառատոների շրջանակներում ներկայացնել քաղաքական ենթատեքստ ունեցող ֆիլմեր, ու կարեւոր է այն հանգամանքը, որ կան երկրներ, որոնք պաշտոնապես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն իրենց երկրների խոշոր կինոփառատոները համագործակցում են մեզ հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ներկայացնելով Լիտվայի ծրագիրը, ասաց, որ այն «Կինո պավասարիս»՝ միջազգային փառատոնի շրջանակում էր, հայկական կողմի առաջարկությամբ հատուկ ծրագրում 4 ֆիլմ էր ներկայացված՝ Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսումը», Արա Երնջակյանի «Խավարումը», Էրիկ Նազարյանի «Բոլիսը» եւ Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին»: Լիտվայում ծրագրի բացմանը ներկա է եղել մեր դեսպանը՝ Արա Այվազյանը, Լիտվայի սեյմի պատգամավոր Ալգիս Կաշետան: Բավականին աջակցել են տեղացի հայ ռեժիսոր Մարատ Սարգսյանը եւ փառատոնի տնօրինուհին՝ Վիդա Ռամաշկիենեն: «Մենք ներկայացրինք ֆիլմերը ցուցադրությունից առաջ, դեսպանն ու տնօրինուհին ապահովեցին քաղաքական ուղերձը, մամուլը լավ անդրադարձավ այս ամենին: Բնականաբար, ցուցադրված ֆիլմերը լիտվական ենթագրերով էին»,- հավելեց տիկին Հարությունյանը:
Խոսելով փարիզյան ծրագրից, Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այն բացվել է մարտի 6-ին Փարաջանովի «Նռան գույնով»՝ իսկ գործընկերն է «Եվրոպա ֆիլմ ակտ» փառատոնը: Վերջինիս տնօրինությունը պատրաստակամությամբ է ստանձնել Ցեղասպանության թեմայով հատուկ ծրագիրը՝ փառատոնի շրջանակներում: Ցուցադրվել են Բագրատ Հովհաննիսյանի, Հենրիկ Մալյանի, Հարություն Խաչատրյանի, Սյուզան Խարդալյանի ֆիլմերը: Ցուցադրություններին, ինչպես միշտ, հետեւել են քննարկումներն ու հարցուպատասխանները: «Ոսկե ծիրանը» Ստամբուլի միջազգային փառատոնի շրջանակներում երկու կարեւոր միջոցառում է ունեցել: Շեշտադրումը այն ֆիլմերի վրա էր, որոնք նկարվել են թուրքերի կողմից, մասնավորապես խոսքը վերաբերում է Հաջի Օրմանի աղմկահարույց «Հոմոպոլիտիկուսին»: Այդ ֆիլմը ստեղծվել է «Ոսկե ծիրանի» հայ-թուրքական պլատֆորմի շրջանակներում: Այն ներկայացնում է Էնվեր փաշայի ու Լեփսիուսի երկխոսությունը, իսկ մյուսը Աննա Բենջիամինի եւ Գիյոմ Կլերի՝ հայկական արմատները բացահայտած հերոսների մասին ֆիլմ է: Ի դեպ, դրանք փառատոնի «100 տարվա ցավը» ծրագրում էին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031